Վանաձորի Տերյան 14 բ շենքի բնակիչներն անհանգստացած են: Պատճառն այն է, որ որոշակի ժամանակ է՝ շենքի տանիքը վնասվել է, գտնվում է անբարեկարգ վիճակում: Իսկ ձյան հալոցքների ժամանակ այն ավելի վատթար վիճակի է հասնում:
Բնակիչներն ասում են, որ վերանորոգումը մեծ գումարների հետ է կապված, իսկ իրենք ի վիճակի չեն միայն սեփական ուժերով խնդրին լուծում տալ. «Քամիների շրջանում լրիվ տոլերը պոկվել են ու մեծ մասամբ կտրտվել են ու թափվել։ Ընդհուպ մինչեւ մեր շենքի ներքեւի սեփական տան հայաթ: Ինչ-որ կախված է բնակիչներից, մենք կկարողանանք որոշ հարցերով օգնենք: Խնդրում ենք ուշադրություն` մեր տանիքի վերանորոգման հարցին։ Նաեւ շուտով գարուն է եւ գարնանը հորդառատ անձրեւների ժամանակ ավելի ահավոր կլինի»,- ասում է շենքի բնակչուհի Սոնա Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Վերջին տարիներին տանիքը 2 անգամ վերանորոգվել է։ Սակայն, բնակիչների խոսքով, անորակ աշխատանքի ու ուժեղ քամիների հետեւանքով այն կրկին նույն վիճակում է. «2017-18 թվականներին նորից վերանորոգեցին նոյեմբեր ամսին՝ լավ չկպավ։ Հիմա ամբողջ տանիքի տոլը պոկված է։ Բոլորիս տները ջուր է լցվում, մինչեւ 7-րդ հարկ հասնում է ջուրը։ 10 տարում արդեն 2 անգամ վերանորոգել են, բայց ոչ մի լավ բան չստացվեց»-, ասում է շենքի բնակիչ Լյովա Հակոբյանը:
Խնդիրն ավելի է սրվում հատկապես ձնհալի դեպքում, երբ ամբողջ ջրերը լցվում են շենքի բնակարաններ. «Նախորդ անգամ մեծ գումարներ են հավաքվել, ինչ-որ չափով քաղաքապետարանից են աջակցել։ Այդ օրերին անձրեւային էր, հետո էլ երեւի անհրաժեշտ չափով նյութեր չեն օգտագործել եւ դա էլ իր հերթին նպաստեց, որ որակով չլինի։ Ցանկալի է, որ կազմակերպողներն էլ հետեւողական լինեն այդ աշխատանքներին, որ նորմալ կատարվի։ Իսկ եթե պետք է նորից այդքան ներդրումներ արվի եւ մի կամ երկու տարի հետո նորից նույն վիճակը լինի, պետք է պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց, որ բարեխիղճ չեն»,- ասում է տիկին Ռիման:
Նշված բնակարաններ է այցելել նաեւ «Մոնթե» համատիրության նախագահը։ Նազանի Սարգսյանը, որ մի քանի ամիս է՝ աշխատում է այս պաշտոնում, մեզ հետ զրույցում ասաց, որ օրերը տաքանալուն պես կսկսեն տանիքի վերանորոգման աշխատանքները. «Հաշվարկը կարվի, թե ինչքան նյութ է անհրաժեշտ, նաեւ վարպետի գումարը կհաշվարկենք։ Ապա, այդ գումարները կբաժանենք 36 բնակարանների մեջ, ինչպես նաեւ գումար կհատկացնի նաեւ «Մոնթե» համատիրությունը, եւ միասին այդ խնդիրը կլուծենք»։
Նախնական հաշվարկով խնդրի լուծման համար անհրաժեշտ է մոտ 500 հազար դրամ գումար. «Կնորոգենք այնպես, որ ոչ թե նախկին նորոգման նման 6 ամիս տեւի, այլ գոնե ամենաքիչը 8 տարի շահագործվի։ Կա նաեւ տարբերակ, որ 100 հազար դրամով մասնակի վերանորոգենք, սակայն դա ժամանակավոր է: Բայց կարիք չկա մի անգամ 100 հազար դրամ ծախսենք, հետո նորից 400 հազար»։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ