Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զրո ձայն ստացած հավակնորդին դարձրել են տնօրենի պաշտոնակատար

Փետրվար 14,2022 15:17

Երեւանի Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցում մարտի 28-ին տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ է կայանալու: Դպրոցում արդեն անհանգստություն կա, որ ամեն ինչ որոշված է «վերեւում», եւ մրցույթն էլ ձեւական է լինելու:

Տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնորդները 4-ն են, առաջին փուլում նրանցից մեկը` Թերմինե Մելքոնյանը ստացել է զրո ձայն, Մարինե Աբրահամյանը 3 ձայն, Աննա Գաբրիելյանը 2 ձայն, իսկ Արեգնազ Մկրտչյանը` 22 ձայն: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին զրո ձայն ստացած հավակնորդը` Թերմինե Մելքոնյանը, եւ ոչ թե ասենք, դպրոցի փոխտնօրենը, ինչպես արվում է նման դեպքերում:

Ըստ դպրոցի տնօրենի ընտրության կարգի, տնօրենի պաշտոնակատար է նշանակվում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկը, սակայն 59 դպրոցում տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թերմինե Մելքոնյանը` ըստ էության հայտնվելով ավելի շահեկան վիճակում, քան մյուս հավակնորդները:

Aravot.am-ը տիկին Մելքոնյանից հետաքրքրվեց` արդյոք իր նշանակմամբ նախ եւ առաջ կարգը եւ օրենքը, ապա արդարության սկզբունքը չի խախտվել: «Դա իմ անձնական ցանկությունն է եղել, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանամ դպրոցին, ավելի մոտ կանգնած լինեմ դպրոցի կողքին: Ես իմ ցանկությունը հայտնել եմ, էլի ցանկություն հայտնողներ եղել են, սակայն Երեւանի քաղաքապետարանը որոշումը կայացրել է իմ օգտին»,-ասաց զրո ձայն ստացած հավակնորդը:

«Նորից եմ կրկնում, դա իմ անձնական ցանկությունն է եղել, ես էլ այդպես գրել եմ իմ դիմումում, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատար դառնամ»,-նորից շեշտեց նա:

Հարցրինք` իր նշանակման մեջ արդյոք գազային ոլորտը ներկայացնող եւ ազդեցիկ կապեր ունեցող իր ամուսինը որեւէ դերակատարություն չի ունեցել, քանի որ նման պնդումներ եւս կան: «Նման բան չկա, կարճ կոնկրետ կասեմ»,-ասաց Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար հավակնորդը:

Կապվեցինք նաեւ հավակնորդներից Մարինե Աբրահամյանի հետ, հարցրինք` հավակնորդներից մեկին դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` արդյոք չի՞ խախտվում մյուսների հավասար մեկնարկային պայմաններ ունենալու իրավունքը եւ արդարության սկզբունքը: «Իհարկե խախտվում է, առհասարակ ժամանակավոր պաշտոնակատարը պետք է լինի ոչ հավակնորդ, եթե ի վերջո դրա անհրաժեշտությունը տեսնում է լիազոր մարմինը… Բոլոր դեպքերում կարգը եւ օրենքը պահանջում են փոխտնօրենին նշանակել, տնօրենի լիազորությունների ավարտից հետո պետք է փոխտնօրենը շարունակեր տնօրինել: Բայց չգիտես ինչու՝ այդպես չի եղել: Շատ ենք ուզում, որ մեզ բացատրվի, թե ինչ սկզբունքով են ընտրվում պաշտոնակատարները, որտեղի՞ց են նրանց գտնում, ամեն ինչ, ցավոք, թաքուն է արվում: Ստացվում է, որ այս մրցույթներն անիմաստ են, մարդիկ նշանակվում են, եւ մենք խաբված ենք մեզ զգում: Թող պատասխանի քաղաքապետարանը՝ ի՞նչ սկզբունքով է մեզանից մեկին ժամանակավոր պաշտոնակատար դարձնում, ի՞նչը հաշվի առան այս դեպքում` հասա՞կը, մազերի գո՞ւյնը… թող ասեն, մենք էլ իմանանք»:

Ի դեպ, տիկին Աբրահամյանը անչափ դրական արտահայտվեց մեկ այլ հավակնորդի`22 ձայն ստացած Արեգնազ Մկրտչյանի մասին, որը 59 դպրոցի ուսուցիչ է. «Ի վերջո խորհուրդը պետք է հասկանա, որ դպրոցը պետք է ընտրի իր սրտի թեկնածուին, ոչ թե վերեւից հրահանգված կամ, օրինակ, կոռուպցիոն ճանապարհներով եկած մեկին»:

Կապվեցինք նաեւ Կառավարման խորհրդի անդամներից Անահիտ Զոհրաբյանի հետ: Նա ասաց, որ խորհուրդը նշանակման հետ կապ չունի եւ հորդորեց Երեւանի քաղաքապետարանից այդ հարցը ճշտել:

Հավելենք, որ մինչեւ վերջերս Թերմինե Մելքոնյանի անունը հոլովվում էր Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի պատմության համատեքստում, երբ նա եւ եւս մի քանի ուսուցիչ փորձում էին խաթարել կրթական գործընթացը դպրոցում եւ խանգարել նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին աշխատել:

Թեմայի վերաբերյալ կներկայացնենք այլ տեսակետներ եւս եւ առաջիկայում կփորձենք Երեւանի քաղաքապետարանից եւս պարզաբանում ստանալ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28