Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք․ Թագուհի Թովմասյան

Փետրվար 12,2022 11:35

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում։

Ահազանգ եմ հնչեցնում միջազգային կառույցներին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի անթույլատրելի ու հանցավոր գործողությունները կանխարգելելու նպատակով և խստագույնս դատապարտել այս և 44-օրյա պատերազմից հետո շարունակվող ահաբեկչական գործողություները։ Ադրբեջանն առ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, դարձնում քաղաքական առևտրի առարկա և առաջ քաշում նոր նախապայմաններ։

Միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ:

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն ոտնահարումները և ռազմագերիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի։ Պետք է գործադրվեն պատասխանատվության մեխանիզմներ․ քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, նմանատիպ հանցագործությունների վտանգը պահպանվելու է, և դրանք շարունակելու են լրջագույն մարտահրավեր լինել միջազգային հումանիտար իրավունքին։

Հիշեցնեմ՝ համաձայն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի դրույթների՝ գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ:

Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է: Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28