Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիայի ինստիտուտն ու բնակելի շենքն անհամատեղելի են. գիտաշխատողները վստահ են՝ այնպես են անելու, որ իրենց ինստիտուտը փակվի

Փետրվար 14,2022 16:52

Այսօր մի խումբ գիտաշխատողներ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ ինստիտուտի տարածքում կառուցվող բնակելի շենքի: Շենքը լինելու է թափոնների համար նախատեսված ջրավազանի տեղում: Նրանք պահանջում էին դադարեցնել կառուցապատման աշխատանքները՝ պնդելով, որ նույն տարածքում քիմիայի ինստիտուտն ու բնակելի շենքն անհամատեղելի են, եւ, որ խնդիրներ առաջանալու դեպքում ոչ թե շենքն են ապամոնտաժելու, այլ, այնպես են անելու, որ ինստիտուտը փակվի, աշխատակիցներն էլ հեռանան:

Գիտաշխատողների խոսքով, նման քիմիական նյութերով զբաղվելուն զուգահեռ այդ տարածքում բնակելի շենք կառուցելը անթույլատրելի է կամ առնվազն ռիսկային. «Մարդիկ, չիմանալով, որ կարող է նման խնդիրների առաջ կանգնեն, այդ շենքից բնակարաններ ձեռք կբերեն, եւ, որոշ ժամանակ հետո բողոքելու են հոտից: Եվ շենքը չեն քանդելու, այլ մեզ օտարելու են այս տարածքից»,-ասում էին աշխատակիցները: Նրանց խոսքով, մինչեւ վերջերս 68 հազար դրամ են ստացել ու այդ վատ պայմաններում անգամ չեն հեռացել, մնացել՝ աշխատել են. «Սա այն երեք եզակի ինստիտուտներից է Խորհրդային միության, որոնք թելադրում էին դեղամիջոցների սինթեզի ոլորտում: Ինստիտուտում կա մոտ 300 գիտաշխատող»:
Ցույցի դուրս եկած գիտաշխատողները «Գիտությունը պետության հիմքն է», «Գիտությունն անվտանգություն է», «Մի՛ վնասեք գիտությանը», «Կա գիտություն, կա ապագա» բովանդակությամբ պաստառներով էին:

Գիտաշխատողների խոսքով, ջրավազանի տարածքը տասնյակ տարիներ առաջ օտարվել է ապօրինություններով, ինչը պարզել է նաեւ Քննչական կոմիտեն, սակայն, վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճել է: Ապա տարածքը ձեռքից ձեռք վաճառվել է, եւ 2019-ին այն ձեռք է բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:


Այսօր կառուցապատող ընկերությունն արձագանքեց գիտաշխատողների բողոքին՝ տարածելով հայտարարություն: ««Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ եւ բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ եւ ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաեւ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ։

Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ: Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբյեկտի, տնտեսվարող սուբյեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը:

Տեղեկատվությունը, թե երեկ առավոտյան ոստիկանների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն եւ չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»,- պարզաբանում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28