Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՊԱ-ն ինչի՞ համար է, որ մարդիկ իրար փողոցում քիչ ջարդեն ու «ջան» ասե՞ն, թե ավելի խորը խնդիր կա»․ Բաբկեն Պիպոյան

Փետրվար 14,2022 18:55

«Փիլիսոփայական հարց եմ տալիս։ ԱՊՊԱ-ն ինչի՞ համար ներդրեցինք, ի՞նչ խնդիր էր այն լուծում․ աշխատատեղե՞ր, որպեսզի ապահովագրական ընկերությունները չփակվեն, թե երթեւեկության անվտանգություն, վարորդների իրավունքներ»,-խորհրդարանում այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ բազային ապահովագրավճարի չափի ավելացման վերաբերյալ քննարկման ժամանակ ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանին հարցրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

Նա նաեւ հարցրեց․ «Ասում եք, որ մարդիկ շատ են սկսել օգտվել բոնուսային համակարգից։ Հիմա ուրա՞խ եք դրա համար, թե տխուր։ Մի՞թե վատ է, որ մարդիկ այդ բոնուսներից օգտվում են»։

Վաղինակ Եղիազարյանը պատասխան հարցադրում արեց․ «Պետք է փիլիսոփայորե՞ն պատասխանեմ․․․ԱՊՊԱ համակարգի ներդրման ակունքներում անձամբ չեմ եղել, բայց պատկերացնում եմ, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ մեզանում դա ռիսկերը ծածկելու մեխանիզմ է։ Ռիսկերը ենթակա են ապահովագրության։

Բաբկեն Պիպոյան-Երթեւեկության անվտանգության փոփոխություն, վարորդների պարտաճանաչություն ակնկալո՞ւմ եք, թե ԱՊՊԱ-ն ներդրվել է, որպեսզի ՀՀ բոլոր վարորդների համար պարտադիր վճար լինի, որպեսզի վթարից հետո մարդիկ իրար փողոցում քիչ ջարդեն, փաթաթվեն իրար, «ջան» ասեն ու սպասեն ԱՊՊԱ-ին։ Սա՞ է խնդիրը, թե ավելի խորը խնդիր կա։ Էլի եմ ասում՝ վա՞տ է, որ վարորդներն օգտվում են բոնուսներից։ Կարո՞ղ է չորս տարի հետո ուրիշ նպատակ որդեգրեք։ Ձեր ասած մոտեցումներն ընդհանուր նպատակի հետ աղերս չունեն։

Վաղինակ Եղիազարյան-Այո, ուզում ենք, որ բոնուսները շատ լինեն, բայց ոչ թե նրա համար, որ գումար շատ կա, այլ որովհետեւ կարգապահությունը պետք է բարձրանա։ Բոնուս ստացողների գումարը վճարում են մալուս ստացողները։ Եթե բոնուս ստացողները շատ ուրախ են լինում, մի քիչ տխրում են մալուս ստացողները․․․ակամա։

Բաբկեն Պիպոյան-Եթե բոնուս ստացող վարորդները շատ են, դա նշանակում է, որ մեր երկրում վթար չանողներն են շատ։ Եթե մի պահ պատկերացնեք, որ զրո վարորդ ունենք, բոլորը բոնուս պետք է ստանան։ Գուցե մի բան այն չէ՞, որ մենք չենք կարողանում այդ բոնուսներից ուրախանալ։

Վաղինակ Եղիազարյան-Դուք ո՞ր դեպքում կուրախանայիք բոնուսից։

Բաբկեն Պիպոյան-Արդեն ասացի։

Վաղինակ Եղիազարյան-Ես չհասկացա։

Բաբկեն Պիպոյան-Դրա համար հարցրի, թե ԱՊՊԱ-ի նպատակը որն է։

Վաղինակ Եղիազարյան-Որովհետեւ ճանապարհային երթեւեկությունը վթարավտանգ ոլորտ է, որում կան մեծ թվով քաղաքացիներ։ Որպեսզի վթարների հետեւանքով տուժողների շահերը պաշտպանվեն, ԱՊՊԱ-ն ներդրվել է։ Այո, ուրախ ենք, որ բոնուս ստացողների թիվը մեծ է, բայց եթե մալուս ստացողների քանակը նվազում է, դրա համար էլ ենք ուրախ, բայց որպեսզի հավասարակշռվի, մալուս ստացողների տոկոսային աճ ենք անում, իսկ բոնուս ստացողներին ձեռք չենք տալիս։ Չեմ ասում, թե մենք հիացած ենք մեր արածի վրա, բայց ամեն ինչ բացատրեցի։ Օբյեկտիվ պատճառներ կան, օրինակ՝ ճանապարհների բարեկարգում»։

Ավելի ուշ Բաբկեն Պիպոյանը ելույթի ընթացքում պարզաբանեց․ «Իզուր չհարցրի, թե որն է ԱՊՊԱ-ի նպատակը։ Ցավով արձանագրեմ՝ ասացիք, որ ակունքներում չեք եղել, բայց եթե կարդայիք, թե նպատակը որն է եղել, կիմանայիք, իսկ իրավիճակը հիմնաքարային նպատակից այսքան շեղված չէր լինի։ Ձեր կայացրած որոշումները դուրս են հիմնաքարային նպատակից, որովհետեւ ճանապարհային եւ երթեւեկության անվտանգությունն այսօր մղվել է երկրորդ պլան, փոխարենը եկել է նոր փիլիսոփայություն՝ ո՞նց անենք, որ համ գառները կենդանի լինեն, համ գայլերը՝ կուշտ։ Դուք մինչեւ այսօր թափանցիկ չեք եղել, ձեր ելույթը թափանցիկ չի, որովհետեւ բյուրոն հայտարարել է՝ հետայսու մալուսը հաշվարկվելու է նաեւ գնի փոփոխությունից ելնելով, բայց այդ մասին ոչ մի բացատրական բան չասացիք։ Եթե քննարկվեր օրինագիծ, որ վթարի հետեւանքով հարուստ մարդուն դատեին իննը տարով, իսկ աղքատին՝ երկու տարով, ի՞նչ արձագանք լիներ․․․վարորդի ռիսկայությունը ոչ թե որոշվում է վթարների քանակով, այլ բախտը բերելով։ Եթե գնաց խփեց «06»-ին, կդառնա ցածր ռսիկային վարորդ, իսկ եթե «Տեսլա»-ին, ապա՝ բարձր ռիսկային։ Մենք չունենք բնավորություն վերլուծելու, որ գուցե այսինչ բանը սխալ ենք արել։ Մենք ամենախելոքը չենք, եկեք հասարակությանն էլ լսենք։ Այս «ամենախելոքի հիվանդությունից» պետք է ձերբազատվել։ Բերել եք մի բան, որը թերություններով է, փաթաթել եք հասարակության վրա եւ մտածում եք, թե ինչ պետք է անեք։ Ընդունեք, որ շտապել եք եւ լավագույնս չեք աշխատել՝ հանրային աջակցություն ստանալու, մարդկանց կարծիքներ հավաքագրելու հարցում»։

Բաբկեն Պիպոյանի ելույթից հետո դահլիճում ծափեր հնչեցին։

Ապա պատասխանեց Վաղինակ Եղիազարյանը․ «Այնքան էլ ԱՊՊԱ համակարգը բացասական չի։ Տասը տարի գործել է։ Համակարգի մասին կարծիքներ տարբեր առիթներով ստացել եմ, շատ եմ լսել դժգոհություններ, բայց լսել եմ նաեւ ոչ դժգոհություններ։ Ընդհանուր առմամբ՝ գոհ լինելու տեղ հաստատ կա։ Թող ելույթը լսողների մոտ չստեղծվի տպավորություն, որ ԱՊՊԱ-ն միայն բացասական համակարգ է։ Տուժողների շահերը հնարավորինս պաշտպանված են՝ առկա թերություններով հանդերձ։ Տասը տարում շատ աշխատանք է արվել, որ չարաշահումներից զերծ մնանք։ ԱՊՊԱ-ի ոլորտի զարգացման գործընթացը երբեւէ տնօրենով չի պայմանավորված եւ չի էլ լինի։ Բյուրոն օրենքով է գործում եւ վերահսկվում խորհրդի կողմից։ Նպատակից շեղվելը դժվար է։ Բոլոր որոշումներում էլ կարող են խնդիրներ լինել, բայց որ տարբեր շերտերի կարծիքներն ենք հաշվի առել, դա միանշանակ է։ Սա մեկ մարդու որոշում չէ, բայց լայն քննարկվել է՝ ներգրավելով հանրության տարբեր շահառուների։ Իսկ որ ասում եք հարուստ, աղքատ․․․ավելի շատ վնաս հասցնելուց ավելի շատ պատիժ է հասնում, իսկ արագությունը շատ գերազանցելուց ավելի շատ տուգանք է հասնում։ Սա բոլոր բնագավառներում կա, հարուստի ու աղքատի հարց չէ, վնասի չափի մասին է խոսքը։ Ձեր ասածը մի քանի դեպքեր են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28