Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չունես գյուղատնտեսության նախարարություն, նշանակում է՝ ագրարային քաղաքականությունը քեզ համար ռազմավարական նշանակության ուղղություն չէ». Հայաստան-Վրաստան «մածնային» կրքեր. JAMnews

Փետրվար 14,2022 10:31

JAMnews. «Մացոնիի» շուրջ սկանդալը քաղաքական երանգ է ստացել այն բանից հետո, երբ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը սյուժե է պատրաստել «մացոնիի» և «մածունի» թեմայով, օգտագործել է տարայի լուսանկար, որի վրա հայերենով գրված է եղել․ «Ղարաբաղն Ադրբեջան է, և տոլման նույնպես ադրբեջանական է»։

Այն բանից հետո, երբ սոցցանցերում սկանդալ է բռնկվել այդ գրառման պատճառով, հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել։ «Իմեդիի» հայտարարությունում ասված է, որ լուսանկարը Google-ում գտել է «Իմեդիի» աշխատակիցը, որը հայերենին չի տիրապետում։

Ինչ վերաբերում է «մացոնի» բառին և այդ մթերքի ծագմանն, ապա համացանցի վրացական տիրույթում կարծիքները բաժանվել են։ Մի մասը կարծում է, որ դա վրացական անվանում և ազգային մթերք է։ Սակայն վրացի պատմաբանների և լեզվաբանների մի մասը պնդում է, որ վրացերենն այդ բառը փոխառել է հենց հայերենից։

Գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բակրաձեն, օրինակ, ներկայացնում է Բաքարա Գիգինեիշվիլիի բառարանի տվյալները, որը, վկայակոչելով լեզվաբան Հրաչյա Աճառյանին, նշում է, որ հայերենում «մածուն» բառը նշանակում է «թթվեցված կաթ»։

Պարենային իրավունքի փորձագետ, սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ և կապված չէ միայն մածունի հետ: Հիշեցնում է՝ խնդրի մասին բարձրաձայնել է նաև տարիներ առաջ, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից: Փորձագետին հաճախ են դիմել հատկապես Վրաստանի տարածքով գինի արտահանողները:

Ասում է՝ շատերը խնդրի էությունը չեն պատկերացնում, քանի որ չեն հասկանում, թե ինչ են իրենցից ներկայացնում աշխարհագրական մակնշումները. «Դրանք սննդամթերքի և ալկոհոլային խմիչքների արտադրության հետ կապված նշումներ են, որոնք վերաբերում են սննդամթերքի կամ խմիչքի տեսակներին, որոնք արտադրվում են որոշակի աշխարհագրական տարածաշրջանում և ունեն հատուկ պաշտպանություն»:

Պիպոյանը բերում է Պարմայի պրոշուտոյի, հունական ֆետա պանրի օրինակները:

Փորձագետի խոսքով՝ մակնշումները լինում են երկու մակարդակի: Աշխարհագրական մակնշումը ենթադրում է, որ փուլերից մեկը պետք է տեղի ունենա տվյալ վայրում, իսկ ամենաբարձր մակարդակը՝ տեղանունների պաշտպանությունը ենթադրում է, որ հումքից մինչև փաթեթավորում պետք է տեղի ունենա տվյալ աշխարհագրական տարածքում:

Պարենային իրավունքի փորձագետն ընդգծում է՝ տարիներ շարունակ ագրարային քաղաքականությունը Հայաստանում անտեսված է եղել: Ըստ նրա՝ այդ մասին է վկայում նաև գյուղատնտեսության նախարարության բացակայությունը:

«Եթե դու չունես գյուղատնտեսության նախարարություն, նշանակում է՝ ագրարային քաղաքականությունը քեզ համար ռազմավարական նշանակության ուղղություն չէ», — JAMnews-ի հետ զրույցում նշել է փորձագետը:

Ներկա պահին խնդրով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Լրագրողներին նախարարությունից հայտնել են, որ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, փորձում են լուծումներ գտնել վրացի գործընկերների հետ: Ըստ աղբյուրի՝ որպես լուծման տարբերակ՝ քննարկվում է Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումը:

Պիպոյանն ասում է՝ միայն նախարարությունը կարող է քայլեր ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ հուշագրի ստորագրման տեսքով, եթե կա դրա անհրաժեշտությունը:

Ի պատասխան նախարարության հայտարարության, թե Հայաստանը դիմել է ԵՄ-ին մացոնի գրանցումից հետո և մերժվել, փորձագետն ասում է՝ թող ցույց տան դիմումը ու նաև պարզաբանեն՝ ինչու մածունի ճանաչման հայտ չեն ներկայացրել ԵՄ (EU geographical indications system)՝ նախքան մացոնիի գրանցումը:

Պիպոյանի խոսքով՝ Հայաստանը կառույցին մեկ անգամ է դիմել՝ ներկայացնելով հայտ Սևանի իշխանի ճանաչման հարցով:

Փորձագետն ընդգծում է՝ թեև բացթողումները Հայաստանինն են, սակայն այս դեպքում գործ ունենք նաև վրացի գործընկերների վերաբերմունքի հետ:

«Մակնշումը տվյալ երկրի խնդիրն է: Եթե ապրանքը տվյալ երկրում չի իրացվում, այլ այն ծառայում է որպես տարանցիկ երկիր, այս դեպքում խնդիրը նաև մեր վրացի գործընկերների վերաբերմունքի հետ է կապված», — շեշտում է Դավիթ Պիպոյանն ու հավելում, որ Ռուսաստանը մածունի հետ կապված որևէ արգելանք չի դրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28