Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) դիմում է ՀՀ Կառավարությանը եւ Ազգային Ժողովին հորդորով եւ պահանջով՝ ոչ մի դեպքում չհամաձայնվել մեր երկրի մասնակցությանը որեւէ գործողությունների, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայի դեմ, թե՛ ՀԱՊԿ ձեւաչափով, թե՛ ՌԴ-ի հետ միասին։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում մենք համարում ենք զարգացումների նման տարբերակը կործանարար ՀՀ միջազգային համբավի համար եւ անընդունելի՝ երկրում ժողովրդավարական գործընթացի առումով։ Դրա ուղիղ հետեւանքները կլինեն ոչ միայն ՀՀ բացարձակ միջազգային մեկուսացումը եւ պատժամիջոցների ենթարկվելը, այլ նաեւ
Արցախի հիմնախնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի տապալումը, ինչն անխուսափելիորեն կբերի Արցախի հայաթափմանը։
Ուկրաինան մեր ապագա ռազմավարական գործընկերն է Հարավ-Արեւելյան Եվրոպայի քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական մեծ նախագծում, ուստի մեր բազմադարյա բարեկամական հարաբերությունները այդ երկրի հետ չեն կարող սպառնալիքի տակ դրվել այլոց արկածախնդիր կայսերապաշտության պատճառով։ Մեր հորդորն ու մտահոգությունը կարող են թվալ վաղաժամ ու ժամանակավրեպ, սակայն մեկ ամիս առաջ Ղազախստանում տեղի ունեցածը եւ ՀՀ անհամաչափ արձագանքը դրան, ստիպում է մեզ դիմել այս նամակով ՀՀ իշխանություններին հենց հիմա, քանի դեռ չեն կատարվել անթույլատրելի ու անուղղելի սխալները։
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ կոչ ենք անում օր առաջ դուրս բերել ՀՀ-ն ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցներից, որտեղ մեր երկիրը գտնվում է ավելի շատ պատանդի կարգավիճակում, որպեսզի կարողանանք կառուցել բնականոն քաղաքակիրթ հարաբերություններ ազատ ժողովրդավարական աշխարհի հետ։
ՀԵՎԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ