«Մեղադրանքներ են շրջանառում, թե իբր Դաշնակցության ջոկատներից մեկի հրամանատարն է ձերբակալվել, մի անձնավորություն, որի անուն ազգանունը բացարձակ կապ չունի Դաշնակցության հետ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանը:
Նշենք, որ տեղեկություն էր տարածվել, թե իբր ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության մեղադրանքով կալանավորված անձանցից մեկը դաշնակցական «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է: Բագրատ Եսայանն այս առիթով արձագանքեց. «Մեր չորս վաշտերը՝ ավելի քան 500 հոգի, որ մեկնել են ռազմաճակատ, նրանց հետ այդ անունը կապ չունի: Դաշնակցությունը «Հայդուկ» ջոկատ չունի, «Հայդուկ» ջոկատը նման անունով հրամանատար ունի, թե՝ ոչ, բայց այդ անունը որևէ կապ չունի Դաշնակցության հետ: Իրականությունն այն է, որ Քարվաճառը և Ջեբրայիլը խառնող անձնավորությունն աջակցում էր 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին, ձերբակալվածներից մեկը լուսանկար ունի կարկառուն ՔՊ-ականներից մեկի հետ: Այսինքն՝ ուղղակի ծիծաղելի է Դաշնակցության մեղադրանքը»:
Բագրատ Եսայանը փաստեց՝ փետրվարի 14-ը Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) զոհվելու օրն է ու շարունակեց. «Հերոսներ տված Դաշնակցության գումարտակին, նորօրյա 44-օրյա պատերազմի ժամանակ առաջինը առաջնագիծ մեկնած դաշնակցական կամավորներին փորձում են վարկաբեկել նման մեթոդով: Մինչդեռ դավաճանության խարանն իրենց ու իրենց գաղափարակիրների ճակատին դաջված է»:
Բագրատ Եսայանը ցավում է, որ հայրենիքի գաղափարն այնքան է արժեզրկվել Նիկոլ Փաշինյանի գաղափարական հետևորդների համար, որ «նույն երեք հարյուր դոլարով իր հայրենիքը ծախելը շուկայում քյալամ ծախելու պես բան է դարձել»:
Կարդացեք նաև
Խոսելով ֆեյքերի և լրատվական դաշտում գոյություն ունեցող իրավիճակի, սահմանափակումների մասին՝ Բագրատ Եսայանն ասաց. «Ճշմարտությունը, հստակությունն այն առաքելությունն է, որ լրատվամիջոցն ունի: Մենք այս կանոններին հետևում ենք: Մենք իրենց նման անչափ անբարոյական չենք, որ օրինակ, ֆեյքերի ֆաբրիկայով լուր հրապարակենք, որ ես ու Գեղամ Մանուկյանն իրար ծեծել ենք: Գրում են, իհարկե, իրենք կհերքեն, բայց մենք վստահեցնում ենք, որ դա եղել է: Սրա համար ուղղակի պետք է անսահման անբարոյական լինել»;
Բագրատ Եսայանը վստահեցրեց՝ այս իշխանության հեռացումը պետք է լինի առաջնահերթ նպատակ, բայց ոչ ամեն գնով: Ըստ նրա՝ անբարոյական մեթոդով բարոյական խնդիր լուծելն անհնար է»:
Խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքների առիթով Բագրատ Եսայանն ասաց, որ ընդդիմության աշխատանքը նկատելի է ու հիմնավորեց՝ հենց այն, որ հասարակական տրամադրություններ են փոխվել, և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, այդ աշխատանքի արդյունքն է նաև:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ