«Եվրոպայում կան կառույցներ, որոնք մտահոգ են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական հանցավոր միասնության գործունեությամբ։ Ընդգծել ենք, որ ագրեսիան ոչ միայն Արցախի եւ ՀՀ-ի դեմ էր, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ներկայացնելով Բրյուսել կատարած այցի բովանդակությունը՝ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ժամանակի խնդիր է։ Մենք առաջինն էինք, հաջորդն ուրիշներն են լինելու։ Եթե քաղաքակիրթ աշխարհն աչք փակի այդ ամենի վրա եւ Արցախում Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանության վրա, եթե լինի անտարբերություն, ապա ժամանակի գործոնն ավելի շուտ կաշխատի»,-համոզմունք հայտնեց Դավիթ Բաբայանը։
Նա հիշեցրեց, թե ինչ հայհոյանքներով էր խոսում Էրդողանը Ֆրանսիայի նախագահի մասին․ «Դա էլ է ագրեսիա։ Մեր բոլոր հանդիպումները կարեւոր էին։ Բարձրաձայնել ենք մարդասիրական հարցեր, գերիների խնդիրը, Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունը։ Մենք ազնիվ ենք բոլորի հետ եւ խաղեր չենք խաղում։ Ասում ենք այն, ինչ կա»։
Դավիթ Բաբայանն Ադրբեջանի կողմից Արցախի հայկական հուշարձանների վերացումը, դրանք աղվանական ներկայացնելու եւ հայերեն արձանագրությունները ոչնչացնելու փաստը որակեց մշակութային ցեղասպանություն․ «Բարբարոսություն է։ Ոչնչացնում են եկեղեցիները, գերեզմանաքարերը կամ փորձում հայազրկել կոթողները։ Չեն կարողանում քանդել, օրինակ, Դադիվանքը, ու ներկայացնում են որպես աղվանական։ Դա անհեթեթություն է։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի։ Որքա՞ն կարելի է մենակ պայքարել»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ