2015 թվականին հարուցված քրեական գործի շրջանակներում անհիմն կերպով կալանք է դրվել անհատ ձեռնարկատեր Վահան Սիմոնյանի ոսկյա եւ ադամանդյա զարդերի վրա՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Նշված գույքն օրենքի խախտմամբ պահատվության է հանձնվել ՀՀ Կենտրոնական բանկին մինչեւ քրեական գործի ավարտը: Քրեական գործի ավարտից անցել է շուրջ 2 տարի, սակայն ՀՀ Կենտրոնական բանկը հրաժարվում է վերադարձնել անհատ ձեռնարկատիրոջ գույքը՝ դրանով իսկ իր մասնակցությունն ունենալով անձին ապօրինաբար սեփականությունից զրկելու հակաօրինական գործողությանը:
Նշենք նաեւ, որ այդ գույքը որեւէ առնչություն չունի հանցագործության հետ եւ գույքի վրա կալանքը դրվել է ապօրինաբար՝ գույքի բռնագանձումը եւ քաղաքացիական հայցն ապահովելու նկատառումներից ելնելով, սակայն Սիմոնյանի վերաբերյալ գույքի բռնագանձման պարտավորություն առկա չէ, ինչպես նաեւ քաղաքացիական հայց չի հարուցվել:
Անդրադառնալով քրեական գործի նախաքննության փուլին՝ նշենք, որ նախկին ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի որոշմամբ Վահան Սիմոնյանի ամբողջ գույքի վրա՝ երկու անշարժ գույք, մեկ ավտոմեքենա եւ շուրջ 6 մլն դրամի ոսկեղեն, կալանք է դրվում՝ հետագայում դատական ծախսի հատուցման համար, ինչը հանդիսանում է քրեադատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Ոսկեղենը քննիչ Հակոբյանի որոշմամբ ի պահ է տրվում ՀՀ ԿԲ-ին:
Կարդացեք նաև
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործարար Վահան Սիմոնյանը դիմում է բանկի նախագահին՝ հայտնելով, որ իր գույքը անհրաժեշտ է վերադարձնել, քանի որ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Սակայն Կենտրոնական բանկի ներկայացուցիչը գրությամբ պատասխանում է. «Քրեական գործով դատական ծախսերի բռնագանձման եւ իրեղեն ապացույցների հարցերը թողնվել է ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի լուծմանը…»:
Նույն գրությամբ ԿԲ-ն պատասխանել է, որ իրեղեն ապացույցները, այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործը կարճելու մասին որոշմամբ: Այս հիմնավորմամբ ԿԲ-ն մերժել է վերադարձնել գործարարի գույքը:
Վահան Սիմոնյանի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այն գույքը, որի վրա կալանք է դրվել, հանդիսանում է վաճառքի ենթակա գույք, այդ գույքը վերացվել է ոսկու շուկայի վաճառասեղանից եւ որեւէ կապ չունի քրեական գործի հետ, այդ թվում գողացված ոսկու ձուլակտորների հետ: Դրանք հանդիսանում են ոսկյա եւ ադամանդյա զարդեր, որոնք նախատեսված են եղել վաճառքի համար եւ դրանց անօրինական կալանադրման եւ չվերադարձման արդյունքում անհատ ձեռնարկատերը սնանկացել է եւ ստիպված է եղել դադարեցնելու իր ձեռնարկատիրական գործունեությունը, այսինքն, խախտվել է վերջինիս սեփականության իրավունքը:
«Այժմ ունենք մի իրավական կազուս: Ունենք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ՝ անջատված քրեական գործի մասով, սակայն չենք կարողանում հետ ստանալ այն գույքն ու ոսկյա զարդերը, որոնց վաճառքի դեպքում իմ վստահորդին կարող էին բերել եկամուտ եւ ապահովել նրա ու նրա ընտանիքի անդամների բարեկեցությունը: Այդ ոսկյա զարդերի հետ չվերադարձնելու պարագայում իմ վստահորդը դադարեցրել է իր գործունեությունը, հետեւաբար պետությունը եւս վնասներ է կրել՝ զրկվելով անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարվող հարկերից: Նման իրավական կազուսի պատճառով մեր պետությունն անուղղակի կամ ուղղակի ազդում է գործարարության վրա: Իսկ Կենտրոնական բանկը, ապօրինաբար ինչպես ընդունելով կալանադրված գույքը, այնպես էլ հրաժարվելով վերադարձնել գույքը, փաստացի խոչընդոտում է արդարադատության իրականացմանը՝ խախտելով Սահմանադրությամբ արձանագրված մարդու հիմնարար ազատությունները»,-նշեց Կարեն Հովհաննիսյանը:
«Առավոտի» իրավական էջ
Ա-Առհասարակ, հետաքրքիր կլիներ բանկի մեկնաբանությունը՝ ի պահ տրված գույքերի հետ կապված գործերով, իրեղեն ապացույցների վերադարձման կարգի մասին:
«Առավոտ» օրաթերթ
11.02.2022