Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Քաղաքապետի ֆունկցիաների մեջ չի մտնում այնպես անել, որ ոստիկանությունը կենդանի պատնեշ կազմի ու թույլ չտա ընտրված ավագանու անդամները մուտք գործեն աշխատավայր»

Փետրվար 13,2022 19:20

Aravot.am-ի տեղեկություններով Վարդենիսի քննչական բաժնից ստացվել է տեղեկանք, որ հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունից իրենց մոտ ստացվել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում, համաձայն որի հունվարի 4-ին Վարդենիս համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Արմենի Մելքոնյանը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր հորդորով ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդմնակալության արարողության համար հրավիրված «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների  ավագանու անդամները մտնեն Վարդենիսի համայնքապետարան: Փաստի առիթով Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանը այս առիթով Aravot.am-ին ասաց. «Եթե հիշում եք, այդ օրը ավագանու ընդդիմադիր անդամները եկան, որպեսզի մուտք գործեն իրենց աշխատավայր՝ համայնքապետարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ոստիկանների այդ գործողությունները ապօրինի էին եւ այդ մասով, եթե չեմ սխալվում, էլի ինչ-որ պրոցես կա, որովհետեւ պատգամավոր Արամ Վարդեւանյանն էր հրապարակային դիմել դատախազություն, եւ վերջինը ինչ-որ գործողություն արել է: Բայց այդ թույլ չտալուց անմիջապես հետո Արամ Մելքոնյանը հարցազրույց տվեց ու ասաց, որ ինքն է այնպես արել, որպեսզի ավագանիները չկարողանան մուտք գործել համայնքապետարան:

Հաղորդման իմաստն այն է, որ մենք ուզում ենք հասկանալ՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանն այնպիսի հնարավորությունների տեր անձնավորությո՞ւն է, որ կարողանում է  ոստիկանությանը ասել՝ այս կամ այն մարդուն չթողնեն մուտք գործել իր աշխատավայր: Թե՞ Արամ Մելքոնյանը պարզապես փորձել է ցույց տալ կամ ընդգծել իր հավանական նման ունակություններ ունենալը: Պարզելուց հետո կհասկանանք հանցագործության, ինքնիրավչության  հետ առնչություն ունե՞նք, թե՞ չունենք: Քաղաքապետի, առավել եւս՝ նախկին, ֆունկցիաների մեջ չի մտնում այնպես անել, որ ոստիկանությունը չորս էշելոնից բաղկացած կենդանի պատնեշ կազմի ու թույլ չտա, որ ընտրված ավագանու անդամները մուտք գործեն իրենց աշխատավայր:

Ոստիկանները արգելում էին՝ պատճառաբանելով, թե դատարանում հայցադիմում է ընդունված վարույթ՝ առանց բացահայտելու, թե ինչ դիմում է: Սակայն պարզվեց, որ այդ հայցադիմումը ոչ միայն չէր ընդունվել վարույթ, այլեւ վերադարձվել էր հայցվորներին: Մենք բացատրում էինք ոստիկանությանը, որ անկախ հայցադիմումից, դրա՝ վարույթ ընդունվելուց կամ չընդունվելուց, առաջնային մանդատով օժտված ավագանու անդամները եկել են իրենց աշխատավայր եւ նրանց խոչընդոտելու որեւէ իրավական հիմք գոյություն չունի:

Մի խոսքով, հիմա փորձում ենք այս ամենը հասկանալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28