Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՍԴ-ի՝ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման

Փետրվար 14,2022 13:30

Դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում էր միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում:

Փետրվարի 1-ին ՍԴ-ն կարեւոր որոշում է կայացրել: Այն պաշտոնական կայքում տեղադրվել է երկու օր առաջ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ, 16 հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ եւ 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: Խոսքը հերթական անգամ Վճռաբեկ դատարանի կողմից որոշումները չպատճառաբանելով գործը վերադարձնելու մասին է: Ի դեպ, հիշեցնեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչել է արդար դատական քննության իրավունքի խախտում:

Սահմանադրական դատարանն այս վեճը քննել է օրենսգրքի 6-րդ եւ 9-րդ հոդվածներով նախատեսված դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանությունը ստուգելու շրջանակում:

Հարցադրումները եղել են. արդյո՞ք պատճառաբանված դատական ակտի իրավունքը ներառված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի ծավալում, եթե այո, ապա արդյո՞ք վիճարկվող իրավական նորմերը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով համապատասխանում են այդ իրավունքի բովանդակությանը եւ, միաժամանակ, չե՞ն պարունակում այդ իրավունքի սահմանափակումներ, նման սահմանափակումներ պարունակելու դեպքում արդյո՞ք իրավունքի այդ սահմանափակումների նպատակը սահմանադրական է, իսկ ընտրված միջոցը՝ պիտանի, համարժեք սահմանափակման նպատակին։

Դիմումատուն ներկայացնելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի դատավարության պատմության հիման վրա իր փաստարկները, նշել էր, որ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մերժել է իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, առանց նշելու նման եզրահանգման համար հիմք հանդիսացած դատողությունների պատճառը: Ըստ դիմողի՝ «Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը չպատճառաբանելու պրակտիկան ակնհայտորեն սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը»:

Նշեմ, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործը, Աղասի Դանիելյանն ընդդեմ համապատասխանողների, հայցվորի կողմում հանդես եկող եւ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի, պատասխանողների կողմում հանդես եկող եւ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, անվավերության հետեւանքներ կիրառելու, իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, գումար եւ դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու, բռնագանձումը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա տարածելու, դրա անբավարարության դեպքում՝ համապատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու վերաբերյալ պահանջների մասին, 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է հայցը բավարարել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին որոշել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նշյալ՝ 2020 թվականի ապրիլի 10-ի վճիռը բեկանել եւ փոփոխել՝ հայցը մերժել: Իսկ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ին որոշել է քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակության հիմքի առկայության մասով. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեեւ բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումը Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիեւ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»: Այդ նույն որոշմամբ վճռաբեկ բողոքում մարդու իրավունքների եւ ազատությունների առերեւույթ խախտման հիմքի առկայության մասով Վճռաբեկ դատարանը նշել է. «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»։

Այս գործով պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովը վկայակոչելով Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումները եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, առարկել է դիմումին, նշելով. «Դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենսգրքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների սահմանադրականությունը, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի՝ որոշման իրավաչափության հարցը, մինչդեռ դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին»: Այդպիսի «ձեւականորեն վիճարկելու» դիմողի դեմ «մեղադրանք» նկատել եմ, երբ ՍԴ-ում պատասխանող կողմ է հանդես գալիս Ազգային ժողովը:

Պատասխանողը խնդրել էր այս գործի վարույթն ամբողջությամբ՝ ներառյալ նաեւ վիճարկվող իրավական նորմերի մասով, կարճել կամ վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության պահանջի ընդհանուր նկատառումներից բացի, այս որոշմամբ դատավարական կողմը, իր վճռաբեկ բողոքը օրենսգրքով նախատեսված ընթացակարգային կանոններին համապատասխան ներկայացնելով, սպառում է իր իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգում՝ այլեւս չունենալով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության այլ միջոց։ Հետեւաբար, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող՝ պատճառաբանվածության պահանջը, որից որեւէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ։

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ, որ այս գործի շրջանակներում Դատական դեպարտամենտից պահանջված եւ ստացված նշյալ քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանմամբ, որ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ՝ որպես դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշված՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացման եւ հրապարակման հարցում ենթադրյալ խախտումների եւ այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների կիրառության, վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռության, դիմողի ներկայացրած ապացույցների՝ իր պնդմամբ բավարարության եւ խնդրո առարկա ապացույցի արժանահավատության, վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցներից դիմողի պնդմամբ ընտրողաբար մեկի գնահատման, միաժամանակ՝ մյուսների անտեսման, վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին փաստարկներին ի պատասխան՝ 2021 թվականի փետրվարի 19-ի որոշումը պարունակում է միայն դատական ակտի հնարավոր պատճառաբանության եզրահանգումների արձանագրումն առ այն, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետեւության հանգելու համար՝ առանց շարադրելու այդ եզրահանգման հիմքում ընկած դատողությունների ընթացքը։ Այսինքն, առանց անդրադառնալու դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նույն բողոքը վարույթ ընդունելու համար նշված փաստարկների վերաբերելիության եւ բավարարության մասին Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ կատարված եզրահանգումների իրավաչափությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրեց. «Դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսգրքի 6-րդ եւ 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28