Լրահոս
Օրվա լրահոսը

34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը․ «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 12,2022 11:00

Չնայած Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային մյուս կազմակերպությունների այցը տարածաշրջան, ոչ ոք չի ժխտում այն իրողությունը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ, եւ Արցախի կարգավիճակը տակավին մնում է չլուծված: Բոլորը լավ են հասկանում, որ 34 տարի առաջ աշխարհը ցնցած Արցախյան շարժումն իրավական լուրջ հիմքեր ուներ եւ աղաղակում էր էթնիկ հայերով բնակեցված պատմական հողն Ադրբեջանին բռնակցելու անարդար որոշման, գրեթե 70 տարի մարզում հայերի դեմ վարվող ազգային խտրականության մասին: Եվ չհանդուրժելով ճնշումներն ու կամայականությունները՝ ժողովուրդը ոտքի կանգնեց հանուն իր իրավունքների, Մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջի:

Ազատագրական շարժման երթը սկիզբ առավ Ստեփանակերտի նախկին մանկավարժական ինստիտուտից: Հարյուրավոր ուսանողներ ու դասախոսներ, պատվախնդիր երիտասարդներ Մայր Հայաստանին վերամիավորվելու կարգախոսներով շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ: Րոպեներ անց նրանց միացան գյուղատնտեսական տեխնիկումի եւ երաժշտական ուսումնարանի ուսանողներն ու դասախոսները: Նրանք ազատության դրոշը պարզած՝ ոգեշնչելով իրենց համակիրներին, նույնպես խանդավառված անդամագրվեցին հանրահավաքին:

«Միացում». սա է առաջին բառը, որ հորդաբուխ հնչեց հրապարակում՝ անակնկալի բերելով կուսակցության մարզկոմի պատուհաններից հանրահավաքի մասնակիցներին գազազած, թունավոր հայացքով հետեւող Բաքվի էմիսարներին, ովքեր անուժ էին կանխելու ժողովրդի աննախադեպ ընդվզումը: Այսօր տարիների հեռվից հայացք ձգելով եւ վերհիշելով հանրահավաքի որոշ դրվագներ՝ շարժման առաջնորդները յուրովի են մեկնաբանում պատմական իրադարձությունը:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Սլավիկ Առուշանյանն Արցախյան շարժման այն նվիրյալներից է, ում անվերապահորեն վստահում, հավատում էին թե հասարակ շինականն ու մտավորականության ներկայացուցիչները, թե պետական այրերը, քանզի նրա խոսքի ու գործի միջեւ հակասությունը բացառվում էր: Նա հիմա էլ էությամբ չի փոխվել, նույն սկզբունքային, իր դավանած գաղափարին հավատարիմ անձնավորությունն է, ով շարժման բոլոր փուլերում Բաքվի մանրադիտակի տակ էր՝ «սեւ ցուցակում», եւ մի քանի անգամ բանտ է նետվել «ազգայնամոլական, ծայրահեղ դրսեւորումների համար»:

Հպարտանալով 80-90-ականների սերնդով՝ նա երիտասարդներին հորդորում է միշտ զգաստ լինել ու տեր կանգնել ազգային արժեքներին, քանի դեռ հակառակորդը խաղաղության ձեռք մեկնելու փոխարեն շարունակում է սադրիչ գործողություններ իրականացնել, ահաբեկման միջոցով ձգտել հայաթափել Արցախը: Նրա խոսքով՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում կայացած հանրահավաքն իր տեսակի մեջ առաջին ծիծեռնակն էր: Միեւնույն ժամանակ Ս. Առուշանյանը կարծում է, որ Արցախյան շարժումն ավելի վաղ փուլ է ունեցել, որը դեռեւս 80-ական թթ. սկզբից դրսեւորվել է ընդհատակյա պայքարի ձեւով:

Համազգային զարթոնքի հետ կապված գործընթացների եւ իրադարձությունների կտրուկ զարգացումը ժողովրդին հնարավորություն ընձեռեց հրապարակայնորեն իր արդարացի պահանջը ներկայացնել Մոսկվային հասցեագրված նամակներով ու հեռագրերով, ստորագրահավաքներով, բազմամարդ երթերով ու հանրահավաքներով, որոնց, ի վերջո, հաջորդեց ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ պատմական նստաշրջանը…

 

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28