«Ես պատերազմով անցած մարդ եմ, էսքան զոհ տալ՝ հնարավոր չէր։ Ինչու իմ տղային ու մյուսներին շարասյունով պիտի տանեին՝ լույսեր վառ, որ մի բան լիներ։ Չկա՞ր մեջները գրագետ սպա»,-ասում է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Երեմյանի հայրը՝ Սերգեյ Երեմյանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, Սերգեյ Երեմյանի խոսքով, ոչինչ չփոխեց։ «Ստորագրեցինք, բայց մինչեւ հիմա թուրքը մեզ ճնշում է։ Ստորագրեցինք, որ հողերը տա՞նք, հետո Հայաստանը տա՞նք։ Չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, բայց կգա ժամանակ, որ մենք՝ զոհվածների հարազատներս մերը կասենք»,-ասում է 1990-ականներին հայ–ադրբեջանական զինված հակամարտությանը մասնակցած Սերգեյ Երեմյանը։ Նա չի կարող հասկանալ, թե բարձր ամբիոններից ինչպես են կարողանում շատերը խոսել, երբ ո՛չ իրենք են ծառայել, ո՛չ այդ խոսողների որդիները։ «Աստված չանի, պատերազմ սկսվի, ես ջոկատ եմ կազմելու, մտնեմ էդ մարդկանց տները հավաքեմ չծառայողներին ու գնանք կռվելու»,-ասում է մեր զրուցակիցը։
«Ես ուզում եմ տեսնեմ էն գեներալներին, որ պատերազմից հետո ստացել են կոչումներ, նայեմ աչքերին՝ զենքը տամ ու ասեմ էն տանկին խփի»,-ասում է զոհված հերոսի հայրը։
Սերգեյ Երեմյանը մի բան է խնդրում Բարձրյալից՝ բացվի 44-օրյա պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։ «Նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, անգամ մի զինվորի կողքին չեն եղել, թող չջղայնացնեն զոհվածի հարազատներին»,-ասում է Սերգեյ Երեմյանը։
Կարդացեք նաև
Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում։
36-ամյա Կարեն Երեմյանն Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։ 2020թ.-ի հոկտեմբերի 22-ին վիրավորվել է «Մարտունի 2»-ում, ու մի քանի օր պայքարելով մահվան ու կյանքի միջեւ՝ անմահացել։ Կամավոր նաեւ մասնակցել էր Ապրիլյան քառօրյային։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ