Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է հաստատի հարաբերություններ Թուրքիայի հետ»

Փետրվար 14,2022 15:00
Mexak Gabrielyan

«Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ էլ փորձի պայմանավորվել, դառնալու են անհետեւանք՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, միայն ինքը կստանա դավաճանի պիտակ, իր ընտանիքը՝ դավաճանի գերդաստան, եւ կշպրտվի պատմության աղբանոց, ինչպիսիք մեր պատմության էջերում շատ են»,- «Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

– Աշխարհաքաղաքական զարգացումներն այս պահին խտանում են Ուկրաինայում. Ձեր գնահատմամբ, կհաջողվի՞ Արեւմուտքին եւ ՌԴ-ին պայմանավորվել, թե՞ բախումներն անխուսափելի են:

– Ո՞վ կարող է ասել, թե ինչպիսի իրադրություն կստեղծվի առաջիկա ամիսներին, ուժերը ինչպիսի՞ վերադասավորման կենթարկվեն: Իսկ եթե լուրջ պատերա՞զմ սկսվի Ուկրաինայի եւ Ռուսատանի միջեւ: Հայաստանն ինչպիսի՞ դիրքորոշում է բռնելու, Ռուսաստանի կողմի՞ց պետք է մասնակցի այդ պատերազմին, թե՞ պետք է անցնի Արեւմուտքի կողմը: Մեր պատմության ընթացքում բազմաթիվ են նման իրավիճակները, երբ Հայաստանը՝ ելնելով իրավիճակից եւ ազգային շահից, աջակցել է մյուս կողմին: Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունները ինչպիսի՞ն են լինելու. ակնհայտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ռուսաստանի հակառակորդ: Ռուսաստանի պարտվելու պարագայում, ինչպես հարյուր տարի առաջ, ռուսական զորքերը լքելու են Հայաստանը: Ի՞նչ է անելու Հայաստանը: Պարզ թվաբանություն է, պետք է միանա Արեւմուտքին, ինչպես հարյուր տարի առաջ էր՝ Անտանտի մաս էր կազմում եւ ռազմական օգնություն ստանում նրանցից:

– Բայց Հայաստանն ու Թուրքիան դեռ ջանում են հարաբերություններ կարգավորել:

– Թուրքիայի հետ մենք մեր հարաբերությունները կկարգավորենք հենց այդ շրջանակում: Նա այլեւս չի կարողանա մանեւրել եւ կընդունի ու կճանաչի Հայաստանի Ազգագիրը՝ Տիտղոսը եւ կազատի զավթած՝ օկուպացրած տարածքները: Հայաստանը պետք է հաստատի հարաբերություններ Թուրքիայի հետ: Առաջինը, ինչը խանգարում է արդեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նոտաներ փոխանակած լինելուն, այն է, որ գործընթացն այժմ Թուրքիայի սցենարով է ընթանում:

– Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ առանց նախապայմանների է հարաբերություններ հաստատելու գործընթացը:

– Մեր իշխանությունն արդեն նախապայմաններ ընդունել է, երբ վարչապետը հայտարարում է փաստացի սահմանների կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը չարծարծելու մասին, այն թողնել սփյուռքի տնօրինությանը կամ փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը: Սակայն Հայաստանի եւ Թուրքիայի հետ սահմանը որոշված է միայն մեկ հայտնի միջազգային փաստաթղթով, դա Վ. Վիլսոնի իրավարար վճռով գծված սահմանն է: Հետեւաբար, ակնհայտ է, որ Թուրքիայի կողմից օկուպացված է Հայաստանի շուրջ 160 հազար քառակուսի կմ տարածք: Մեր այս տկարամիտները պետք է այս տարրական բաները հասկանան: Այնպես որ, ինչ էլ որ ստորագրեն կամ համաձայնության գան, դա առ ոչինչ է, ինչպես որ առ ոչինչ է 2020 թվականին նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը: Ինչպես որ օկուպացված է Հայաստանի տարածքը արեւմուտքից, այնպես էլ օկուպացված է արեւելքից՝ Ադրբեջանի կողմից, ոչ միայն 1994 թվականի ստորագրած փաստաթղթերով Հայաստանին անցած տարածքները, այլեւ 1920 թվականի միջազգային փաստաթղթերով Հայաստանին պատկանող մյուս տարածքները՝ այդ թվում՝ Գարդմանը, Գանձակը եւ Նախիջեւանը:

Առանց նախապայմանի հարաբերությունների հաստատում՝ նշանակում է առանց որեւէ հարցի մասին խոսելու միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որի համար ընդամենը պետք է արձանագրություն կազմվի եւ նոտայի տեսքով փոխանակվի:

Իրականում, Հայաստանը թուրքերի հետ հարաբերություն հաստատելու նախապայման արդեն ընդունել է, ինչպես նշեցի, տարբեր հայտարարությունների տեսքով: Իսկ հայ ժողովուրդն այդ իրավունքը մեր իշխանությանը չի տվել: Այդ լիազորությունը կարելի է ստանալ միայն հանրաքվեի միջոցով՝ Հայաստանում եւ Սփյուռքում:

– Այդ պարագայում՝ ինչո՞ւ է Թուրքիան ուզում հարաբերություն հաստատել Հայաստանի հետ:

– Թուրքիայի այժմյան ակտիվացումը Հայաստանի նկատմամբ, ակներեւ է, որ ԱՄՆ թելադրանքով է կատարվում: Նա փորձեց երկու կողմից շրջափակումով Հայաստանում ստեղծել այնպիսի վիճակ, որ Հայաստանը դատարկվի, սակայն չստացվեց: Այժմ, երբ կա ԱՄՆ պարտադրանքը, նա ստիպված դիմում է հարաբերություններ հաստատելու գործելաոճին: Իրականում Թուրքիայի նկրտումները այլ են, դրա մասին շատ է խոսվել: Միայն այն, որ Հայաստանի չեզոքացումով Թուրքիան դառնում է հզորագույն պետություն, դա ակնհայտ է, Միջերկրական, Սեւ եւ Կասպից ծովերի արանքում, աշխարհի հոգեւոր կենտրոնում, միջազգային տարանցիկ ճանապարհների հանգույցում, բնական հարստություններով լեցուն: Այդպիսի ընթացքի դեպքում Թուրքիան շատ կարճ ժամանակ հետո կդառնա գերհզոր պետություն: Մենք լինեինք կհրաժարվեի՞նք այս իրականանալի տեսլականից: Իհարկե՝ ոչ: Իսկ ինչո՞ւ պետք է Թուրքիան հրաժարվի, եթե արդեն երկու հարյուր տարուց ավելի է, որ դրա իրականացման համար ամեն ինչ անում է, նույնիսկ դիմեցին անթույլատրելիին՝ ցեղասպանության եւ մեր տարածքների մեծ մասի տիրազրկման: Այդ հայ ժողովուրդն է, որ կարողացել է դիմակայել եւ աշխարհը փրկել հերթական պատուհասից:

Նիկոլ Փաշինյանը ում հետ ինչ էլ փորձի պայմանավորվել, դառնալու են անհետեւանք՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, միայն ինքը կստանա դավաճանի պիտակ, իր ընտանիքը՝ դավաճանի գերդաստան, եւ կշպրտվի պատմության աղբանոց, ինչպիսիք մեր պատմության էջերում շատ են:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28