Հարցազրույց Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի Աննա Գերմիզեեւայի հետ
– Սիրելի Աննա, նախ եկեք հստակեցնենք՝ իսկապե՞ս դժվարությամբ եք ընդունել Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի հրավերը՝ հանդես գալու Արամ Խաչատրյանի «Սպարտակում» Էգինայի դերապարով։
– Անկեղծ ասած՝ երկմտանք եղել է։ Որդիս՝ Միխայիլը, փետրվարի 27-ին կդառնա մեկ տարեկան։ Ճիշտ է, ես նրա ծնվելուց 4 ամիս հետո բեմ եմ բարձրացել, բայց, հասկանում եք, չէ՞, դժվար է այդ տարիքի երեխային առանց մոր։ Դժվար է նաեւ մոր համար… Եթե հրավերը չլիներ մաեստրո Կարեն Դուրգարյանից, որին մեր թատրոնում ոչ թե սիրում են, այլ պաշտում, հավանաբար չէի գա, նույնիսկ այն դեպքում, որ առաջին անգամ պետք է հանդես գամ «Սպարտակում», այն էլ Խաչատրյանի հայրենիքում։
– Ուղիղ ասած՝ ստացվում է, որ մեր հանդիսատեսը ձեր արվեստը վայելելու համար պարտական է Կարեն Դուրգարյանին։ Հետաքրքիր է՝ Նովոսիբիրսկի թատրոնում «Սպարտակը» ո՞ր թվականին է բեմադրվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձեր թատրոնն ունի «Սպարտակի» երկու բեմադրություն՝ Գրիգորովիչի եւ Կովտունի, ո՞ւմ ներկայացման մեջ եք հանդես գալիս։
– Իմ դասատուն, որն արդեն 75 տարեկան է, դարձյալ Էգինա է պարել։ Նովոսիբիրսկում «Սպարտակի» պրեմիերան կայացել է 1977-ին։ Մինչեւ վերջերս երկու բալետմայստերների տարբերակներն էլ բեմում էին։ Այսօր արդեն միայն Գրիգորովիչի բեմադրությունն է։
Կարդացեք նաև
– Հասկանալի է, որ ձեզ համար դժվար կլինի պատասխանել, բայց, այնուամենայնիվ, ո՞ր բեմադրությունն է ձեզ սրտամոտ։
– Եկեք այսպես պատասխանեմ. մաեստրո Գրիգորովիչինը ավելի փիլիսոփայական է, ինտելեկտուալ, զուրկ ավելորդություններից։ Թող ինձ ների մաեստրո Կովտունը։ Տեղեկացված եմ, որ ձեզ մոտ Յուրի Գրիգորովիչը 2009-ին է բեմադրել «Սպարտակը» եւ մինչ օրս այն անցնում է լեփ-լեցուն դահլիճում։ Հավանաբար գիտեք, որ այս բալետի ստեղծման աշխատանքները հետաձգվել են երկար տարիներ եւ անձամբ Արամ Իլյիչը այցելել է Իտալիա, տեսել Կոլիզեումը… Պատկերացնո՞ւմ եք, երբ առաջին անգամ ոտք դրեցի Երեւանի օպերային թատրոնի բեմ, կարծես հայտնվեցի Կոլիզեումում, որովհետեւ ձեր թատրոնի բեմը շատ մեծ է, շատ խորը։ Այդուհանդերձ, ինձ առանձնապես շատ փորձեր պետք չէին։ Կրկնում եմ՝ միայն այն փաստը, որ Խաչատրյանի հայրենիքում եմ հանդես գալու, ինձ համար ոչ միայն պատիվ է, այլեւ պարտավորեցնող։ Մի բան էլ. երեւանյան «Սպարտակի» բեմադրությունը ճիշտ եւ ճիշտ կարծես Նովոսիբիրսկի թատրոնինը լինի՝ շատ փոքր տարբերություններով։
– Հետաքրքիր է՝ Նովոսիբիրսկի թատրոնում կա՞ն հայազգի բալետի արտիստներ։
– Ոչ, չկան։ Բայց մենք այնքան ենք աշխատել մաեստրո Դուրգարյանի հետ, որ կարծես նա մերը լինի։ Բալետային ներկայացում վարելը դիրիժորից պահանջում է ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլեւ վայրկյանների ճշգրտություն։ Իսկ մաեստրո Դուրգարյանը մեր թատրոնում ղեկավարում է մի շարք բալետային ներկայացումներ, այդ թվում՝ «Դոն Կիխոտ», «Ժիզել», «Մոխրոտը», «Սպարտակ» եւ այլն։ Մեր թատրոնի արտիստները, բացի դիրիժոր Դուրգարյանից, մեկ այլ դիրիժորի էլ են ընդունում, հարգում ու գնահատում։ Այդ անձնավորությունը ձեր հայրենակիցն է՝ Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն Արա Կարապետյանը։ Նրա ղեկավարությամբ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում» հանդես եմ գալիս Ջուլիետի մենապարով։ Արա Արամովիչն էլ մեծ պրոֆեսիոնալ է, կիրթ ու հիանալի անձնավորություն, խելացի, գնահատում է արտիստին։
– Դուք արդեն մեկ փորձ անցկացրել եք մեր թատրոնում, կուզեինք իմանալ՝ կուրտիզանուհի Էգինան՝ դուք, ի՞նչ տպավորություն ստացավ Կրասոսից, քանի որ այս ներկայացման մեջ Էգինան հիմնականում հանդես է գալիս նրա հետ։
– Ի դեպ, մաեստրո Դուրգարյանն ինձ առաջարկել էր՝ եթե անհրաժեշտություն կա, «իմ» Կրասոսին նույնպես հրավիրեն։ Ես էլ քաջածանոթ լինելով մաեստրոյի պահանջկոտությանը, մանավանդ որ Յուրի Գրիգորովիչի հետ նա է Երեւանում հանդիսացել «Սպարտակի» բեմադրող դիրիժորը, անկեղծ ասած՝ լռեցի։ Իսկ արդեն տեսնելով հայ Կրասոսին (Ռազմիկ Մարուքյան), համոզվեցի, որ փետրվարի 12-ին ամեն ինչ գերազանց է լինելու։ Էլ չխոսեմ բալետային խմբի ու ներկայացմանը ներգրավված մյուս մենապարողների մասին։
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2022