Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսվա ընթացքում վեց անգամ եղել եմ ոստիկանությունում, մեկ անգամ՝ քննչականում»

Փետրվար 13,2022 17:54

Aravot.am-ին հասած տեղեկություններով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացվել է գրություն, որ Երեւան քաղաքի բնակիչ Վազգեն Սաղաթելյանն իր «Ֆեյսբուք» սոց. ցանցում կատարել է գրառում պաշտոնատար անձանց հասցեին, որը իր մեջ պարունակում է ծանր վիրավորանք եւ որ նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գրառման մասին է խոսքը եւ ի՞նչ փուլում է գործի ընթացքը: «Վերջին երկու ամսվա ընթացքում վեց անգամ եղել եմ ոստիկանությունում, մեկ անգամ՝ քննչականում: Քննչականում եղել եմ «Անտիֆեյք» ծրագրին հյուր լինելուց հետո, երբ քրեական գործ է հարուցվել, եւ ես գնացել եմ վկայի, պոտենցիալ կասկածյալի կարգավիճակով:

Բայց որքան գիտեմ, դեռ վկայի կարգավիճակում եմ, քանի որ այլ նորություններ չկան: Իսկ ոստիկանություն ամեն անգամ գնում եմ իմ հերթական գրառումների համար: Եթե չեմ սխալվում, վեց անգամ գնացել եմ. 3-4 անգամ վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ կապված, մյուսները՝  պատգամավորների: Ես դժվարանում եմ ասել, թե ձեզ հասած հաղորդագրությունը որ մեկի մասին է: Օրինակ, հետաքրքիր ազգանունով ֆրանսիացի հայտնի ֆանտաստ գրող կա, որը, բնականաբար, ֆանտաստիկ բաներ է գրում: Ես այս առումով նրա ու մեր շատ իշխանավորների, մասնավորապես, երկրի ղեկավարի մեջ ընդհանուր բաներ էի տեսել: Ինձ կանչում, հարցնում են, թե ինչ նկատի ունեմ, ես էլ բացատրում եմ: Ինչքան տեղյակ եմ, քրեական գործ չի հարուցվել, որովհետեւ ինձ որեւէ անգամ կասկածյալի կարգավիճակով չեն հրավիրել: Ամեն անգամ, երբ ինձ կանչում են, աբսուրդ բաներ էլ կան: Իրենք ամենավատ կերպով են հասկանում:

Օրինակ, երբ Քենիայում պահպանակների դեֆիցիտի մասին լրատվական դաշտում բաց տեղեկատվություն էր տարածվել, ես այդ նյութը սքրին եմ անում եւ գրում եմ՝ ՔՊ ողջ անձնակազմին շտապ գործուղել Քենիա, որը մեզ թշնամի երկիր չէ: Օգնության ձեւերը կարող են տարբեր լինել: Այդ ապրանքատեսակը, որից մեծապես կախված է հանրային առողջությունը, մեր մոտ շատ հասանելի է: Հետեւաբար, ի՞նչն է խանգարում, որ  յուրաքանչյուրը մի քանի բլոկ առնի եւ հետը տանի Քենիա: Օգնության տարբերակ է չէ՞: Ես ասում եմ, թող գնան ու ինչպես կարող են, օգնեն: Իսկ իրենք միանգամից հասկանում են, թե իրենք են այդ ապրանքատեսակը:

Մի խոսքով, ոստիկանությունն արդեն հարազատ տեղ է դարձել, ամեն անգամ գնում, բացատրում ենք: Ես այսպես եմ հասկանում. եթե բացատրության կանչելուց հետո քրեական գործ չի հարուցվում, ուրեմն մեր բացատրությունը լեգիտիմացվում է, այդ բացատրությունը իրենց համար ընդունելի է»,-մեկնաբանեց Վազգեն Սաղաթելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28