«Հայկական ճգնաժամը ավարտվելու է Արեւմուտքի եւ Հայաստանի լիակատար հաղթանակով՝ Հայաստանի ազատագրումով եւ Եվրամիության ինտեգրումով: Դա հետեւանք է Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականության եւ առանձնապես վերջին տասնամյակներում՝ Պուտինի մոլագար հակահայ եւ թուրքամետ դիրքորոշմամբ»,-«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:
– 2020 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով կարծես թե պետք է հանգուցալուծվեր 44-օրյա պատերազմի եւ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Միջազգային կառույցներն, ի դեպ, արձանագրել են ճգնաժամի հանգուցալուծում, սակայն ներհայաստանյան կյանքում դա տեսանելի չէ: Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա՞, թե՞ չկա:
– Քաղաքական ճգնաժամ, բառի ընդգրկուն իմաստով, չկա, սակայն ժողովրդի զգալի մասի մոտ մեծանում է անվստահությունը իշխանության առաջին դեմքի նկատմամբ:
– Ինչո՞վ եք բացատրում դա, մանավանդ որ, ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը բացարձակ առաջատար էր:
Կարդացեք նաև
– Հարցի պատասխանը պետք է փնտրել խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցող երեւույթները դիտարկելով: Նախ, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին մնաց շնորհիվ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի. եթե նրանք ընտրություններին չմասնակցեին, Փաշինյանի կուսակցությունը այդքան ձայն չէր ստանա: Երկրորդ, իշխանությունը չկարողացավ ազատվել պարտվողի հոգեբանական ընկճախտից եւ շարունակեց հակահայ, հակապետական հայտարարություններ եւ գործողություններ կատարել: Հրադադարի հայտարարությունից հետո, Հայաստանի նկատմամբ թշնամու որեւէ քայլ հակահարված չստացավ, նույնիսկ մեր ճանապարհները փակելը եւ մաքսակետեր դնելը: Հայ ռազմագերիները դեռեւս մնում են Ադրբեջանում, պատերազմի հանցագործ՝ Իլհամ Ալիեւի նկատմամբ Հայաստանը որեւէ քայլ չի ձեռնարկել՝ պատասխանատվության ենթարկելու համար: Այս կարեւորագույն խնդիրները թողած՝ Փաշինյանը խոսում է անիմաստ եւ անհեթեթ բաներից՝ «խաղաղության դարաշրջան» բացելուց կամ Ադրբեջանի համար Հայաստանի հաշվին երկաթգիծ կառուցելուց:
– Դուք է՞լ եք այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին սխալ գիծ է որդեգրել:
– Այո: Պետության հզորությունն իր ազգային-հոգեւոր արժեքներին հավատարիմ լինելն ու այն հիմնական նպատակ դարձնելն է: Տնտեսության զարգացումը ածանցյալ է այդ արժեքներից՝ ազգային-հոգեւորից: Նորագույն պատմության այս երեսուն տարիներին Հայաստանը որդեգրել է քրեաօլիգարխիկ, վաշխառուական տնտեսական համակարգ ու կարգ: Այդ նպատակին իշխանավորները հասել են: Հայաստանի տնտեսությունը չի զարգացել, նախկինում եղածն էլ վերացել է՝ կողոպուտի եւ թալանի հետեւանքով: Ինչ որ թվարկեցի համառոտ, հիմնական պատճառն են մեր այսօրվա վիճակի: Այդ պատճառով էլ մեր ժողովրդի զգալի մասի մոտ տիրում է անվստահություն սեփական պետության եւ սեփական ուժերի նկատմամբ եւ փախչում են իրենք իրենցից, արտագաղթելով իրենց կենսատու հողից: Նաեւ դա է պատճառը, որ շուրջ երեսուն տարի է՝ տնտեսությունն էլ չի զարգանում: Դրա վառ ապացույցն է՝ գոյություն ունեցող համակարգերից ամենաանարդար հասարակական հարաբերությունների համակարգի՝ վաշխառուական տնտեսական համակարգի պահպանումն ու փայփայումը: Հեղափոխական իշխանությունը վերածվեց այդ համակարգի պաշտպանի եւ ստանձնեց այդ համակարգի պահապանի դերը:
– Այսօր առավել ակնհայտ են անվտանգության խնդիրները եւ տեսանելի չեն իշխանության կողմից դրանց ապահովման քայլերը: Ի դեպ, Ամանորի ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքական առումով, մեր բանակը տարածքներ նվաճելու խնդիր չի դնելու իր առաջ, նրա խնդիրը մեր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է»: Բանակում բարեփոխումների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսում է նաեւ պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին: Ինչի՞ մասին են այս հայտարարությունները:
– Փաշինյանին թվում է, թե եթե ինքը ասում է խաղաղության դարաշրջան է բացում, դրանով ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Մոլորություն է: Դա ցույց է տալիս, որ վատ ես ճանաչում հարեւաններիդ, էլ չասեմ՝ թշնամուդ, առավել եւս վատ գիտես քո պատմությունը: Թուրքերը պատրաստվում էին եւ հիմա էլ շարունակում են պատրաստվել հերթական պատերազմի՝ նոր լայնածավալ հարձակման: Եթե որեւէ պետություն չի պատրաստվում պատերազմի, նա արդեն պարտված է:
Իսկ ինչ է անում մեր իշխանությունը: Փոխանակ հույսներս միայն մեզ վրա դնենք եւ դրանից ելնելով պատրաստվենք, բացի անհեթեթ բաներ խոսելուց, օրինակ, ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը կրճատել եւ այլն, գրեթե ոչինչ չի անում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար: 1990-ականի սկզբին ընդդիմության հարցադրումներին՝ հրատապ ազգային բանակ ստեղծելու պահանջին, իշխանության վերին պաշտոնյաներից հնչում էր տեսակետ, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է: Այսօրվա իշխանությունը շարժվում է նույն գաղափարներով, մտածելակերպով եւ գործելակերպով:
Այս տգետ իշխանավորները նույնիսկ տարրական գիտելիքներ չունեն, որ ըմբռնեն, որ մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է: Քանի որ իրենք ոչնչի ունակ չեն, բացի ասֆալտ փռելուց, այդ պատճառով էլ անհեթեթություններից են խոսում: Խաղաղության դարաշրջան: Այ տկարամիտներ, ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, ինչո՞ւ եք խոչընդոտում եւ ամեն ինչ անում, որ Հայաստանը պատրաստ չլինի հերթական պատերազմին:
Ցանկացած պետության եւ ժողովրդի թիվ մեկ խնդիրն իր անվտանգությունը ապահովելն է: Հայաստանի անվտանգության ապահովման համար պետք է առաջին հերթին ավելացնել զինված ուժերի թվաքանակը, այդ նպատակով ավելացնել ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը՝ մինչեւ երեք տարի, ավելացնել պայմանագրային զինծառայողների՝ նրանց իշխանությունը անվանում է պրոֆեսիոնալ, թվաքանակը, արդիականացնել ռազմատեխնիկական բազան, նորագույն հարձակողական զինատեսակներ ձեռք բերել, արագացված վերակառուցել բանակը եւ որդեգրել այն սկզբունքը, որ ազգությամբ հայ օտարերկրացի քաղաքացիների համար մեր բանակում ծառայելը որեւէ խոչընդոտի չհանդիպի, սահմանամերձ բնակավայրերը դարձնել անառիկ ամրոցներ, տեղի բնակչությանը զինել եւ մարզել, երիտասարդությանը մարզել եւ պատրաստել պատերազմի: Հասնել նրան, որ պատերազմի դեպքում հաշված ժամերի ընթացքում մեր բանակի թվաքանակը անցնի երեք հարյուր հազարը՝ պատրաստված, մարտական գործողությունների ունակ մարտիկներից եւ այլն:
– 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը խոսում է բանակում բարեփոխումների մասին՝ բանակը վերակառուցելու համատեքստում, անգամ նախագիծ շրջանառվեց, սակայն, բանակի վերափոխումներին ուղղված քայլեր, համենայնդեպս, տեսանելի չեն: Հակառակը:
– Լավ կլիներ, եթե գործ անեին, իսկ ժողովուրդն էլ չտեղեկացվեր հիմնականի մասին, թշնամուց գաղտնի պահելու համար, սակայն հասարակությունն իր վրա չի զգում որեւէ միջոցառման արդյունք, որովհետեւ այդպիսին չի կատարվում. մեծամասշտաբ զորակոչ, զորավարժանքներ, դպրոցի բարձր դասարանի աշակերտների ռազմահայրենասիրական պատրաստում, ուսանողների արդյունավետ եւ ամենօրյա ռազմական պատրաստություն, մինչեւ հիսուն տարեկան տղամարդկանց շաբաթական զորավարժանքներ, սահմանամերձ բնակավայրերի ամրացման եւ տեղի բնակիչներին զինվորական գործին ուսուցանել, տղամարդկանցից զորամիավորումների կազմման եւ նրանց հետ զորավարժանքներ անցկացնելու եւ մարտական գործողությունների նախապատրաստելու, մարտական զենքով ապահովելու եւ այլ միջոցառումներ: Կարելի է շարունակել թվարկումը:
Բանակի վերակառուցումը տեսանելի չէ ժողովրդին, նոր պատերազմի դեպքում հաղթանակի հասնելու պատրաստման գործընթացներ տեսանելի չեն:
– Փաստորեն, ոչ միայն պատմությունից, այլ մեկտարյա վաղեմության պարտությունից դասեր չենք քաղում: Գուցե աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայի շուրջ սեղմվող օղակը ստիպե՞ն իշխանությանը սթափվել:
– Կասկածում եմ: Ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը ավարտվելու է Ռուսաստանի պարտությամբ, չնայած կարելի է ասել, որ արդեն պարտվել է, որովհետեւ մի կողմում Ռուսաստանն է, իսկ մյուսում՝ ամբողջ Արեւմուտքը: Ուկրաինան արդեն հաղթել է, ամբողջ Արեւմուտքը նրա կողքին է: Հետագա քայլերը տեխնիկական են: ԱՄՆ եւ Արեւմուտքը վճռական են տրամադրված եւ գնալու են մինչեւ լիակատար հանգուցալուծում՝ Ռուսաստանի խայտառակ պարտությամբ: Հետաքրքիր իրավիճակ կարող է ստեղծվել, ուկրաինական ճգնաժամից հետո սկսվելու է հայկական ճգնաժամը: Հայկական ճգնաժամը ավարտվելու է Արեւմուտքի եւ Հայաստանի լիակատար հաղթանակով՝ Հայաստանի ազատագրումով եւ Եվրամիության ինտեգրումով: Դա հետեւանք է Ռուսաստանի վարած հակահայ քաղաքականության եւ առանձնապես վերջին տասնամյակներում՝ Պուտինի մոլագար հակահայ եւ թուրքամետ դիրքորոշմամբ:
Իսկ ի՞նչ է անում մեր իշխանությունը, որպեսզի պատրաստ լինի վատթարագույնին՝ դիմակայել նոր լայնածավալ պատերազմի: Պատերազմի հանցագործներ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի վարքն անկանխատեսելի է: Նրանք աշխարհաքաղաքական իրավիճակում, իրենց համար հարմար պահի, հարձակվելու են եւ պոկելու են Սյունիքը: Իսկ մեր իշխանությունը մահացու անգործունակություն է ցուցաբերում: Եթե հույսդ դնում ես այլոց վրա եւ քայլեր չես ձեռնարկում քեզ պաշտպանելու համար, որեւէ մեկը ոչ միայն քեզ չի պաշտպանի, այլեւ չի օգնի:
Զրույցի շարունակությունը՝ հաջորդ համարում
Զրույցը վարեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2022