Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային դիտորդներ պետք է լինեն Քարվաճառում, որ նոր որակ հաղորդեն ջրային անվտանգությանը»․ Դավիթ Բաբայան

Փետրվար 12,2022 17:35

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հեղինակած՝ «ЭТНОНАЦИОНАЛЬНАЯ ГЕОПОЛИТИКА АЗЕРБАЙДЖАНА И РЕАКЦИЯ НАЦМЕНЬШИНСТВ. ЧАСТЬ 1. КУРДЫ И ТАТЫ»  եւ  «KARABACH-HYDROGEOPOLITICS EXISTENTIAL ISSUES FOR PRESENT AND FUTURE» գրքերի շնորհանդեսն էր։

Ներկայացնելով աշխատություններից առաջինը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները տարբեր մոտեցումներ ունեն Ադրբեջանի կողմից իրենց հանդեպ իրականացնող զտման քաղաքականության վերաբերյալ․ քրդերն ու թաթերն, օրինակ, ընդհանուր առմամբ ձուլվել են, բայց փոխարենը հասել են իշխանության ամենաբարձր կետին։

«Մնացյալ ժողովուրդները, օրինակ՝ լեզգիները, թալիշները եւ ավարները, չեն որդեգրել այդ ռազմավարությունը, պահպանել են ազգային ինքնությունը եւ պայքարում են  դրա համար»,-նշեց Դավիթ Բաբայանը։ Գիրքը հանրամատչելի ձեւով ներկայացնում է Ադրբեջանի տեղաբնիկների պատմությունը, նրանց հայտնի հանրային-քաղաքական գործիչներին։

«Մեզանում ադրբեջանագիտությունը կարեւոր ուղղություններից մեկը պետք է լինի, պետք է լավ ուսումնասիրել։ Իրենք հայագիտությունը ռազմավարական ամենակարեւոր ուղղություններից մեկն են դարձրել, եւ մենք էլ նույնը պետք է անենք։ Մեր ակադեմիական ներուժն ունի այդ հնարավորությունը։ Հենց այս կառույցը պետք է լինի արտաքին քաղաքականության մեջ ասելիք ունեցող։ Ի վերջո, արտաքին քաղաքականությունը մասնագիտական խորհուրդներով է ուժեղ»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նրա մյուս գիրքը Արցախի ջրային հիմնախնդրի մասին է։ «Այս հարցը նույնպես կարեւոր է։ Ջրային հիմնախնդիրն անվտանգության բաղադրիչներից է եղել։ Ժամանակին մենք վերահսկում էինք  մեր բոլոր ջրային ռեսուրսների ակունքները, բայց պատերազմից հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք իրավիճակին։ Հետազոտությունն օգտակար կլինի»,-նշեց Դավիթ Բաբայանը։

Լրագրողների հետ զրույցում էլ նա ընդգծեց Արցախի վերահսկողության տակ անցած Քարվաճառի ջրային պաշարների անվտանգության կարեւորության մասին․ «Հիմնական խնդիրը ՀՀ ջրային պաշարների անվտանգությունն է։ Ակունքներում սկիզբ են առնում Արփան եւ Որոտանը։ Եթե այդտեղ լինեն միջազգային դիտորդներ, դա նոր որակ կհաղորդի ջրային անվտանգությանը, որովհետեւ Ադրբեջանից ամեն ինչ պետք է ակնկալել։ Կարող են լինել տարբեր երկրների դիտորդներ կամ որեւէ կառույց։ Դա անպայման պետք է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28