Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի շուրջ 15,000 քաղաքացու միանվագ աջակցություն է տրամադրվել՝ կոմունալ վճարների փոխհատուցման համար

Փետրվար 14,2022 16:30

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։

    Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝

  • ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,
  • 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  • 50 տարեկանից բարձր անձինք։

     Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։

Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։

Միանալով ՀՀ Կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 861 490 588 ՀՀ դրամ։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության մյուս տեսակների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀԿԽԸ կայքում։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել