Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար․ լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա՝ որևէ խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար, բացառությամբ 2021-ի: «Եթե դուք գնաք «Փեթակ», այնտեղի ժողովուրդը 10 տարի առաջ էլ գործնական հարաբերություններ է ունեցել թուրք գործընկերների հետ», – ասել էր նախարարը։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով այս պնդմանը՝ «Լոգիկա» գործարար և ֆինանսատնտեսական անկախ հետազոտությունների կենտրոնի» նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Քառյանն ասաց․ «Այդ առեւտուրն ընթացել է միջնորդված՝ բաց սահմանների դեպքում չի ընթացել․ անհատական մակարդակով, երրորդ երկրով։ Դա ուղղակի չի կարելի համեմատել։ Այս դեպքում շատ կարեւոր երկու հարցադրում կա։ Նախ՝ Թուրքիան լինելով Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ՝ պաշտոնապես փակել է բարենպաստ պայմանների հնարավորությունը Հայաստանի նկատմամբ, իսկ դա ԱՀԿ սկզբունքներից մեկն է։ Երկրորդ՝ փակվել է գոյություն ունեցող Կարս–Գյումրի ճանապարհը, այդ թվում՝ էլեկտրահաղորդման ուղիները»։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը լրացրեց․ «1993 թվականից սկսած՝ հայկական ապրանքներ ներկրելը թույլ չտալու վերաբերյալ Թուրքիան հստակ ունի կառավարության որոշում եւ դա ավելի ուշ ամրագրվել է օրենքում։ Բայց եղել է ստվերային առեւտրաշրջանառություն՝ հայկական որոշ ապրանքներ մուտք են գործել՝ ռեբրենդինգ արվելով վրացական կամ այլ անուններով»։
Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման, կառուցման մասին։»։ Ըստ նրա՝ «Պայմանավորվել ենք, որ երկաթուղին գործելու է միջազգային չափանիշներով՝ երկու երկրների օրենսդրության, սուվերենության շրջանակներում»։
Կարդացեք նաև
Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով Հայաստանն Ադրբեջանին կապող այս երկաթուղու կառուցման համար քաղաքական նախադրյալներին՝ նշեց․ «Հիշողության կորուստ չունենք, խորհրդային տարիներին, մեկ միասնական պետության մեջ լինելով՝ Ադրբեջանի տարածքով երբ անցնում էր գնացքը՝ քարերով ջարդուփշուր էին անում ապակիները։ Դա ուղեւորների դեպքում։ Իսկ բեռների դեպքում թալանը մշտապես էր գրեթե։ Հիմա եթե ինքնիշխան պետությունները պետք է դրանով զբաղվեն՝ առանց երրորդ կողմի անհնար է․ սա ուղղակի բացառվում է։ Հայատյացությունը, գլուխ կտրելը, ականջ ու լեզու կտրելն այսօրվա դեպքեր են՝ ոչ թե 30 տարի առաջվա։ Ադրբեջանը դեռ ճիգ պետք է գործադրի՝ համաշխարհային հանրությանը ներկայանալու համար․ մարդասպանին ազգային հերոսի կոչում տալը, եւ այս ամենն իրենից մաքրելու համար, որ վստահություն ձեռք բերի։ Այս պարագայում հորթի ուրախությամբ վազելը դեպի նման «պրոյեկտները»՝ կարծում եմ, նախ եւ առաջ՝ արժանապատվության պակասի մասին է վկայում։ Պահանջները պետք է շատ հստակ լինեն՝ անվտանգության պահանջներ են սրանք»։
Կառավարության ղեկավարը պնդել էր, թե տնտեսության զարգացմանը կնպաստի Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շահագործումը։ «Լոգիկա» կենտրոնի ղեկավարն այս առնչությամբ հղում արեց փորձագիտական հաշվարկներին․ «Ամենակարեւոր խնդիրը, որ դիտարկվում է, թե մենք կշահենք՝ տրանսպորտային ծախսերի նվազեցումն է՝ 25-30 տոկոսով։ Դա իսկապես կարող է տեղի ունենալ։ Ընդ որում՝ ոչ թե այն պատճառով, որ մենք ավելի շատ կօգտվենք բացված ճանապարհներից, այլ՝ վրացական կողմը կտեսնի, որ այլընտրանք կա, եւ կիջեցնի իր սակագները»։
Սակայն պրն Քառյանը նաեւ վերապահում արեց․ «Անկախ նրանից, թե ինչքան արդյունավետ կլինի, մենք ինչքան կշահենք տնտեսապես՝ այստեղ հաշվարկները ցույց են տալիս, որ մենք այդքան մեծ ապրանքաշրջանառություն չունենք դեպի հարավ՝ Իրան, Իրաք եւ հարեւան երկրներ գնացող․ սա է ցույց տալիս մեր արտաքին առեւտրի, արտահանման կառուցվածքը։ Դա չի կարող գերազանցել 6-7 տոկոսը»։
«Այլընտրանք» կենտրոնի ղեկավարը վիճարկեց փորձագիտական հաշվարկները․ «Հարավկովկասյան երկաթուղու պատասխանատուի հետ մի քանի տարի առաջ ունեցած իմ զրույցից մեջբերեմ․ դժգոհություն կար, որ ավտոճանապարհով՝ մեքենաներով տեղափոխվող բեռներն ավելի էժան են, քան երկաթուղով։ Ես այդ պատճառով ուզում եմ լուրջ հարցական նշան դնել այդ 25-30 տոկոսների վրա․․․ Չեմ բացառում, որ 5-10 տոկոս լինի, բայց 20-25-30․․․ սրանք լուրջ հիմնավորումներ են պահանջում։ Ո՞ր բեռներն են տեղափոխվելու, ո՞ւր են տեղափոխվելու, ինչքա՞ն են հիմա, ինչքա՞ն հետո կարող են լինել»։
Թաթուլ Մանասերյանը նաեւ նկատեց․ «Հայերիս պետք չէ բացատրել երկաթուղու կամ բաց սահմաններ ունենալու կարեւորությունը։ Հայաստանը չէ, որ նախաձեռնել է այս շրջափակումը։ Եվ ընդամենը պետք է այն դիրքերից հանդես գալ, որ առաջին հերթին անվտանգություն են ապահովում․ վստահություն, որ չի վերսկսվելու պատերազմը»։
Իսկ հաղորդման սկզբում նա նշել էր․ «Եթե մեզ շատ են հորդորում այս կամ այն կողմից՝ ներսից, դրսից, տարբեր ուղղություններից՝ կուզենայի, որ այդ հորդորներն ուղղեն, օրինակ՝ Իսրայելին, ասեին՝ դե, բացեք ձեր սահմանները, քանի տարի է՝ Պաղեստինի հետ, այ մարդ, էս ինչ վիճակ է։ Հույներին առաջարկեն թուրքերի հետ հարաբերությունները նորմալացնել, Կիպրոսի հարցը լուծել վերջապես։ Այսինքն՝ ամեն տարածաշրջան, ամեն «կրակի կետ» ունի իր առանձնահատկությունները, եւ հաշվարկները պետք է շատ պրագմատիկ արվեն՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ սոցիալական, նաեւ ժողովրդագրական առումով»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ