Փետրվարի 12-ին` հավարտ Ս. Պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ` իրենց մայրերի, քույրերի, սիրելիների հետ:
Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Հայոց բանակի լավագույն զինվորների պարգեւատրությունը իրականացվում է 7-րդ անգամ: Այս տարի Արարատյան Հայրապետական թեմի կողմից, Ս. Սարգսի տոնի շրջանակում, խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով պարգեւատրվեցին 20 ժամկետային զինծառայողներ՝ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ցուցակի:
Միջոցառումը Սիոն Սրբազանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա Սրբազան հայրը ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց Ս․ Սարգսի տոնը` փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանի օրհնությունները։
Զինվորներից Մկրտիչ Ադամյանն իր ու ծառայակից ընկերների անունից շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի համար՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է սրբի տոնի առթիվ նման պարգեւի արժանանալը:
Կարդացեք նաև
Իսկ զինվորների ծնողների անունից շնորհակալության խոսք ասաց տիկին Մարգարիտա Բաղդասարյանը: Նա, շնորհավորելով տոնի առթիվ, բոլոր զինվորներին մաղթեց խաղաղ ու բարօր ծառայություն:
ՀՀ պաշտպանության նախարարություն կողմից պարգեւատրված զինվորներն արժանացան 10-օրյա արձակուրդի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին