«Ակնհայտ է, որ ի դեմս Ադրբեջանի՝ ունենք երկիր, որը դժվար թե կամավոր համ գոնե մեկ միլիմետր զիջի որեւէ մեկին։ Այդ տարածքների վրա իր կողմից որեւէ պատմական, ազգային հավակնությունների հիմք չկա, բայց կառչել է»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի վերաբերյալ հարցին։
«Դեօկուպացիան միշտ էլ եղել է մեր օրակարգում, որովհետեւ մինչեւ այդ օկուպացվել են նաեւ Արցախի այլ տարածքներ եւս։ Հիմա տարածքի մեծ մասն է այդպիսին։ Ակնհայտ է, որ եթե ուզում ենք հասնել նպատակի, կարող ենք, եթե նորից ունենանք հզոր երկիր։ Համոզված եմ, որ ունենալու ենք, որովհետեւ բոլոր նախադրյալները կան։ Մեզանից է կախված, թե ինչպես կաշխատենք։ Կենացներ չեմ ուզում ասել։ Մենք երբեք չենք հրաժարվելու մեր տարածքներից»։
Լրագրողների հետ զրույցում էլ Դավիթ Բաբայանն անդրադարձավ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հեղինակած՝ «Արցախի օկուպացված տարածքների մասին» նախագծին․ «Դա շատ կարեւոր փաստաթուղթ է լինելու։ Այն մեր տեսլականն է, կարեւոր է պատմական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից։ Օրենքը համապարփակ է լինելու։ Դեռ շատ առիթներ կունենանք այդ մասին խոսելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ