Թուրքիայում մշակութային նշանավոր գործիչ Օսման Քավալայի հետ մի առանձնազրույցի ընթացքում, որը վերաբերում էր այդ երկրում հայկական քաղաքակրթության, մասնավորաբար` ճարտարապետական կոթողների ճակատագրին, խոսակիցս առաջ քաշեց մի ուշագրավ կոնցեպտ, որի իրականացման համար ինքն ու իր համախոհները ջանում էին, ինչպես վստահեցրեց, արդեն երկար ժամանակ:
Ըստ այդ կոնցեպտի, Թուրքիայի կառավարությունը պետք է հայտարարի, որ իր տարածքում գտնվող քաղաքակրթական բոլոր հուշարձանները, հունական, հռոմեական թե հայկական, մաս են կազմում այդ երկրի քաղաքակրթական ժառանգությանը, եւ, հետեւաբար, պետք է վայելեն պետական ուշադրության եւ հոգատարության բոլոր առավելությունները: Այլ խոսքով, ըստ այդ մոտեցման, Թուրքիայում վերջ պիտի տրվեր այլ ազգերի, դրանց թվում նաեւ հայերի ստեղծած ճարտարապետական եւ այլ կոթողներն ու գանձերը թուրքացնելու, օրինակ` Անին սելջուկյան ներկայացնելու տասնամյակների քաղաքականությանը:
Ընդհանուր առմամբ` սփոփիչ մոտեցում, որի մխիթարական կողմն այն էր, որ պետական հոգատարության տակ հայկական այդ կոթողներն այլեւս չէին քանդվի կամ պայթեցվի, ինչպես տասնամյակներ շարունակ, չէին պղծվի ու վանդալիզմի ենթարկվի, ինչպես եղել էր միշտ: Մանավանդ որ, այդ օրերին, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, վերանորոգվում էին Աղթամարի Սուրբ Խաչը, Անիի պարիսպներն ու որոշ շինություններ: Մանավանդ որ թուրքերն արդեն համն առել էին զբոսաշրջիկների ծախսած գումարների…
Թե հետո ի՞նչ եղավ Քավալայի այդ կոնցեպտը, անհայտ է ինձ: Միայն հայտնի է, որ նա, ինչպես նրա համախոհներից ոմանք հայտնվեցին էրդողանյան բանտախցերում, պետությանը դավաճանելու մասին 301-րդ եւ այլ հոդվածներով: Մեկ էլ հայտնի է, որ Թուրքիա կոչվող պետության ողջ տարածքում գտնվող հայկական ճարտարապետական, եկեղեցական ու կրթական շենք-շինությունները, նաեւ գերեզմանատները, շարունակեցին քանդվել, սրբապղծվել, այլանդակվել ու մասնավորեցվել պետական որոշումով կամ թողտվությամբ, ինչպես եղել էր ամբողջ 20-րդ դարում եւ հաջորդող տասնամյակներին, շարունակելով Ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Այս եւ նման հարցերում իրենց զարմիկներից ոչնչով հետ չմնացող, իրենց բռիությամբ նրանց գերազանցող թուրք-թաթարները, որոնք այժմ ներկայանում են իբր ուրույն` ադրբեջանցի ժողովուրդ, շարունակեցին հայկական հետքերը ջնջել-ոչնչացնելու պետական, ի՜նչ եմ ասում, բնազդական բարբարոսի իրենց քաղաքականությունը նոր թափով, առավել լկտի ու բացահայտ: Հենց այն քաղաքականությունը, որը առաջ են տարել միշտ, սովետական շրջանում` աթեիզմի դիրքերից, մեր ժամանակներում` թուրանիզմի: (Այսօր ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ եղավ ամբողջ Շիրվանի, Շամախիի, Գանձակի հայությունը, դեռ չխոսելով Բաքվի, Շահումյանի եւ հարակից շրջանների հայության մասին: Ո՞վ կարող է ասել, թե այժմ ի՞նչ վիճակում է գտնվում Կասպիցի ափին գտնվող բանալի-քաղաքի` Դերբենդի (Ճորա Պահակ) 16 հազարի հասնող հայությունն ու հայկական Ս. Աստվածածին եկեղեցին):
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում