Հարցազրույց ճանաչված օպերային ռեժիսոր Իռկին Գաբիտովի հետ
– Մաեստրո, սա ձեր երկրորդ այցն է Հայաստան։ 2005-ին բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ իրականացրիք Ռախմանինովի «Ալեկո» օպերային բեմադրությունը, հիմա թատրոնի տնօրինության հրավերով Երեւանում եք՝ վերականգնելու այն, եւ եթե մեր տեղեկությունները ճիշտ են, նաեւ բեմադրելու Վերդիի «Տրավիատան»։ Մի բան անհասկանալի է, քանի որ «Ալեկո» մեկ գործողությամբ օպերայի հետ սովորաբար լինում են մեկ գործողությամբ բալետային կամ օպերային ներկայացումներ… Հա, մի բան էլ՝ արդեն քանի օր է՝ թատրոնում իրականացնում եք մեներգիչների լսումներ «Ալեկոյի» համար, մինչդեռ դուք հիանալի գիտեք մեր ձայները։
– Միանգամից ասեմ, որ «Ալեկոն» եւ «Տրավիատան» բեմ կբարձրանան ամռանը, իսկ մեկ գործողությամբ «Ալեկոյի» հետ կբեմադրվի Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» մեկ գործողությամբ բալետը, որը, եթե ճիշտ եմ հիշում, կիրականացնի ձեր բալետմայստերներից Ռուբեն Մուրադյանը։ Ես ծանոթ եմ Երեւանի օպերային թատրոնի հիանալի ձայներին, որոնցից ոմանք ի՜նչ կարիերա են անում ամենանշանավոր թատրոններում, բայց հաշվի առեք, որ 2005-ից մինչ օրս անցել է ավելի քան 10 տարի եւ սերնդափոխություն է եղել։ Տեսեք՝ առաջին այցիս ժամանակ ես կասեի համաշխարհային ճանաչում ստացած բարիտոն Գեւորգ Հակոբյանը ծառայում էր բանակում, ժամով էր գալիս փորձերին։ Հիմա տեսեք՝ ուր է հասել… Այս պահին նա Բարսելոնայում է, հրավիրված է մասնակցելու Չայկովսկու «Պիկովայա դամա» ներկայացմանը եւ այլն, եւ այլն։ Մի բան պետք է ընդմիշտ հասկանալ. ամենագեղեցիկ տեմբրով, ընտիր, անկրկնելի երգչական ձայնը հինգ րոպե լսելուց հետո կարող է ձանձրացնել, եթե չկա կերպար, չկա խաղ եւ այլն։ Կրկնում եմ՝ հիմա էլ ունեք հիանալի ձայներ, նրանց հետ պետք է պարապի ոչ միայն կոնցերտմայստերը կամ քոոչը, այլեւ ռեժիսորը։ Տեքստը, որ գրված է դերերգում, պետք է տեղ հասնի ժեստերի, միմիկայի, ինչու ոչ՝ ձայնի միջոցով եւս։ Հիմա գանք «Տրավիատային»։ 2005-ին երբ Երեւանում էի Գեղամ Գրիգորյանի հրավերով՝ բեմադրելու «Ալեկոն» եւ Չայկովսկու «Իոլանտան», կարճ ասեմ՝ ձեր հանրապետությունը լավ օրեր չէր ապրում ֆինանսական առումով, դրա համար մենք իրականացրինք միայն «Ալեկոն»։ Իսկ Գեղամը ինձ համար զուտ աշխարհահռչակ տենոր չէ, նա իմ եղբայրն է։ Այս օրերին այցելել եմ նրա շիրմին։ Մենք ավելի քան 20 տարի բարեկամություն ենք արել, միասին մտահղացումներ իրականացրել։ Ինչ վերաբերում է 2001-ին իր բեմադրած «Տրավիատային», ես պատրաստ եմ ամեն ինչ անել ներկայացումը վերականգնելու համար։ Հայտարարում եմ՝ ինձ պետք չէ անունս երեւա հայտագրում, հավատացնում եմ՝ կապիտալ նորոգում կանեմ՝ ի հիշատակ եղբորս։ Թեեւ դա ինձ չի վերաբերում, բայց կուզեի, որ հայտագրում նշվեր Գեղամ Գրիգորյան անունը։
– Թույլ տվեք նկատել, որ ձեր բախտը բերել է ոչ միայն արվեստագետ ընկերների, այլեւ կարիերայի առումով։ Կարճ ժամանակ աշխատելով Ղազախստանի օպերայի եւ բալետի թատրոնում, 1988-ից հրավիրվել եք Մարիինյան եւ Ռուսաստանի այլ հեղինակավոր թատրոններ։ Ձեր բեմադրած աշխատանքներն այնքան շատ են, որ հնարավոր չէ այդ ցանկից ընտրել մեկ-երկուսը։ Բայց ռուսաստանյան մամուլից տեղեկացել ենք, որ Մարիինյանի բեմում ձեր ռեժիսուրայով կամ որպես ռեժիսորի ասիստենտ իրականացրած «Պատերազմ եւ խաղաղությունը» 2000թ. մեծ արձագանք է ունեցել, այն աստիճան, որ 2002-ին այն ներկայացվել է Մետրոպոլիտեն թատրոնում…
– Իրավացի եք։ Մեծանուն երաժիշտների հետ համագործակցելու առումով բախտս բերել է։ Բայց ձեր թատրոնի բախտն էլ է բերել. ասեմ, իմացեք։ Այսօր այն ղեկավարում է մաեստրո Դուրգարյանը, որի հետ համատեղ ոչ միայն «Ալեկո» ենք բեմադրել Երեւանում, այլեւ ռուսաստանյան թատրոններում՝ «Պարահանդես-դիմակահանդես», «Ռիգոլետո», «Պայացներ» եւ այլն։
– Մաեստրո, հասկանալի է, թե գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատող արվեստագետի համար ինչ կրակ ու պատիժ է պանդեմիան…
– Միանշանակ այո։ Բայց սկզբնական ծանր ժամանակներում, երբ փակ էին թատրոնները, միեւնույն է՝ ես գտնում էի ելք եւ իրականացրել եմ տարբեր բեմադրություններ, այդ թվում՝ «Տոսկա», «Իոլանտա», ձեր նշած «Պայացները», «Պարահանդես-դիմակահանդես»… Երեւանից հետո շտապելու եմ Չելյաբինսկ՝ Վերդիի «Աիդան» նախաձեռնելու նպատակով։
– Թույլ տվեք կատակել՝ բացառվում է, չէ՞, մոռանաք Երեւանի օպերային թատրոնը…
– Միանշանակ այո (ժպտում է)։ Ես այստեղ ունեմ Գեղամ Գրիգորյան, Կարեն Դուրգարյան, Գեւորգ Հակոբյան եւ էլի շատերին։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.02.2022