Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Մենք ամբողջովին անցել ենք կոշտ ավտորիտարիզմի․ «Փաստ»

Փետրվար 12,2022 09:50

Մենք այսօր ժողովրդավարության ոչ թե սոսկ հետընթաց, այլ խոր անկում ունենք: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, կալանավորումներին, դատական համակարգի անկախությանը սպառնացող վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նշել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ես այդ անկումը չեմ արձանագրում հուսահատվելու համար: Սա նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը, որը ևս պառակտված է, իր մեջ պետք է ուժ գտնի և կարողանա վերականգնել ու վերադարձնել գոնե այն համեստ նվաճումները, որոնք ունեցել է թե՛ ժողովուրդը, թե՛ քաղհասարակությունը՝ ՀԿ-ներով ու ԶԼՄ-ներով»,-ասաց մեր զրուցակիցը:

Լ. Ալավերդյանի խոսքով, ժամանակին Հայաստանում կառավարման համակարգը միջազգային կազմակերպությունների կողմից բնութագրվել է որպես մեղմ կամ փափուկ ավտորիտարիզմ. «Հիմա ես պետք է արձանագրեմ, որ մենք ամբողջովին անցել ենք կոշտ ավտորիտարիզմի: Ավելին՝ այստեղ նկատվում է մեկ անձի պաշտամունք, մեկ անձին ամբողջ իշխանությունը տրամադրելու, հանձնելու միտում: Խոսքը նաև կարևորագույն որոշումների թե՛ նախապատրաստման, թե՛ ընդունման մասին է»:

Անդրադառնալով նաև «ծանր վիրավորանքի» հոդվածքով հարուցված քրեական գործերին, մեղադրանքներին՝ իրավապաշտպանը նշեց. «Միջազգային հանրության կողմից վաղուց հստակեցված է, որ այդպիսի օրենքի ընդունումն ամբողջովին հակասում է ժողովրդավարության սկզբունքներից կարևորագույնին. այն է՝ կարծիքն ազատ արտահայտելը, այն տարածելը: Եղան հորդորներ և դիտողություններ, որոնց համաձայն, այդպիսի օրենքի ընդունումն արգելվում է: Բայց ի հակառակ դրանց՝ օրենքը ոչ միայն շուտափույթ ընդունվեց, այլև սկսել է շատ մեծ թափով կիրառվել: Այս իշխանությունն արդեն անդրադառնում է ժողովրդավարության տեսությանն՝ ամբողջովին խեղաթյուրելով և այլասերելով բոլոր սկզբունքներն ու հիմքերը: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա առաջին հերթին խոսում ենք իշխանության թևերի բաժանման, հակակշռման մասին: Խոսքը զսպող և հավասարակշռման մեխանիզմների մասին է: Մինչդեռ այս իշխանության նպատակն այլ է. ցանկանում են իշխանության բոլոր թևերը բացասական իմաստով ներդաշնակ դարձնել: Այսօր արվում են գործողություններ, որոնք ամբողջությամբ հակառակ են 2018-ի ապրիլից արված խոստումներին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28