Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգված չենք աշխատում, ես չգիտեմ, թե ինչ է ուզում ԱԺ-ն»․ Հրանուշ Խառատյանը՝ Դավիթ Բաբայանին

Փետրվար 12,2022 18:53

«Կարծես թե չենք կարողանում խնդիրը պատշաճ ներկայացնել։ Երբ Նախիջեւանում էին ոչնչացնում, Հայաստանի կողմից իրավական գնահատական չտրվեց։ Այս խնդրի շուրջ բոլոր ռեսուրսները պետք է դնենք։ Մենք համակարգված չենք աշխատում, ես չգիտեմ, թե ինչ է ուզում ԱԺ-ն։ Անիմաստ ժամանակ ենք ծախսում շատ բաների վրա։ Հիմա Ադրբեջանը հայտարարություններ է անում «աղվանական» հուշարձանների մասին, իսկ այստեղից տեքստ չկա։ Չունենք նման ռեսուրս, ծրագրային աշխատանք»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ հանդիպմանը բարձրաձայնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի հայկական հուշարձանների ոչնչացմանը, դրանք «աղվանական» ներկայացնելու եւ հայկական արձանագրություններից ձերբազատվելու փաստերին։

Մինչեւ խոսքը Դավիթ Բաբայանին փոխանցելը՝ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հայտնեց, որ այս հարցով զրույց է ունեցել Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ․ «Դիմել ենք ՌԴ գործընկերներին։ Սպասում ենք, որ Արցախից համապատասխան փաստաթուղթ՝ տեքստ ուղարկեն, որպեսզի այն ուղարկենք մեր գործընկերներին, որ նրանք էլ փորձեն ազդել։ Որ գնաք, պարոն Բաբայան, զբաղվեք, դեռ չենք ստացել որեւէ փաստաթուղթ։ Մեր ակադեմիկոսները պատրաստ են աջակցել»։

Ապա Դավիթ Բաբայանն արձագանքեց․ «Իսկապես, կան օբյեկտիվ դժվարություններ։ Բրյուսելում ԵԽ պատգամավորների առաջ հարցը բարձրաձայնել ենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան ագրեսիա է նաեւ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այս անգամ մենք էինք, հաջորդն իրենք են լինելու»։

Այնուհետեւ Հրանուշ Խառատյանը շեշտեց․ «Ադրբեջանը մինչեւ հիմա չի ստորագրել Եվրոպայի խորհրդի տեղաբնիկների մասին խարտիան։ Երեսունից ավելի տեղաբնիկ ժողովուրդ ունի։ Չստորագրման փաստը բոլոր իրավական-քաղաքական ինստիտուտներում պետք է ներկայացնենք՝ անընդհատ բոլորի ուղեղներին խնդիրը հասցնելով։ Բոլոր դիվանագետները պետք է բարձրաձայնեն այս մասին։ ՀՀ-ն ստորագրել է դա եւ անիմաստ։ Սա ոչ մի տեղ չի քննարկվում»։

Դավիթ Բաբայանն արձագանքեց․ «Անպայման հաշվի կառնեմ»։ Այնուհետեւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ընդգծեց, որ փաստագրական հսկա գործ են արել․ «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հուշարձանների մասին քառալեզու գիրք ունենք եւ համացանցային հարթակ։ Ամենօրյա մոնիթորինգ ենք անում արտասահմանի գործընկերների հետ։ Կոորդինացված պետք է աշխատել, եւ այս աշխատանքը պետք է լինի ձեր ու մյուս պաշտոնյաների սեղաններին։ Գուցե որեւէ կենտրոն ստեղծենք, որը գիտահետազոտական աշխատանքները կկոորդինացնի եւ աշխարհի հետ կհարաբերվի»։

Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Ճիշտ եք ասում։ Կմտածենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28