Տիրամիսուի երկու տարբերակ՝ դասական տիրամիսուն եւ հատապտուղներով տիրամիսուն, տարիներ առաջ ներկայացրել եմ ձեր ուշադրությանը: Այսօր առաջարկում եմ պատրաստել մեկ այլ՝ կանաչ տիրամիսու:
Մատչա թեյը վերջին շրջանում աշխարհում շատ տարածված եւ «մոդայիկ» թեյերից է, իրենից ներկայացնում է փոշի կանաչ թեյ (ճապոներեն՝ մանրացրած թեյ), որ ճապոնացիներն ու չինացիները դարերով օգտագործել են: Համարվում է, որ այն շատ օգտակար հատկություններ ունի, հարուստ է հակաօքսիդանտներով, օգնում է նվազեցնել խոլեստերինի քանակն օրգանիզմում: Մատչային վերագրվում են շատ ավելի օգտակար հատկություններ եւս: Մատչայի տարածմանը զուգահեռ՝ առաջացավ նաեւ մատչայով պատրաստվող խմորեղենների բազմատեսակ ընտրանի: Մատչայով տիրամիսուն դրանցից մեկն է: Իմ առաջարկած տարբերակում մատչա թեյին ավելացնում ենք նաեւ երկու ճաշի գդալ աբսենթ, որը կարող եք փոխարինել նաեւ որեւէ այլ կանաչ ալկոհոլային խմիչքով, օրինակ, Յագերմայստեր լիկյորով:
Անհրաժեշտ մթերքները
Սավոյարդի տեսակի թխվածքաբլիթ-300-400 գրամ՝ կախված ձեր մատուցարանի չափից
Կարդացեք նաև
Մատչա թեյ- 2 ճաշի գդալ
Աբսենթ կամ որեւէ այլ ալկոհոլային խմիչ- 2 ճաշի գդալ (եթե երեխաներ էլ են ուտելու, կարող եք ոչինչ չավելացնել)
Մասկարպոնե պանիր-500 գրամ
Հավկիթ-5-6 հատ
Շաքարավազ-200 գրամ
Պատրաստման եղանակը
Սկզբում պատրաստենք մատչա թեյը: Դրա համար եռացրած, բայց մի փոքր սառած ջուրը՝ 80 աստիճան ցելսիուս, լցրեք մատչայի փոշու վրա, լավ խառնեք, ավելացրեք նաեւ ալկոհոլը եւ դրեք մի կողմ, որ սառչի:
Պատրաստեք կրեմը: Առանձնացրեք ձվի սպիտակուցը դեղնուցից: Շաքարավազի կեսով հարեք դեղնուցը, մինչեւ շաքարավազը լրիվ լուծվի եւ դեղնուցն էլ դառնա բաց լիմոնագույն: Ավելացրեք մասկարպոնեն, շարունակեք հարել, որ դառնա միատարր զանգված: Առանձին ամանի մեջ լավ հարեք սպիտակուցը՝ մնացած շաքարավազով: Բեզեն զգուշությամբ ավելացրեք դեղնուցային զանգվածին:
Սավոյարդիները թաթախեք մատչայի լուծույթի մեջ եւ շարեք ապակյա կամ կերամիկայից ամանի հատակին, վրան լցրեք կրեմը: Եթե ամանը փոքր չափսի է, բայց խորը, կարող եք երկու շերտով անել: Դրեք սառնարանը առնվազն չորս, ցանկալի է 8-12 ժամով:
Մատուցելիս վրան ցանեք մատչայի փոշի եւ մատուցեք: Քանի որ շատ նուրբ խմորեղեն է, պետք է գդալով դնել բաժինները, ոչ թե դանակով կտրել:
Պատրաստման եղանակն ու նրբությունները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ