Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 12-ին, գումարվել է արտահերթ նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Ներկայացնելով օրակարգային հարցերը` նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության «ԱՐՄՆՅՈՒԶ ՖՄ» լսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողներն ավելի քան 24 ժամ չեն ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
Ավելացնենք նաև, չնայած այն հանգամանքին, որ «Քառյակ մեդիայի» հիմնադիրները հայտարարություն են տարածել իրենց գործունեության դադարեցման մասին, սակայն վերջիններս թե տարածած հաղորդագրության մեջ, և թե գրությամբ պաշտոնապես չեն տեղեկացրել Հանձնաժողովին՝ «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիաների գործողության դադարեցման իրենց որոշման մասին:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3–ին մասի 5–րդ կետի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` այդ մասին դիմում է ներկայացվել։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։
Վարչական վարույթի բազմակողմանի քննության արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական և լսողական հաղորդումների հեռարձակումները և վերջիններիս կողմից որևէ հիմնավորում չեն ներկայացվել հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:
ՀՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ