Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Իրանին մեծ հարված է»

Փետրվար 14,2022 14:30

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հիշատակած՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ճանապարհի մասին

«Դա Իրանի աշխարհաքաղաքական դիրքին մեծ հարված է: Դա կլինի արդարացված միայն այն դեպքում, եթե Հայաստանի վրա ճնշում գործադրվի այսպես կոչված միջանցքի առնչությամբ»,-«Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը՝ խոսելով Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ճանապարհի գործարկման մասին հնչող հայտարարություններին:

Նշենք, որ մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ եթե Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ճանապարհը գործարկվի, Հայաստանը կարող է դառնալ «հայկական խաչմերուկ» հյուսիս-հարավ եւ արեւմուտք-արեւելք երթուղիների համար։ Նա նաեւ հայտնել է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման, կառուցման մասին։ Տրվել են հանձնարարականներ։ Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այս ճանապարհի գործարկմանը համաձայնելը միայն արդարացված կլինի այն դեպքում, երբ այն կփոխարինի «միջանցքին»: Մնացած դեպքերում այդ ճանապարհի բացումն արդարացված չէ: Նա մանրամասնեց. «Ինչքան գիտեմ՝ ՀՀ վարչապետն ասել է, թե այդ ճանապարհը շատ կարեւոր է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համար: Ես դա չեմ ընդունում: Նախ պիտի հաշվի առնել մեր տնտեսական փոխհարաբերությունների ծավալը: Դրանց ծավալն այդքան մեծ չէ: Իրանցիների համար առաջին հերթին կարեւորը ՀՀ տարածքով անցնող հյուսիս-հարավ ճանապարհն է՝ ավտոմայրուղին, կամ երկաթգիծը, քանի որ երկաթգիծը սկզբում դրեցին շրջանառության մեջ, հետո հանեցին: Լավագույն դեպքում իրանցիները դրան են ձգտում»:

Նաեւ այս մտադրություններն ու խոսակցություններն են պատճառը, որ իրանական կողմում ակտիվություն գրանցվեց: ՀՀ-Իրան դիվանագիտական հարաբերությունների առիթով միջոցառումների ընթացքում իրանցի տարբեր պաշտոնյաներ այն կարծիքն էին հայտնում, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարեւոր է Իրանի համար, եւ «Զանգեզուրի միջանցքն ըստ էության անընդունելի է նրանց համար: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ հայտարարել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս ինչպես Հայաստանով, այնպես էլ Ադրբեջանով անցնող հաղորդակցություններին»: Ըստ նրա՝ Պարսից ծոցը եւ Սեւ ծովը կապող տարանցիկ ճանապարհը կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ այլ երկրների համար։

Էմմա Բեգիջանյանը մեկնաբանեց. «Չնայած Իրանում նոր իշխանություն է, նրանք կարեւորում են իրենց քաղաքական հոսանքի գիծը, բայց, այդուհանդերձ, նրանք իրենց երկրի աշխարհաքաղաքական շահերը շատ լավ գիտակցում են եւ դեմ են այդ ծրագրին, թեկուզ Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում, որ Իրանին ինչ-որ տեղ լռեցնի այդ հարցով»: Էմմա Բեգիջանյանն այս առիթով հիշեցրեց, որ, օրինակ, քննարկվել է նաեւ այն հավանական տարբերակը, որ Ջրականի (Ջեբրայիլ) վերակառուցումը կարող են հանձնել Իսրայելին, եւ Իսրայելը կլինի Իրանի սահմանին մոտ. «Հիմա նման համաձայնության են եկել, որ դա հանձնվելու է Իրանին, բայց դրանք այն բաները չեն, որ կարող են Իրանին հետ պահել այդ «միջանցքին» դեմ լինելուց»: Էմմա Բեգիջանյանից հարցրինք՝ ո՞րը կարող է լինել ՀՀ-ի օգուտը Նիկոլ Փաշինյանի հիշատակած Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ ճանապարհի գործարկման դեպքում, Էմմա Բեգիջանյանն ասաց՝ օգուտը միայն այն կլինի, որ եթե ՀՀ-ի վրա ճնշում գործադրվի «միջանցքի» հարցով, չարիքի նվազագույնը կլինի այս ճանապարհին համաձայնելը:

Հետաքրքրվեցինք՝ Գյումրի-Մեղրի ճանապա՞րհն ինչու չի բերվում օրակարգ, իրանագետն ասաց. «Դա մեր ու Իրանի կառավարության հարցն է: Իրանցիների ցանկալի ճանապարհը դա է, այդ ավտոմայրուղին, որը նախկինները փողը կերան, չսարքեցին, այս մի իշխանությունն էլ ոչ հիշում է, ոչ խոսում: Դա պիտի կառուցվի, դա եւ՚ Իրանին, եւ՚ ՀՀ-ին ձեռնտու է: Ինչո՞ւ չի խոսվում այդ մասին, պետք է իշխանություններին հարցնել»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանն ակտիվացավ, երբ այսպես ասած «կպան» նրա աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերին. «Մինչեւ հիմա թուրք-ադրբեջանական տնտեսական եւ բոլոր կապերն անցնում էին Իրանով՝ Իրան- Նախիջեւան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհով: Դա մի կողմ թողնենք, որ իրենք նաեւ կախված էին Իրանից: Հիմա այդ կախումը չի լինի: Իրանն Ադրբեջանի, Թուրքիայի հետ սահմանակից է, ունի ճանապարհ, Իրանին այդ ճանապարհը պետք չէ, որն ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը, Իրանին պետք է ՀՀ-ի հետ ճանապարհ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28