«Առաջին լրատվական». Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցած գործարքին, նշեց, որ այն մտահոգությունները, որոնք կային, չեն փարատվում այս գործարքով.
«Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը, որքան տեղյակ եմ, հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում: Ինձ սա հարցերի տեղիք է տալիս: Բնականաբար, ցանկացած բիզնես ֆորմալ առումով հյուրանոցի բիզնեսի մեջ է մտնում, բայց հաշվի առնելով, որ հյուրանոցը Ծաղկաձորում է գտնվում, բավականին լուրջ մրցակցություն կլինի: Լրատվամիջոցներում նշվում է նրա ենթադրյալ կապը Ռոմանոս Պետրոսյանի հետ, կան հրապարակված նկարներ, բնականաբար կան կասկածներ: Որքան գիտեմ, այդ ընկերությունը գրանցված է նաև Կոտայքի մարզում: Երբ այդ ամենը իրար հետ համադրում ենք, բնականաբար, ունենում ենք իրավիճակ, որը շատ նման է նրան, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը շահող էր դուրս գալիս տենդերներում: Մանավանդ, որ այդ 5 մլրդ դրամ գումարը միանգամից չի էլ վճարվելու, այլ 5 տարվա ընթացքում»,-ասաց Հոկտանյանը:
Նրա խոսքով, ինչպես գնումների դեպքում մեկ անձից գնումները, այնպես էլ այստեղ, երբ աճուրդին ընդամենը մեկ մասնակից կա, կարող են առաջացնել հարցեր այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ. «Անձամբ ես այսպիսի դեպքերում կառաջարկեի սպասել, տեսնել ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները: Կարող է ի վերջո, փաստվել, որ այստեղ որոշակի կոռուպցիոն ռիսկեր կան, որ այլ ընկերությունները, որոնք մեծ փորձ են ունեցել այս բիզնեսում, գուցե նրանց «խորհուրդ են տվել» չմասնակցել մրցույթին: Ամեն ինչ հնարավոր է:
Կարդացեք նաև
Մյուս կողմից հարցեր կարող են առաջանալ այդ գույքի հետ կապված: Ճիշտ է, Արմեն Ավետիսյանը այդ գույքը պաշտոնապես նվիրաբերել էր, բայց հետագայում հնարավոր իշխանափոխության դեպքում հին տերերը կարող են հարցեր բարձրացնել և դրանից հետո նոր սեփականատերերի կողմից այդ գույքը կորցնելու վտանգ կարող է առաջանալ»,-ասաց Հոկտանյանը:
Նա նկատեց, որ այս պահին միակ բանը, որ հստակ կարելի է ասել, դա այն է, որ սա բավականին կասկածելի գործարք է. «Իհարկե, պաշտոնապես ասվեց, թե որ ընկերությունն է հաղթել մրցույթը, բայց թե իրականում ով է այդ ընկերության իրական սեփականատերը, և որ այդ ընկերությունը երբևէ չի զբաղվել հյուրանոցային բիզնեսով, գումարած հնարավոր կապը Ռոմանոս Պետրոսյանի հետ, առաջացնում են հարցեր: Ես օրինակ, չեմ զարմանա, եթե դա հետագայում վաճառվի մի երրորդ ընկերության: Սա էլ մի ձև է, որով, այսպես կոչված, բարեխիղճ ձեռքբերողի սխեման կիրառվի»,-ընդգծեց Հոկտանյանը:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: