Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է տաքսիի գնով ԱՊՊԱ-ն վճարեմ, եթե մեքենան այլեւս վարելու եմ անձնական նպատակով»․ քաղաքացին՝ ԱՊՊԱ բյուրոյի ղեկավարին

Փետրվար 14,2022 17:43

«Տաքսի եմ վարել։ Ստացվել է այնպես, որ այդ մեքենան այլեւս անձնական օգտագործման համար պետք է վարեմ։ Հիմա ինչո՞ւ պետք է հաջորդիվ վճարեմ տաքսիի համար նախատեսված ԱՊՊԱ վճարը, եթե մեքենան օգտագործելու եմ անձնական նպատակով։ Տրամաբանությունը ո՞րն է»,- խորհրդարանում այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ բազային ապահովագրավճարի չափի ավելացման վերաբերյալ քննարկման ժամանակ դիմելով ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանին (լուսանկարում)՝ հարցրեց Արտուշ Մաթեւոսյանը։ Նա ներկայացավ որպես խնդրով մտահոգ քաղաքացի, որը չի ներկայացնում որեւէ կազմակերպություն։

Վաղինակ Եղիազարյանը նշեց․ «Անցումային շրջան է։ Եթե այդպես չլինի, ապահովագրական ընկերությունները պետք է շարունակեն հնարավորություն ունենալ այլեւս որպես տաքսի չշահագործվող մեքենաների դեպքում պարզել՝ տաքսի՞ է, թե՞ ոչ։ Խնդիրը շարունակվելու էր։ Հնարավոր չի մտածել մի համակարգ, որը բոլորի համար ընդունելի է։ Այո, կարող է իսկապես անձնական նպատակներով է մեքենան օգտագործում, բայց կա տարբերանշան, եւ դատարանը կարող է արձանագրել, որ տուժողներ եղել են»։

Քաղաքացին պատասխանեց․ «Ձեր մեխանիզմն ավելորդ գլխացավանքից ազատվելու համար է, որ երկար-բարակ չքննարկեք, հանրության կարծիքը չլսեք։ Առանց դրա՝ որոշում եք կայացրել, եւ ես պարտավոր եմ եւս մեկ տարի ավելի վճարեմ ԱՊՊԱ-ն։ Ձեր համար ամենահեշտ տարբերակն եք ընտրել՝ առանց խորը եւ հանրային քննարկման։ Ոտքի վրա եք սա արել։ Հիմա կա վթարված մեքենա, որը երեք ամիս կանգնած է, եւ մարդու օրվա հացն էր ապահովում»։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիրը թանկացել է տարեկան 3 հազար դրամով, սակայն բոնուս-մալուս համակարգում էլ փոփոխություն է կատարվել, որով որոշակի գումարի վթարի եւ հատուցման պարագայում վարորդի հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը զգալիորեն թանկանում է։ Վարորդների դժգոհությունն է հարուցել նաեւ այն հանգամանքը, որ եթե ոչ թանկարժեք մեքենայի վարորդը վթարային իրավիճակում հայտնվի, վթարը տեղի ունենա իրենից անկախ, բայց ինքը համարվի վթարի պատճառ ու թանկարժեք մեքենային վնաս պատճառի, ապա վթարը պատճառողի համար, պատճառած վնասից կախված, հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը մեծ չափով է թանկանալու։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28