Գագիկ Ղազարյանը 2020թ. օգոստոսին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ պատասխանողներ Աշոտ Խաչատրյանի, Կարեն Շխոյանի, երրորդ անձ «Հաշ ընդ հաշ» ՍՊ ընկերության՝ խնդրելով պատասխանողներից համապարտության կարգով, բռնագանձել հայցվորի հեղինակային իրավունքի խախտման հետեւանքով պատճառված վնասը, ներառյալ՝ բաց թողնված օգուտը, հոնորարը, որը փորձաքննության համաձայն կազմում է 480.000 ՀՀ դրամ: Հայցվորը միաժամանակ խնդրել է կասեցնել իր իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունները՝ արգելելով իր քարտեզների բազմացումն առանց իր թույլտվության:
Զրուցակիցս՝ Գ. Ղազարյանն ասաց, որ իր հայցադիմումը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բադիրյանին, ապա 2020թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ դատավոր Աննա Փիլոսյանին: 7 նախնական նիստից միայն մեկը չի կայացել՝ «Երեւան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Աջափնյակ նստավայրը քրեական մասնագիտացման նստավայր սահմանվելու կապակցությամբ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների այլ համապատասխան մասնագիտացման նստավայր տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված» պատճառաբանությամբ: Դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 22-ին: Նշեմ, որ քրեական գործ էր հարուցվել մինչ քաղհայցը, եւ հեղինակը ճանաչվել էր տուժող: Իր այս գործի հետ կապված Գագիկ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Բուկինիստ» ՍՊ ընկերության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Հայցադիմումը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին մակագրվել է դատավոր Ս. Իսկանդարյանին: Գ. Ղազարյանը «Բաց նամակ»-ով դիմել է դատավորներ Աննա Փիլոսյանին եւ Հարություն Պետրոսյանին: Վերջինս քրեական գործով դատավորն էր:
Ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ. «Տարիներ առաջ ձեռագիր կազմել-հեղինակել եմ դպրոցական V-X դաս. աշխարհագրության բրոշյուր-քարտեզներ: Այն ուսանելի եւ գրավիչ դարձնելու համար քարտեզներին ավելացրել եմ ձեռագիր գեղանկարներ եւ հետաքրքիր հարցադրումներով պատկերներ: Այսինքն՝ քարտեզա-գծագրումը եւ գեղանկարչությունը համադրել եմ եւ ստացել յուրօրինակ քարտեզ-պատկերներ:
Կարդացեք նաև
Որպես քարտեզագիր-հեղինակի ստեղծագործություն՝ այն օրենքին տառին համապատասխան պաշտպանված է: ԿԳ նախարարությունը այն հաստատել է, որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ: Որոշ տպարաններ առանց իմ իմացության քարտեզների վրայից ջնջելով հեղինակին վերաբերող տվյալները եւ արտատպել են տարիներ շարունակ ՀՀ ոստիկանության հովանավորությամբ՝ մեծ վնաս պատճառելով ինձ: 2017թ. քրեական գործ է հարուցվել: Տպարանները տեսնելով, որ չեն կարող «մարսել», մեջ են բերել «կեղծ հեղինակ» վարկածը, իբրեւ քարտեզների «հեղինակը» ԿԳ նախարարության ԿԱԻ-ի աշխատակիցն է:
Հետաքրքիրը նաեւ այն է, որ արտատպման համար սկան անելուց ֆիզիկական, քաղաքական, կլիմայական եւ բնական զոնաների քարտեզների վերնագրերը խառնվել են իրար, մասնավորապես, «Ավստրալիա» վերնագրի փոխարեն գրված է «Անտարկտիդա» եւ՝ հակառակը եւ այլն: Սրանց վերաբերյալ տասնյակ հազարավոր աշակերտներ պետք է հարցեր տան ուսուցչին: Ավելի ճիշտ չէ՞, որ այդ հարցերը ուղղվեն «կեղծ հեղինակին», որն այդ քարտեզների արտատպողների իբրեւ պատվերն է կատարել՝ մի քանի հազար դրամի փոխարեն թուք ու մուր ուտելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա, եթե չհաշվենք՝ հանցագործությունը:
ԿԳ նախարարությունն անտարբեր է, որ այսպիսի սխալներով լեցուն, անորակ քարտեզները մուտք են գործել դպրոց: Նույնիսկ արվել է ավելին, որ այդ արտատպածների վրա հայտնված «կեղծ հեղինակի» անունով քարտեզները երաշխավորվել են ԿԳՍՄՆ-ի կողմից, իսկ իմ բարեփոխված բնօրինակները չեն երաշխավորվում: Արդյունքում՝ իշխանական լծակների միջոցով իմ քարտեզներին տիրացել են: Թեկուզեւ գաղտագողի, բայց եւ կատարված փորձաքննությունը հաստատեց, որ կատարվել է հեղինակային իրավունքի խախտում: Փորձաքննության վրա ծախսվել է 1 391 040 ՀՀ դրամ՝ 300 000 դրամի փոխարեն, չարաշահումներով գումարն իզուր մսխվել է։
2016-2017 թթ.-ից մինչեւ հիմա անարգել կերպով շարունակվում է կեղծված քարտեզների մեծաքանակ արտատպությունը եւ սպառումը, իսկ դա եւ նախաքննության պատկերը թույլ են տալիս եզրակացնելու, որ շահույթն օգտագործվում է քննությունը կոռուպցիոն ձեւով կատարվի, այլապես՝ արտատպության նկատմամբ արգելանք եւ առգրավում կկիրառվեր նախաքննության եւ դատաքննության ընթացքում: Եթե ժամանակին առգրավում կատարվեր տպարանում արտատպման հետ անմիջապես առնչվող առարկաների նկատմամբ, ապա արտատպումը մինչեւ օրս չէր կատարվի:
Տվյալ քրեական գործից անհայտացել է ամենակարեւոր ապացույցը հանդիսացող իմ ձեռագիր 18 էջանոց ցուցմունքը եւ խիստ թերի ձեւով կարճվել է գործի վարույթը: Անհայտացել են նաեւ բազմապիսի փաստաթղթեր: Քննչական գործողություններ են կատարվել գոյություն չունեցող ընթերակաների եւ գոյություն չունեցող որոշումների հիման վրա: 2-րդ անգամ նույն քննիչի կողմից գործը կարճվել է ՀԵՏԻՆ ԹՎՈՎ իրավական ոչ մի նորմի չպահպանումով:
5-րդ տարին է, որ գործը քրեական դատարանի վարույթում է: 2-րդ տարին է, որ դատարանը նիստերը պարբերաբար հետաձգում է՝ ժամանակ մեռցնելով: Դատարանը մերժում է արտատպողներին նիստին ներգրավելու եւ հարցաքննելու միջնորդությունը: Նրանց հետ բազմապիսի հարցեր կան պարզաբանելու, այդ թվում նաեւ այն, որ՝
1) Ո՞ւր են 2017թ. առգրավման ժամանակ փաթեթավորված եւ կնիքված՝ չօտարելու, չվաճառելու, չտեղափոխելու պայմանով Ի ՊԱՀ տրված 6-8 դասարանների համար նախատեսված մոտ 8000 հատ քարտեզները,
2) Ըստ 2019 թ. արձանագրությունների՝ տպարանում որտեղի՞ց են հայտնվել 9-րդ դասարանի չկնիքված 3000 հատ քարտեզները, եթե դրանք 2017 թ. չեն տրվել, որպես ի պահ,
3) Որտեղի՞ց են հայտնվել 2019 թ. տպարանում եւս արձանագրված չկնիքված փաթեթներով 3433 հատ քարտեզները:
Լուսնի՞ց են իջել…
Այս հարցերի պատասխանն ակնկալում եմ, եթե ոչ արտատպողներից, ապա՝ դատարանից՝ Արարատի մարզի դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանից եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանից: Իմ կարծիքով, նրանք շահագրգիռ չեն հեղինակային իրավունքը խախտող գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումների կայացմանը»:
«Առավոտի» իրավական էջ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2022