Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Թումանյանի թանգարանում ամփոփվեց «Մեր մեծերի սերը» խորագրով խաղը

Փետրվար 12,2022 21:15

Փետրվարի 11-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով, Հովհաննես Թումանյանի թանգարանում ամփոփվեց «Մեր մեծերի սերը» խորագրով խաղը, որն անց էր կացվում առաջին անգամ։ Խաղը նախաձեռնել են Հովհաննես Թումանյանի թանգարանը, ԵՊՀ Ուսխորհուրդը՝ Արարատյան Հայրապետական թեմի աջակցությամբ:

Քվեսթի իրականացմանն աջակցեցին Կոմիտասի, Մարտիրոս Սարյանի, Եղիշե Չարենցի, Երվանդ Քոչարի, Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի թանգարանները, Մատենադարանը և «Լառա» Chocolate Gallery-ն:

Խաղին ուսանողները մասնակցում էին 3-5 հոգանոց թիմերով: Նրանք տոնի նախընթաց շաբաթվա ամեն օր փորձում էին գտնել հանելուկ-գլուխկոտրուկները, որոնց պատասխանները թաքնված էին Երևանի թանգարաններում ու քաղցրեղենի գործարաններում: Այդ պատասխանները հուշումներ էին՝ հիմնական հարցի պատասխանը բացահայտող:

Խաղի մասնակից, ԵՊՀ ուսանող Հանեսողյան Լիան խաղի մասին իր տպավորություններով կիսվեց մեզ հետ՝ մասնավորապես ասելով․ «Սա մեզ համար շատ լավ առիթ էր լինել՝ Երևանի գրեթե բոլոր թանգարաններում։ Ծանոթանալ այն թանգարանների հետ, որտեղ դեռևս չէինք եղել։ Ցանկանում եմ ասել, որ ուսանողության շրջանում այն շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց, ու լիահույս ենք, որ հաջորդ տարի այն ևս կկայանա»։

ԵՊՀ ուսանողական խորհրդից Սահակյան Նորիկն և Գոհար Մարությանը խաղի կազմակերպիչներից են։ Նրանք խաղի մեկնարկի պահից սկսած՝ հանելուկներ են գրել ու դրանք տեղադրել տարբեր թանգարաններում։ Քանի որ խաղը նվիրված էր Սուրբ Սարգսի տոնին,  հարցերը կազմվել են հենց սիրո թեմայի շուրջ։  «Մենք չէինք սպասում, որ խաղի հանդեպ այսպիսի ոգևորություն է լինելու, ուսանողների միջև մրցակցությունը բավականին մեծ էր։ Թիմերն առավոտյան շուտ այցելում էին թանգարաններ, որպեսզի շուտ գտնեն հանելուկների պատասխանները»,- պատմեցին խաղի կազմակերպիչները։

Խաղի ամփոփման գեղարվեստական միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի օրհնությամբ, այնուհետև երիտասարդներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։

Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ միջոցառման բացման խոսքում նշեց, որ Թումանյանի ընտանիքը մշտապես պարուրված է եղել տիեզերական սիրով, ու Թումանյան թանգարանը դարձել է այդ ընտանիքի պահպանողն ու սերունդներին նրանց կատարած մեծ գործի մասին փոխանցողը։ «Մենք շատ ուրախ ենք, որ ոչ թե թանգարանն է եղել այս միջոցառման նախաձեռնողն ու իրագործողը, այլ երիտասարդները, իսկ թանգարանը այս դեպքում եղել է նրանց մտքի թռիչքների աջակիցը»,- եզրափակեց իր խոսքն Անի Եղիազարյանը։

Միջոցառման ընթացքում թանգարանագետ Տաթեւ Սարոյանը ներկայացրեց Թումանյանի թանգարանում իրականացվող «Սուրճ, սէր, թանգարան» ծրագիրը, ապա սիրո տոնի առթիվ պատմեց մեծերի սերերի, նրանց հանդիպումների ու սրճարաններում գրած նրանց նամակների մասին, հետաքրքիր պատմություններ պատմեց մեր գրողների ու բանաստեղծների կյանքից, որոնք հաճախ անտեսված են մնում կամ շատերին ծանոթ չեն:

Մրցույթին 10 թիմ էր մասնակցել։ Արդյունքում հաղթող ճանաչվեց «Ալգորիթմ» թիմը։ Որպես մրցանակ՝ թանգարանի կողմից, թիմի ավագը հնարավորություն ունեցավ միայնակ մտնել Թումանյանի  սենյակ, բացել Թումանյանի սրտի տուփը, ուր դրված են տուփի բանալու կրկնօրինակները։ Որպես քվեստից հիշատակ՝ բոլոր մասնակիցները ստացան Թումանյանի սրտի տուփի բանալու կրկնօրինակները։ Իսկ առաջին, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած մասնակից թիմերին շնորհվեցին մրցանակներ։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28