Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը կիրթ պահվածքը վերագրում է ամոթխած նստելուն, եթե չափը չենք անցնում, չի նշանակում ամոթխած էինք». Գեղամ Նազարյան

Փետրվար 14,2022 15:47

Այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որին ընդդիմությունը որոշում էր կայացրել չմասնակցելու:

Իշխանական պատգամավորների մամուլի ասուլիսից հետո ասուլիսով հանդես եկան ընդդիմադիրները, որոնք հայտարարեցին՝ արջը 7 երգ գիտի, նույն երգն էին երգում ու էլի նախկիններին հիշում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանը իրենց անընդհատ ռեւանշիստական ուժ էր ասում. «Ռեւանշ որ լիներ նախկինների կողմից, Անդրանիկ Քոչարյանը պատկերացնո՞ւմ էր իր կողքին նստած Արմեն Խաչատրյանը որտեղ էր լինելու»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու եւ վերահսկելու իրավասություն իրենք այսպես թե այնպես ունեն՝ որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներ ու ձեւաչափ կգտնեն՝ մասնակցելու այդ քննիչ հանձնաժողովին՝ առանց ներկա լինելու նիստերին:

Ասուլիսում Անդրանիկ Քոչարյանը վկայակոչում էր Մարտի 1-ի քննիչ հանձնաժողովին կից գործող փաստահավաք խումբն ու ասում, որ ինքն ու Սեդա Սաֆարյանն էին ընդդիմադիր, 5 զեկույց ունեցան, թող այդպես վարվեին նաեւ այս ընդդիմադիրները: Գեղամ Մանուկյանն էլ պատասխանեց, որ Մարտի 1-ի քննիչ հանձնաժողովում իշխանությունն ու ընդդիմությունը հավասար ներկայացվածություն ունեին ու հենց մոլեռանդ ընդդիմադիր Անդրանիկ Քոչարյանին տրվեց փաստահավաք խմբում աշխատանքներ կատարելու իրավասությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, որ եթե իշխանությունը կամք ու ցանկություն ունենար օբյեկտիվ քննելու պատերազմի հանգամանքները, դրա համար կային իրավապահներ, դատախազություն, կարող էին բացահայտումներ անել. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են սղացնել օբյեկտիվության հանգամանքը: Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների պատասխանատուն ու գլխավոր մեղավորը իշխանությունն է, նույն իշխանությունը ձեւավորում է քննիչ հանձնաժողով ու ասում է՝ եկեք որոշենք մեր մեղավորության, պատասխանատվության աստիճանը: Սա ուղղակի իշխանության համար բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը՝ նախապես նշանակելով մեղավորների ու փորձելով ողջ գործընթացը քաղաքական իշխանության ու դրա վերին էշելոններից վերցնել ու տեղափոխել ցածր օղակներ ու ընդդիմացողների վրա»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, եթե մասնակցեին հանձնաժողովի աշխատանքներին, ոչ մի ազդեցություն չէին ունենալու հանգամանքների բացահայտման վրա, քանի որ իշխանությունը քողարկելու էր. «ԳՇ-ում փորձում են քողարկել այն հրամանները, որոնք եղել են պատերազմի օրերին: Գլխավոր դատախազությունը արձանագրեց, որ զբաղվում է դրանով, բայց առ այսօր պարզ չէ»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասել էր, որ ընդդիմադիր պատգամավորներն ուզում են մասնակցել քննիչ հանձնաժողովին, Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, անգամ Գեղամ Նազարյանը իր հետ հանդիպմանը ասել է, որ ով-ով՝ ինքը մասնակցելու է, բայց հիմա այլ բան են պարտադրում: Գեղամ Նազարյանը պարզաբանեց. «Թող իմ գործընկերները չնեղանան, ամենաշատը ես եմ ուզում, որ բոլոր հանգամանքները պարզվեն, հանրությանն էլ հասու դառնա այդ ճշմարտությունը: Անդրանիկ Քոչարյանի հետ ես, երբ հայտնի դարձավ, որ խմբակցությունը՝ ՔՊ-ն որոշում է կայացրել, մենք էլ, ինչպես հանրությունը, իմացանք մամուլից: Ես Անդրանիկ Քոչարյանին ասել եմ՝ ամենամեծ ցանկությունն ունեմ բացահայտելու բոլոր հանգամանքները, իմ կյանքի հիմնական նպատակը դա է, բայց այն մեթոդները, ում միջոցները դուք կիրառում եք այս հանձնաժողովը ի սկզբանե ձեւավորելու ընթացքում…Ինչո՞ւ չեք հրավիրում մեզ՝ զրուցելու, ասելու՝ այսպիսի նախաձեռնություն կա, ո՞նց աշխատենք, որ արդյունավետ լինի»:

Գեղամ Նազարյանն ասաց, որ շատ ծնողների հետ է խոսել, մի մասը գտնում է, որ չի կարելի ընդհանրապես մասնակից դառնալ քննիչ հանձնաժողովի այս աշխատանքներին մի մասն էլ խնդրում է, որ որպես փորձագետ, մասնակից իրենց էլ կանչեն. «Այս ձեւը, որն ընտրել է այս վարչախումբը, անընդունելի է: Ակնհայտ է, թե որն է նրանց նպատակը: Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իբր մենք ամոթխած նստած էինք նիստի ժամանակ: Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանը կիրթ պահվածքը վերագրում է ամոթխած նստելուն: Եթե մենք չափը չենք անցնում, չենք վիրավորում, դա դեռ չի նշանակում, որ մենք ամոթխած նստած էինք: Ինչ վերաբերում է ամաչելուն, այո՛, ես շատ եմ ամաչում, որ նոյեմբերի 9-ից հետո մեր վարչապետը դեռ Նիկոլ Փաշինյանն է: Շատ եմ ամաչում մեր ժողովրդի, իմ համար, մեր բոլորի համար, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28