Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազանչյանական մեկնաբանումը՝ գոգոլյան շնչով

Փետրվար 12,2022 12:30

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր տաղանդավոր ռեժիսոր-հեղինակները, որոնք ներկայացնում են թե՛ իրենց ժամանակաշրջանի դեմքը, թե՛ դուրս գալով սահմանված ժամանակից՝ թեւակոխում են նոր դարաշրջան: Այդպիսի ռեժիսորները մարդկային փոխհարաբերությունների խաչաձեւումն ու դրանցից բխող կյանքի պատկերումը դարձնում են բոլոր ժամանակների հայելին: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արդեն մի քանի տարի է՝ ներկայացվում է Նիկոլայ Գոգոլի «Ռեւիզոր» կատակերգությունը (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Պատահական չէր բեմադրիչի ընտրությունը՝  անդրադառնալ այս ստեղծագործությանը, որովհետեւ որքան էլ փոխվել են ժամանակները, մարդիկ ու նրանց փոխհարաբերությունները, միեւնույն է, պիեսում ընդգրկված կերպարների ներքին հոգեբանական ապրումներն ու արատավոր վարքագծերը առկա են բոլոր ժամանակներում:

Վարագույրը բացվելուն պես, բեմի կենտրոնական հատվածում երեւում է ակումբային (կաբարե) փոքրիկ բեմահարթակը՝ վարագույրով ծածկված, իսկ բեմի աջակողմյան հատվածում դրված է սեղանը, որի վրա խաղաքարտեր են ու ալկոհոլային խմիչքներ: Քաղաքապետ Անտոն Անտոնովիչ – Ավո Խալաթյանի գլխավորությամբ, սեղանի շուրջ նստած են քաղաքի նշանավոր դեմքերը: Կերպարները, որոնք ներկայացնում են քաղաքը, որոնց ուսերին դրված են պարտականություններ՝ հոգ տանել ժողովրդի մասին եւ վերջիններիս հուզող հարցերին տալ սպառիչ պատասխաններ՝ գործի տեսքով: Սակայն ներկայացման ամենասկզբում արդեն պարզ է դառնում, թե նրանք իրենցից ինչ են ներկայացնում:

Հ. Ղազանչյանը քաղաքապետի կերպարը վստահելով երիտասարդ դերասան Ա. Խալաթյանին՝ փորձեց ներկայացնել մարդկային համընդհանուր արատները կրող մարդկանց՝ անկախ տարիքից: Ծխով խեղդված, ակումբային մթնոլորտում, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր պետական գործչի անազնիվ ու ստահակ տեսակը: Բոլոր պաշտոնյաները Անտոն Անտոնովիչ – Ա. Խալաթյանի գլխավորությամբ, հագնված էին նույն կերպ՝ սեւ կոստյում եւ կարմիր փողկապ: Ղազանչյանական մտահղացման համաձայն նրանք բոլորը ներկայացել էին մեկ դեմքով՝ առանց բացառության: Նրանք գտնվում էին նույն ափսեում, գործում էին ինչպես մեկ մարդ, չունենալով սեփական ես, կարծիք եւ անհատական զգացումներ: Ռեժիսոր Հ. Ղազանչյանը հերոսներին ներկայացրել էր ժամանակակից հագուստով՝ դուրս գալով գոգոլյան ժամանակաշրջանի կենցաղից: Կոտրելով պատմականության սկզբունքը, բեմադրիչը գերադասել էր առաջին պլան մղել ոչ թե հեղինակի ժամանակին բնորոշ առօրյան, այլ ներկայացնել մարդկային համընդհանուր ու անփոփոխ տեսակը:

Ինչպես նկատելի էր ղազանչյանական անսպասելի մոտեցումը Անտոն Անտոնովիչ – Ա. Խալաթյանի ընտրության հարցում, այն իր շարունակությունն է ստանում Խլեստակով – Հարութ Մելիք-Բեկյանի պարագայում: Ռեժիսոր Հ. Ղազանչյանը երիտասարդ դերասանին վստահեց այս կերպարի մեկնաբանությունը: Ինչ խոսք, այս քայլը ռիսկային էր թե՛ բեմադրիչի եւ թե՛ մեծ բեմում իր առաջին քայլերն անող դերասանի համար: Կարծրատիպերից խուսափող բեմադրիչը անվարան կերպով բեմում ներկայացրեց փոքրամարմին երիտասարդին:

Խլեստակով – Հ. Մելիք-Բեկյանի հանդերձանքը սպիտակ կոստյում էր: Այս կերպ վերջինս տարբերվում էր քաղաքի նշանավոր անձանց ամբոխում: Սակայն դժվար է համաձայնել այն մտքի հետ, որ Խլեստակով – Հ. Մելիք-Բեկյանի հագուստի գունային առանձնացումը նպատակ ուներ վերջինիս ներկայացնելու դրական լույսի ներքո: Հ. Ղազանչյանը հերոսներին չի բաժանում դրական ու բացասական կերպարների, այլ որպես կյանքի արտացոլանք՝ նրանց բոլորին ներկայացնում է նույն հարթության վրա, նույն գորշ ու արատավոր իրականության մեջ: Խլեստակով – Հ. Մելիք-Բեկյանի գործողություններն անվստահ էին, ինչը պարզ երեւում էր մոլորված հայացքից:

Վերջինս պատահաբար հայտնվել էր այլ կարգավիճակում եւ հազիվ էր կարողանում ընկալել անհավանական իրականությունը: Որքան էլ փորձում էր ներկայանալ այն, ինչն իրականում երազանք անգամ լինել չէր կարող, թե՛ խոսքում, թե՛ քայլվածքում եւ թե՛ շարժումներում ակնհայտ զգացվում էր անհամոզչություն: Անտոն Անտոնովիչ – Ա. Խալաթյանի կինը՝ Աննա Անդրեեւնա – Անի Քոչարյանը ներկայանում է քաղքենի նկրտումներով, որպես բարձրաշխարհիկ տիկին՝ շինծու շարժուձեւով եւ շքեղ հանդերձանքով: Արտահայտիչ շպարն ու ձայնի կրքոտ ելեւէջների արտաբերումը Աննա Անդրեեւնա – Ա. Քոչարյանին ներկայացնում են որպես քաղքենի տիկնոջ: Նրա փայլի ու առաջադեմ երեւալու ցանկության հիմքում գորշ ու անհետաքրքիր կյանքի պատկերն է: Որպես շարունակություն նման արժեքային համակարգի կրող տիկնոջ, ներկայանում է նաեւ նրա դուստրը՝ Մարիա Անտոնովնա – Մարիամ Ղազանչյանը: Դերասանուհին բեմ է դուրս գալիս ժամանակակից հագուստով՝ պատռված տաբատով ու վերջին մոդելի iPhone բջջային հեռախոսով:

Այս հանգամանքով ռեժիսոր Հ. Ղազանչյանը փորձել էր համեմատել գոգոլյան ժամանակաշրջանն ու մերօրյա իրականությունը: Դերասանախումբը գտնվում էր նույն ափսեում, նայում էր նույն ուղղությամբ եւ յուրաքանչյուր քայլ կատարում էր կյանքային անարդարությունները լիարժեք ընկալած: «Ռեւիզոր» կատակերգությունը բոլոր ժամանակների արատավոր բարքերի պատկերն է, որովհետեւ այն իրադրություններն ու մարդկային փոխհարաբերությունները, որոնք ներկայացված են ստեղծագործությունում, դուրս գալով տվյալ ժամանակից՝ դառնում են վերաժամանակային:  Ղազանչյանական հերոսները գտնվում էին նույն հարթության վրա, նույն գորշ ու մռայլ իրականության մեջ: Նրանց ստեղծած իրականությունում լույսն ու ջերմությունը աննկատ էին: Նկատելի էր միայն քծնանքն ու նախանձը, շահախնդրությունն ու բարոյականության ոտնահարումը՝ փողի գերիշխության ներքո:

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ

Թատերագետ, դրամատուրգ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28