Պետական եկամուտների կոմիտեն ազդարարել է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների մասին: Կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Առաջին հանդիպումներն անցկացվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի մագիստրոսական կրթական աստիճանի ուսանողների և շրջանավարտների հետ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը ներկայացրել է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումները, որոնց շրջանակում էլ արմատապես փոխվում է համակարգ ընդունվելու ընթացակարգը: Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողների պատրաստման աննախադեպ դասընթաց: Այն հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն դիմել են 800-ից ավելի մասնակիցներ:
Հանդիպումների մասնակիցներն անմիջապես մաքսային ոլորտի պատասխանատուներից և մասնագետներից ստացել են հետաքրքրող հարցերի պատասխանները՝ մաքսային ծառայողի նոր կերպարի, դասընթացի ընդունելության կարգի, ժամկետների, տևողության, աշխատանքի առանձնահատկությունների վերաբերյալ:
Հանդիպումների ժամանակ ցուցադրվել են նաև ՊԵԿ-ի պատրաստած տեսահոլովակները, որտեղ նույնպես մանրամասներ են ներկայացված մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին