Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգնաք էդ հարցը գիտե՞ք որտեղ կտաք՝ ձեր տերերի՛ն կտաք, էս ի՞նչ հարց եք տալիս». Թեժ բանավեճ ԱԺ-ում՝ լրագրողների ու ՔՊ պատգամավորների միջեւ

Փետրվար 14,2022 14:50

Այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որից հետո հանձնաժողովի անդամները ասուլիսով հանդես եկան: Ասուլիսը վերածվեց լրագրողներ-պատգամավորներ թեժ բանավեճի, որը սկսվեց այն ժամանակ, երբ ParaTV-ի լրագրողը հարցրեց՝ որքանո՞վ է արդար, որ ձեր իշխանության օրոք տեղի ունեցած երեւույթը քննի հենց ձեր իշխանությունը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ ասաց, թե՝ Սահմանադրություն կարդացե՞լ եք, բա դուք չգիտե՞ք, որ սահմանադրության պահանջ է ու այսպիսի հարցերը քննում են միայն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմով. «Որպեսզի մենք չքննենք, ձեր ընդդիմությունը պետք իշխանությունը վերցրած լինի»:

Հետո ՔՊ-ական պատգամավորները հիշեցին ParaTV-ի «տերերին»: Լրագրողը զարմացավ՝ որքանո՞վ է ճիշտ քննարկել ԶԼՄ-ի տերերին կամ սեփականատերերին այս պահին: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք նույնիսկ չգիտենք՝ ով է ձեր տերը, ենթադրում ենք»:

Կրքերը ավելի թեժացան, երբ 5-րդ ալիքի լրագրողը հարցրեց՝ լուրեր կան, որ Սյունիքի մարզում դիրքեր են զիջվելու, մասնավորապես, Մեղրիի հատվածում ասում են, որ մինչեւ ամառ այդ դիրքերը պիտի զիջվեն, ի՞նչ կասեք այդ մասին, ի՞նչ ռիսկեր եք տեսնում՝ այս անգամ հունից դուրս եկավ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա հորդորեց ԱԱԾ-ին զբաղվել այդ լուրով, ստուգումներ իրականացնել՝ ինչպե՞ս է Սյունիքից զինվորը զանգել ԶԼՄ-ին ու նման լուր փոխանցել. «Դուք պարտավոր եք ասել աղբյուրը՝ որտեղի՞ց են ձեզ ասել, որ Սյունիքում դիրքերը զիջվելու են: Նման լուրեր ինձ չեն հասել, հասավ հենց այս պահին: Հորդորում եմ, որ այդ փաստով ստուգումներ պահեն ու տեղյակ պահեն հանրությանը»:

Հարցին՝ դուք երաշխավորո՞ւմ եք, որ Ադրբեջանին այլեւս որեւէ դիրք չի զիջվելու՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Կգնաք էդ հարցը գիտե՞ք որտեղ կտաք՝ ձեր տերերի՛ն կտաք, էս ի՞նչ հարց եք տալիս: Երաշխավորում եք…Եկել եք որպես լրագրո՞ղ, թե՞ ակտիվիստ, բա ի՞նչ հարց եք տալիս: Երաշխավորո՞ւմ եք, որ էլի մարդ է մեռնելու սահմանին, թե՞ չէ: Դա հարց չի, ակտիվիստի միջոցառում է: Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելու եք ու տուն եք հասնելու»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Մեկ էլ ձեր տերերին կհարցնեք՝ երկաթգիծն ինչո՞ւ վաճառեցին Մեղրիի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    …Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Կգնաք էդ հարցը գիտե՞ք որտեղ կտաք՝ ձեր տերերի՛ն կտաք, էս ի՞նչ հարց եք տալիս: Երաշխավորում եք…Եկել եք որպես լրագրո՞ղ, թե՞ ակտիվիստ, բա ի՞նչ հարց եք տալիս: Երաշխավորո՞ւմ եք, որ էլի մարդ է մեռնելու սահմանին, թե՞ չէ: Դա հարց չի, ակտիվիստի միջոցառում է: Դուք կարա՞ք երաշխավորեք, որ այստեղից հելնելու եք ու տուն եք հասնելու»: Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Մեկ էլ ձեր տերերին կհարցնեք՝ երկաթգիծն ինչո՞ւ վաճառեցին Մեղրիի»:

    Պոդպորուչիկ Դուբը ատելությամբ նայեց քաջարի զինվոր Շվեյկի անհոգ դեմքին և հարցրեց.
    — Դուք ինձ ճանաչո՞ւմ եք։
    ― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
    Պոդպորուչիկ Դուբը աչքերը չռեց ու ոտքերը գետնին խփեց.
    — Իսկ ես ձեզ ասում եմ, որ ինձ դեռ չեք ճանաչում։
    Շվեյկը, անդրդվելիորեն հանգիստ, ասես զեկուցելով, մի անգամ էլ կրկնեց․
    — Ես ձեզ ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։ Դուք, համարձակվում եմ զեկուցել, մեր երթային գումարտակից եք։
    — Դուք ինձ չեք ճանաչում,— նորից գոռաց պոդպորուչիկ Դուբը։— Գուցե դուք ինձ ճանաչել եք լավ կողմից, բայց հիմա կճանաչեք նաև վատ կողմից։ Ես այնքան բարի չեմ, որքան ձեզ թվում է։ Ես ում ուզենամ՝ կլացացնեմ։ Դեհ, ուրեմն, ինձ ճանաչո՞ւմ եք թե ոչ։
    ― Ճանաչում եմ, պարոն լեյտենանտ։
    — Վերջին անգամն եմ ասում ձեզ, որ դուք ինձ չեք ճանաչում, ստահա՛կ։ Եղբայրներ ունե՞ք։
    — Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, մեկը ունեմ։
    Նայելով Շվեյկի հանգիստ, պարզ դեմքին, պոդպորուչիկ Դուբը գազազեց և, բոլորովին իրեն կորցնելով, բղավեց.
    — Ուրեմն, ձեր եղբայրն էլ ճիշտ այնպիսի անասուն է, ինչպես դուք։ Ինչացո՞ւ էր։
    — Գիմնազիայի դասատու էր, պարոն լեյտենանտ։ Զինվորական ծառայությունն ավարտեց և սպայության քննություն հանձնեց։
    Պոդպորուչիկ Դուբը այնպես նայեց Շվեյկին, որ կարծես ուզում էր նրան հայացքով շամփրել։ Շվեյկն արժանապատվորեն դիմացավ տխմար պոդպորուչիկի կատաղի հայացքին, և շուտով խոսակցությունն ավարտվեց «Abtreten» բառով։
    Նրանցից ամեն մեկը գնաց իր ճանապարհով և ամեն մեկն իրենն էր մտածում։ Պոդպորուչիկը մտածում էր, թե ինչպես ամեն ինչ կպատմի կապիտանին և նա կհրամայի Շվեյկին ձերբակալել, իսկ Շվեյկը մտածում էր, թե իր կյանքում հիմար սպաներ շատ է տեսել, բայց Դուբի նման հիմար սպա ամբողջ գնդում չի գտնվի։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28