Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է՝ քրեական գործ են հարուցել, և ես որպես վկա կասկածյալի կարգավիճակով եմ». Ռուբեն Հակոբյանը՝ իր՝ Քննչական կոմիտեի Արաբկիր քննչական բաժին հրավիրվելու մասին

Փետրվար 14,2022 16:38
Ruben hakobyan

«Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ հնչեցրել: Հիմքում այդ գնահատականներն էին»,- դուրս գալով ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր քննչական բաժնից՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նա հայտնեց՝ սկզբից իրեն ոստիկանություն էին հրավիրել՝ երկու ամիս առաջ, մտածել է՝ դրանով կավարտվի, սակայն այսօր ևս հրավիրել են: Նա շարունակեց. «Բայց պարզվում է՝ քրեական գործ են հարուցել, և որպես վկա կասկածյալի կարգավիճակով ես օգտվեցի իմ իրավունքից և ցուցմունք չեմ տվել»:

Ռուբեն Հակոբյանն ասաց՝ կարծես ճակատագրի հեգնանք լինի: Ըստ նրա՝ նա, ով այսօր դատական իշխանությունն իր ձեռքին է կենտրոնացրել, այդ մարդը 1996-ին կարողացավ դատական համակարգը, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ոչնչացնել. «Այդ մարդը Գագիկ Ջհանգիրյանն է: Այն ժամանակ պայքարեցի, արդյունքում հայտնվեցի ԱԱԾ մեկուսարանում, այն ժամանակ ավելի ծանր հոդված էր. երկու մահապատիժ: Ինքը չպատժվեց և շարունակեց չպատժվել։ Չպատժվեց նաև, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Այնուհետև ինքն այդ նենգ խմբի հետ փորձեց հեղաշրջում իրականացնել, կրկին չպատժվեց: Հիմա ռևանշ է անում: Ես արհամարհում եմ Գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1996-ին իմ վախը բռնել են: Եթե ուզում են ինձ վախեցնել, իզուր: Բայց իրենք այս անգամ անպատիժ չեն մնա, քանի որ ոչնչացնում են պետությունը»:

Ռուբեն Հակոբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց. «Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 137 պրիմ հոդվածով՝ հանցակազմը՝ արժանապատվությունը ծանր կերպով վիրավորելն է: Որպես իրավաբան ու փաստաբան գտնում եմ, որ պարոն Հակոբյանի գնահատականը, թե սա քաղաքական հետապնդում է, ճշգրիտ է»:

Փաստաբանը համարում է, որ այս հոդվածը դարձել է գործիք քրեական հետապնդում իրականացնող մարմնի միջոցով իշխանության կողմից քաղաքական ընդդիմախոսներին ազատ կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելու, նրանց լռեցնելու համար: Այս առիթով նա մանրամասնեց. «Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ ոստիկանները վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթը ու փորձում հասկանալ՝ դրանցից Նիկոլ Փաշինյանի անձը վիրավորվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Փաստաբանը վստահեցրեց՝ այս հոդվածով հարուցված գործերը գնալու են Եվրոպական դատարան:

Հարցին՝ ի՞նչ գործողությունների են իրենք դիմելու, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց. «Գնդակը քրեական հետապնդում իրականացնող մարմնի դաշտում է: Եթե քննիչը գնահատի գործը, հասկանա, որ հանցակազմ կա, պետք է մեղադրանք առաջադրեն, մեզ էլի հրավիրելու են: Հնարավոր է՝ քննիչը քրեական գործը կարճի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28