«Ամբողջ աշխարհի եզդիները տոնում են մի տոն, որը կոչվում է Խդր Նավի: Դա իղձեր իրականացնող, մուրազատու, սիրահարների հովանավոր Խդր Նավիի տոնն է, որը սկսվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ից հետո ընկած ուրբաթ օրը: Իսկ դրանից առաջ երեք օր եզդիները ծոմ են պահում ի պատիվ Խդր Նավիի: Նախ արթնանում են գիշերվա 4-ի սահմաններում եւ սնվում են: Եզդիական սեղանին չեն կարող լինել խոզի մսից, կաղամբից եւ կանեփից պատրաստված ուտեստներ: Այդ սնունդն ընդունելուց հետո մինչ արեւի դուրս գալը պետք է քնած լինեն: Արթնանալուց հետո արդեն չեն սնվում, չեն խմում, ծոմը անցկացնում են մինչ տվյալ օրվա արեւի մայր մտնելը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:
Նրա խոսքով, արեւի մայր մտնելուց հետո եզդիներն աղոթում են եւ ցանկանում, որ Խդր Նավի սուրբ ձիավորն ընդունի իրենց ծոմը, երազանքներն ու իղձերը ի կատար ածի. «Այսինքն, ստացվում է` իրականացնելը իմ կողմից, ընդունելը քո կողմից: Եվ այսպես երեք օր ծոմ են պահում: Բուն տոնից առաջ, ես խոսում եմ հինգշաբթի գիշերվա մասին, որը բարիքի գիշեր է համարվում.ըստ ավանդույթի, երկնքի դարպասները բացվում են, եւ մեր խոսքն ավելի հասու է դառնում հրեշտակներին ու սրբերին: Այդ օրը եզդիները պատրաստում են աղի բլիթ: Սովորաբար, հայերի մոտ տարեց կինն է աղի բլիթ պատրաստում, իսկ եզդիների մոտ չամուսնացած աղջիկը: Աղի բլիթի մի մասը համտեսում են, մյուս մասը դնում բարձի տակ` այն հույսով, որ երազում կտեսնեն իրենց ապագա կողակցին»:
Խդր Հաջոյանը տոնի մասին այլ մանրամասներ էլ հայտնեց, օրինակ, որ չամուսնացած տղաներն ու աղջիկները տան պատերին ինչ-որ բան են գրում՝ ի նշան Խդր Նավիի գալուստի: Նրա խոսքով, հնում տան տանիքից երեխաները նաեւ գուլպաներ են իջեցրել, իսկ կանայք դրանց մեջ քաղցրավենիք են դրել, ու այդպես երեխաները տնից տուն են գնացել:
Խոսելով եզդիական տարեվերջյան տոնի մասին` նա ասաց, որ եզդիների մոտ առաջին ամիսը Նիսան ամիսն է` ապրիլը. «Ապրիլը մեզ մոտ համարվում է հարս ամիս, քանի որ ամենագեղեցիկն է, եւ այդ ամսին բնությունն ամբողջությամբ ծաղկում է»:
Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը եւս փաստեց, որ Խդր Նավիի տոնով ներկայացնում են եզդի ժողովրդի ծագման տարին, ազգային-հոգեւոր ծիսակատարությունը: Հավելեց, որ երիտասարդները մեծ շուքով են պատրաստվում Խդր Նավիի տոնին, քանի որ այն կապված է իրենց իղձերի իրականացման հետ: Հոգեւոր առաջնորդը նշեց, որ ի պատիվ Խդր Նավիի եզդիները նաեւ մատաղ են անում: Ինչ վերաբերվում է ծոմին, Բրո Հասանյանի ձեւակերպմամբ, դա նշանակում է նվիրվածություն սեփական կրոնին, հավատին ու ազգին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ