Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դոնբաս-լուգանսկյան եւ արցախյան հակամարտությունների տրամագծային տարբերությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 12,2022 10:35

Ադրբեջանում միշտ եւ հետեւողականորեն ձգտել են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես միջպետական` Հայաստան-Ադրբեջան բախում՝ սքողելով դրա ներքին պատճառները, ազգային ազատագրական բնույթը, փոքրամասնություն անվանված բնիկ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։

Ուկրաինական հակամարտությունում եւս ուրվագծվում է նման քաղաքական գիծ` Դոնբաս-Լուգանսկի վարչակազմի համառորեն չճանաչում, նրանց հետ ուղղակի բանակցությունների բացառում եւ բոյկոտում նրանց ինքնուրույն դրսեւորումը միջազգային ատյաններում՝ փոխարինելով այդ ներկայացուցչականությունը ռուսներով։ Այս զուգահեռները պայմանավորված չեն միայն դրության նմանություններով, այլ ակնհայտորեն խորհրդատվական, նախօրոք մշակված եւ փորձարկված քաղաքականության վկայություն են։ Եվ անմիջապես նշենք, որ այս եւ մյուս համընկնումների մեջ հենց ընդգծվում են տարբերությունները։

Նախ` Ուկրաինայում ոչ մի երեւույթ չի ունենում այնպիսի բարբարոս, ֆաշիստական դրսեւորումներ, ինչպես Ադրբեջանում։ Դոնբասի ու Լուգանսկի բնակչությունից գուցե ակնկալվում էր քաղաքացիության հիմքի վրա աստիճանական միաձուլում, գուցեեւ դա էլ չստացվեր։ Իհարկե, ինքնին արդեն անարդարություն է` ավելի մեծաքանակ եւ ավելի հայտնի մշակույթ ունեցող ժողովրդին պարտադրել՝ հանդես գալու ավելի փոքրի անվան տակ (չասենք` տիրապետության)։ Սակայն, բոլոր դեպքերում, ուկրաինական իրադարձությունները ոչ մի կերպ չէին սպառնում նմանվել 90-ականների` Շահումյանի շրջանի եւ 2020-ի` Շուշիի եւ Հադրութի հայկական տարրի վայրկենական անհետացմանը։

Ահա այստեղ է դոնբաս-լուգանսկյան եւ արցախյան հակամարտությունների տրամագծային տարբերությունը. Արցախում ի սկզբանե դրված էր եւ իրականացվում էր հայ բնակչության արմատական բնաջնջման հարցը` ինչպես վաղուց կատարված փաստ է Նախիջեւանում եւ այլուր։ Այս հանգամանքն է, որ ծուլացած, ճարպակալած միջազգային հանրությունը եւ նրանց կազմակերպությունները չեն ուզում ընկալել։ Համեմատելի են նաեւ պատմական սահմանաբաժանման աղաղակող անարդարությունների հետեւանքները այս հակամարտություններում։ Նման է նաեւ իրենց կյանքը հանուն սեփական ինքնության պահպանման մահվան զոհասեղանին դրած ազատամարտիկների` ահաբեկիչների հետ նույնացման քաղաքականությունը։

Այսօր էլ նման մի նոր ձեռագիր է հանդես եկել` խառնել պատերազմի աղբյուրը եւ օբյեկտը։ Ուկրաինան ակնհայտ զինվում է հարձակողական, մահաբեր (լետալ) զենքերով, արագ կարգով ձեռք են բերվում նորագույն զինատեսակներ, այդ թվում` թուրքական անօդաչուներ (որոնք այս անգամ արդյունավետ չեն լինի Ռուսաստանի անհամեմատ շահագրգիռ վերաբերմունքի շնորհիվ)։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան հանում են երկրից իրենց քաղաքացիներին։ Ուկրաինայում առավել անկեղծ քաղաքական գործիչներն ուղղակի հայտարարում են, թե պետք է ադրբեջանական տարբերակով լուծել Դոնբասի հակամարտությունը։

Այսպիսի պայմաններում պաշտոնապես ամբողջ Արեւմուտքը հայտարարում է, թե Ռուսաստանն ուզում է կռիվ սկսել։ Դոն-Լուգանսկյան հանրապետություններին պատերազմ պետք չէ, նրանք փաստացի ինքնորոշվել են, եւ նրանց այսօր ձեռնտու է եթե ոչ նորմանդական ձեւաչափով հակամարտության խաղաղ լուծումը, ապա գոնե նրա սառեցումը։ Դոնբաս-Լուգանսկը հիմա նույն Արցախի վիճակում են՝ անընդհատ փորձում են ապացուցել, որ իրենք չեն առաջինը կրակում, իրենք միայն պաշտպանվում են, պատասխանում են իրենց վրա հարձակումներին։ Իսկ միջազգային հանրությունը պատժամիջոցներ է սահմանում նրանց պաշտպանել ցանկացող Ռուսաստանի նկատմամբ։

Իրագործվում է պատճառի ու հետեւանքի նույն խճողումը։ Հիշո՞ւմ եք` Արցախում, երբ խաղաղություն ապահովելուն կոչված Մինսկի խմբի պատվիրակները գալիս էին տարածաշրջան ու ընկնում ադրբեջանական կրակոցների տակ։ Սրանք փախչում էին, հետո բարեկեցիկ Եվրոպայից հայտարարում, թե չտեսան` ով էր կրակում։ Հենց նման մոտեցումն արձակեց Ադրբեջանի ձեռքերը` նախահարձակ պատերազմ սկսելու։ Գուցե եւ Ուկրաինայի արեւելքում բռնկված այս ծանր հակամարտությունը լուծվեր Մինսկի ձեւաչափի՝ ինքնավարության տրամաբանությամբ։

Սակայն Ուկրաինայի հոգում անբուժելի վերք է դարձել ժամանակին մեծ զիջումների գնով ձեռք բերված տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների բացառման պայմանագրի, իրենց խոր համոզմամբ` հանդուգն, կոպիտ ու ինքնավստահ խախտումը։ Հենց դա էլ դրդում է այս երկրին ամեն տեսակի կոնյունկտուրային համագործակցությունների դիմել բոլոր հնարավոր տարբերակներում։ Մի փոքր ուկրաինա-ադրբեջանական շարունակվող ռազմական համագործակցության մասին։

Առաջին Արցախյան պատերազմի մասին խոսեցինք։ Դրանից հետո եւս, երկրորդ պատերազմի նախապատրաստության տարիներին, Ուկրաինան շարունակել է ակտիվ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Դեռ 1997-ին նրանց միջեւ համաձայնագիր է ստորագրվել ռազմատեխնիկական համագործակցության մասին։ Դարիս առաջին տասնամյակում Ուկրաինան միակողմանիորեն Ադրբեջանին է մատակարարել 100-ի չափ տանկ, հարյուրից ավելի հետեւակի զրահամեքենաներ, տասնյակ մարտական ուղղաթիռներ, ՄԻԳ-29 ինքնաթիռ, մի քանի տասնյակ հրետանային ինքնագնաց կայանքներ, հակահրթիռային կառավարվող համակարգեր, հազարավոր ինքնաձիգներ։ Սրանք միայն հաստատված մոտավոր տվյալներն են։

Սակայն շատ ուշագրավ է, որ վերջին տարիներին, գուցե եւ վերջին վարչակարգի օրոք այս երկիրը սկսել է ցուցաբերել ակնհայտորեն ավելի հավասարակշռված մոտեցում։ Այսպես՝ Արցախյան վերջին պատերազմի կապակցությամբ, բնականաբար, գտնվեցին դրանով ոգեւորվողներ Ուկրաինայում։ Օրինակ՝ «Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցությունից մի պատգամավորուհի միակողմանիորեն կանգնեց Ադրբեջանի պաշտպանության դիրքերում՝ նշելով, որ այս հակամարտությունում Ուկրաինան սատարել ու սատարում է Ադրբեջանին, «… որքան գիտեմ, մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերում եւ՛ իրավական, եւ՛ ռազմական, եւ՛ հումանիտար օգնության դաշտում» (պատկերացնո՞ւմ եք` հումանիտար օգնություն ագրեսոր, մարդասպան Ադրբեջանին)։ Սակայն պաշտոնական կողմից, ինչպես նշվում է մամուլում «դրան հետեւեցին արդարացումները»։ Նախագահ Զելենսկին ասուլիսում հայտարարեց, որ Ուկրաինան հակամարտության ընթացքում ռազմական օգնություն չի ցուցաբերելու ոչ մի կողմին։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին հակամարտության դադարեցման եւ խաղաղ երկխոսության»՝ հորդորելով չշփոթել պատգամավորներից մեկի անձնական կարծիքը պաշտոնականի հետ. «Դա մտնում է ոչ թե մի պատգամավորի, այլ երկրի ղեկավարի իրավասությունների մեջ, ուստի նման հարց նույնիսկ չի բարձրացվել»։

Նշենք, որ հակառակ կողմից եւս ելույթներ են եղել, օրինակ՝ մեկ այլ պատգամավոր այդ նույն ժամանակ կոչ արեց «օգնել քրիստոնյա հայ եղբայրներին», ինչն անմիջապես օգտագործվեց Ադրբեջանի դեսպանատան կողմից` համապատասխան որակումների համար։ Արժե այս նոտայի տեքստից մեջբերել քիչ ավելի մանրամասն. «Թույլ տվեք արտահայտել մեր ծայրահեղ վրդովմունքը ժողովրդական պատգամավոր Իլյա Կիվայի կոչին` «Միանալ աշխարհի քրիստոնեության եւ մահմեդականության հազարամյա հակամարտությանը եւ օգնելու Հայաստանին այս գործում»։ … Ուկրաինայի ժողովրդական ընտրյալների նման ելույթները չեն համապատասխանում մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերությանը եւ կարող են հարուցել միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպեսեւ Ուկրաինայի եւ աշխարհի լայն հասարակայնության վրդովմունքը»։ Հայտարարությունում նրանք, իհարկե, չեն մոռանում նաեւ շողոքորթորեն նշել, որ Ուկրաինայում (եւ Ադրբեջանում) տարբեր հավատի եւ դավանանքի մարդիկ ապրում են «խաղաղության եւ համաձայնության մեջ»։

Ուշագրավ է, որ այս հայտարարության մեջ հասցրել են նաեւ հրահրիչ ակնարկ կատարել, որ պատգամավորի նկատմամբ ինչ-որ գործ պետք է հարուցվի։ Ի դեպ, այս կապակցությամբ մամուլի բազմաթիվ միջոցներ հակադարձեցին՝ հիշեցնելով եւ մեջբերելով նաեւ վերը նշված իշխանական պատգամավորի անթույլատրելի ելույթը` Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։ Ադրբեջանա-ուկրաինական համագործակցության ձեւաչափը նույն կերպ շարունակվում է։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28