Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ իրենք բաց ճակատով գան». Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Փետրվար 14,2022 13:44

Այսօր 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր, որն անցավ փոխադարձ մեղադրանքներով ու բանավեճերով:

Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովը գործելու է 6 ամիս, բայց անհրաժեշտության դեպքում՝ կարող են ժամկետը 6 ամսով էլ երկարացնել:

Անդրանիկ Քոչարյանը թվարկեց, թե ինչ փաստաթղթեր են ուսումնասիրելու՝ ծառայողական հրամաններ, զեկուցագրեր, այդ թվում գաղտնիության ռեժիմում գտնվող, հանձնաժողովի նիստերին հրավիրելու են պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին:

Ինչ վերաբերում է ընդդիմության մասնակցությանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքը նամակ է ուղարկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին, պատասխան չի ստացել, ուստի հորդորեց հստակություն մտցնել՝ գալո՞ւ են նիստերին, մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, որովհետեւ հայտարարությունը իրավական հիմք չէ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ զինված ուժերի բարեփոխումների աշխատանքներին կմասնակցեն, բայց այս հանձնաժողովի աշխատանքների իրականացումը չի կարող օբյեկտիվ լինել, որովհետեւ այս իշխանությունն է պատասխանատու պատերազմի համար: Այս հանձնաժողովը արդյունավետ կարող է գործել, երբ ՔՊ-ն այլեւս իշխանության չի լինի:

Անդրանիկ Քոչարյանը հարցրեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: Նազարյանն ասաց, որ օրենքի իրավունքի ուժով արդեն իսկ իրենք քննիչ հանձնաժողովների անդամներ են ու ազատ են որոշելու իրենց մասնակցության ձեւը. «Այնպես չի, որ մենք մի կողմ ենք քաշվում եւ մամուլից ենք հետեւելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները: Իմ հիմնական նպատակներից մեկը պատերազմի հանգամանքները բացահայտելն է, բայց դուք էլ եք գիտակցում, որ այն քաղաքական ուժը, որի պատասխանատվության ներքո տեղի է ունեցել այս պատերազմը, ինքը քննել հանգամանքները կաշկանդված է»:

Անդրանիկ Քոչարյանը հիասթափվեց, ասաց՝ համոզված էր, որ ով-ով գոնե Գեղամ Նազարյանը կմասնակցեր:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովը ստեղծվեց այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանության չէր. «Մենք ենք որոշում կայացնում եւ եթե մի օր,մ արդ ես, նպատակահարմար համարենք, կարող ենք գալ»:

Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց. «Դուք ձեր ցանկությա՞մբ եք որոշելու ինչ-որ մի պահի մասնակցել, թե չէ, այդպես չի լինում, ասեմ: Գեղամ Նազարյանից բան չհասկացա, չե՞ք մասնակցելու, ասեք, որ իրավական որոշում կայացնենք»: Նա ասաց, որ այսպես ընդդիմությունն իրեն զրկում է հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից. «Դուք անկաշկանդ ում ուզեիք, հրավիրելու էիք, ինչ ուզեիք, հարցնելու էիք»:

Ընդդիմադիրերը լքեցին հանձնաժողովը: Նրանց գնալուց հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց. «Ասելու բան չունեին, գլուխները կախ գնացին: Ով-ով՝ բայց պարոն Նազարյանը պիտի մասնակցեր: Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որ իրենք բաց ճակատով գան ու իրենց ուզած հարցերն ուղղեն ցանկացած պաշտոնյայի, արդեն խոսում է, թե մենք ինչ որակի ընդդիմություն ունենք»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ այս քննիչ հանձնաժողովում աշխատելու են լավագույն փորձագետները, որովհետեւ այդ եզրակացությանը սպասում են զոհերի հարազատները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28