Լրահոս
Օրվա լրահոսը

Անասնաբույժը 30-45 հազար դրամ աշխատավարձ է ստանում. Իրավապահներինը բարձրացնում են, անասնաբույժներին՝ անտեսում. անասնաբույժները բողոքի ցույց են անում

Փետրվար 14,2022 16:16

«Անասնաբույժը ստանում է 30-45 հազար դրամ աշխատավարձ, ինչն այսօրվա պայմաններում գրոշներ են»,-այսօր այսպիսի դժգոհություն հայտնեցին մի խումբ անասնաբույժներ, որոնք էկոնոմիկայի նախարարության առջեւ բողոքի ցույց էին անում: Նրանք վիրավորված են, որ այդքան կարեւոր մասնագետ լինելով հանդերձ՝ կառավարության կողմից անտեսված են:

Անասնաբույժները եկել էին Կոտայքի եւ Լոռու մարզերից: Ասում են՝ անցյալ ամռանը նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց որեւէ արձագանք չի եղել, երբ դիմում են, ասում են՝ համբերեք: Նրանց խոսքով, լինելով համայնքային անասնաբույժներ, այնքան ցածր են վարձատրվում, որ երիտասարդ սերունդը չի ուզում ընտրել այդ մասնագիտությունը:

Ըստ նրանց, ոլորտում այժմ 70-ն անց տարիքի մասնագետներն են մնացել. «Անասնաբուժությունը, որպես գյուղատնտեսության կենտրոնական մասնագիտություն, հոգածության կարիք ունի, բայց այն անտեսված է պետության, կառավարության ու մասնագիտական կառույցների կողմից: Ասում են՝ սննդի անվտանգությունը կարեւոր է, սպանդանոցները կարեւոր են, բայց ո՞ւմ միջոցով դա պետք է արվի: Կյանքը դարերով ապացուցել է, որ կադրերն են որոշում ամեն ինչ, եթե մենք կադրերին ոչնչացնում ենք, նոր կադրեր էլ չունենք՝ ո՞վ պետք է որոշի: Թղթի վրա ո՛չ մածուն կա, ո՛չ կաթ կա, ո՛չ միս կա, ո՛չ էլ՝ առողջ սնունդ: Եղած անասնաբույժների աշխատանքային տարիքը վաղուց լրացել է, կադրերի խնդիր ունենք, անասնաբուժությունը գայթակղիչ մասնագիտություն չէ, ցածր աշխատավարձի պատճառով մարդիկ չեն ուզում դառնալ, եղած կադրերն էլ քաղաքում շուն ու կատու են սպասարկում»:

Ցույցի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունը սահմանի համայնքային անասնաբույժի դրույքաչափ, վարձատրությունն էլ սահմանի գոնե հանրապետության միջին աշխատավարձին համապատասխան, բացի այդ նախատեսի սոցփաթեթ՝ բժշկական ապահովագրությամբ, նաեւ տրամադրի անձնական պաշտպանական պարագաներ: Նրանց խոսքով, անասնաբույժներն աշխատում են համաճարակային պայմաններում եւ նրանց մեծ մասը «վաստակում» է վտանգավոր հիվանդություն, որը մնում է նրանց ողջ կյանքում:

«Բրուցելյոզով վարակվելու դեպքում մարդն ամբողջ կյանքը մնում է հաշմանդամ: Կամ՝ մտնում եք ֆերմա 50 հատ ցուլ է կապած, մեկին ոտքով են խփում, մեկին կոտոշով, ախով-վախով աշխատում ենք, 70 տարեկան մեկն է, 70 էլ՝ էն մյուսը: Սրանք ամենաերիտասարդ մասնագետներն են: Մեր բուհերը անասնաբույժի մասնագետներ գրեթե չեն պատրաստում, մասնագիտությունը չի հրապուրում: Ես շատ մասնագետներ գիտեմ, որ գնացել են հրուշակեղենում աշխատում են, 400 հազար դրամ են ստանում՝ ինչո՞ւ պետք է գան, կյանքը վտանգելով այս գործն անեն»,-ասում էին նրանք:

Անասնաբույժների խոսքով, այդ հարցով դիմել են նախորդ կառավարությանը, իշխանափոխությունից հետո հույսով լցվել են, որ ինչ-որ բան կփոխվի, բայց ոչ մի փոփոխություն չի եղել:

Նրանց հաշվարկներով, կադրերի այնպիսի պակաս կա, որ հանրապետության գրեթե 900 բնակավայրերի 60 տարին մեկ, մի գյուղին մեկ անասնաբույժ է հասնում:

Անասնաբույժների խոսքով, կառավարությունն անտեսում է այսպիսի կարեւոր ոլորտը՝ ողջ ուշադրությունը սեւեռելով իրավապահ համակարգին, որտեղ նկատելի բարձրացել են աշխատավարձերը, սակայն, ըստ անասնաբույժների, չպետք է մի ոլորտի զարգացումը մյուսի հաշվին լինի. «Դրանով նրանք ավելի են խորացնում հանրապետությունը լքելու տրամադրությունները: Անասնաբույժն իր մասնագիտությամբ իր ընտանիքը չի կարող կերակրել, բայց մեզ ասում են՝ համբերեք: Մարդիկ ընտանիքներ են պահում, օրվա հացի խնդիր ունեն»:

Անասնաբույժներից մեկի խոսքով, իրենք վարձատրվում են մեկ գլուխ անասունի հաշվով, եւ 47 դրամով այդ գումարը բարձրացնելը որեւէ խնդիր չի լուծել: Նրա ներկայացմամբ, անցյալ տարի 120 դրամից գլխի գինը դարձրել են 167 դրամ, բայց, փոխարենը կրճատել են հավերի եւ խոզերի ժանտախտի միջոցառումները, ինչի արդյունքում, ոչ թե ավելացել է աշխատավարձը, այլ՝ հավերին ու խոզերին հանելով միջոցառումների ցանկից, աշխատավարձերը մի բան էլ նվազել են. «Ես սպասարկում էի 1200 գլուխ խոզ, ինչը տարեկան 220 հազար դրամ կազմում էր: Հիմա պահանջում ենք մեկ գլխի համար մեզ վճարեն 200 դրամ: Դա էլ մի գումար չի, բայց գոնե չնչին հարց կլուծի: Ամպագոռգոռ ասում ենք՝ եվրոպացի ենք, բայց Եվրոպայում անասնաբույժը 4 հազար եվրո գումար է ստանում: Մենք, այնպես չէ, որ ամեն ամիս միջոցառում ենք անում, վեց ամիս անում ենք, վեց ամիս չենք անում, այսինքն՝ վեց ամիս մենք չենք վճարվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28