Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահի հրամանը հարուցել է մաքսային ձեւակերպումների մասնագետների զայրույթը

Փետրվար 12,2022 14:30

Համարում են, որ այդ հրամանը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մի հրաման է արձակել, որը հարուցել է մաքսային ներկայացուցիչ հանդիսացող կազմակերպությունների եւ նրանց աշխատակիցների դժգոհությունը: Մաքսային ձեւակերպումների մասնագետները՝ ժողովրդի լեզվով ասած՝ մաքսային բրոքերները, գտնում են, որ ՊԵԿ-ի նախագահի հրամանի մի կետը օրենքին հակասում է եւ շատ վատթար պայմաններ է ստեղծում իրենց համար: Այդ առիթով «Առավոտին» են դիմել այս ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչներ՝ նշելով, որ փետրվարի 10-ից, համաձայն նախարարի հրամանի, պետք է դիմեն վերապատրաստման համար, որը կտեւի մինչեւ ապրիլի վերջ: Նրանց խոսքով՝ ովքեր կանցնեն  վերապատրաստումը կարող են շարունակել աշխատել, ովքեր ոչ՝ նրանց տրված վկայականը 6 ամիս անց կդադարի գործել՝ անկախ այն բանից, որ 3 տարվա ընթացքում վերապատրաստվել են, քննություն են հանձնել եւ ստացել են դրական գնահատական, որը հնարավորություն է տվել շարունակելու գործունեությունը:

Ըստ մեր զրուցակիցների, մաքսային ձեւակերպումների մասնագետները ՊԵԿ-ի սահմանած կարգով քննություններ են հանձնում, ստանում են վկայականներ, որոնք անժամկետ են, բայց օրենքի մեջ կա պայման. առնվազն երեք տարին մեկ անգամ պետք է վերապատրաստվեն եւ թեստ հանձնեն: Բացասական գնահատականի արդյունքում նրանք զրկվում են վկայականից, ինչը, ըստ նրանց, միանգամայն օրինական պահանջ է: Սակայն այս հրամանի պարագայում պահանջն օրինական չէ: Նրանք մատնանշում են օրենքի այն պահանջները, որով սահմանված են մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու հիմքերը։ Մասնավորապես՝ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`հաստատվում է մաքսային ձեւակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը, կամ օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձեւակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը, մաքսային մասնագետը ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց վերաբերող պետական, առեւտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, կամ՝ մաքսային ձեւակերպումների մասնագետը մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ ենթարկվել է պատասխանատվության` մաքսային վճարների թերի հաշվարկմանը ու վճարմանը կամ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը հանգեցնող մաքսային կանոնների խախտման համար եւ այլն:

Մաքսային ձեւակերպումների մասնագետների խոսքով, այսինքն՝ կոմիտեն կարող է որակավորման վկայականի գործողությունը դադարեցնել վկայականն ստանալուց կամ նախորդ վերապատրաստումից 3 տարի հետո, եթե մաքսային ձեւակերպումների մասնագետն այդ ընթացքում չի վերապատրաստվել կամ վերապատրաստվելուց հետո ստացել է բացասական արդյունք։

Նրանք վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը նշում են՝ «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Հետեւաբար, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թ. հունվարի 26-ի «Մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման, վերապատրաստման անցկացման կարգերը հաստատելու եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի N 354-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանի 4-րդ կետը հակասում է Սահմանադրությանը եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ պետք է անվավեր ճանաչվի՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի»։

Մեր զրուցակիցների խոսքով, հրամանը Կոմիտեի նախագահը պատճառաբանում է անորակ մասնագետների հանգամանքով:

Բայց, ըստ նրանց, անորակ քննություններն են պատճառը, որ այդպիսի մասնագետները վկայականներ են ստանում:

«Տարին 12 ամիս հրամանով հանձնաժողով է ստեղծվում, ամիսը մեկ անգամ քննություն են տալիս, մարդկանց վկայականներ են տալիս: Անորակ քննություն է, քանի որ որեւէ հարց չեն տալիս, կես ժամ կարդում են, անգիր են անում, գնում՝ թեստը հանձնում են: Այսինքն՝ տարին 12 ամիս անորակ մասնագետներ են թողարկել: Կազմակերպության տնօրենները քննությանը հո չե՞ն վստահում, որակաորված մասնագետներ են ընդունում աշխատանքի, բացի այդ, տեղում էլ ամեն օր վերապատրաստում են: Դուք ո՞ւմ եք մեղադրում անորակության համար»,-նշում են մեր զրուցակիցները:

Նրանց խոսքով, այս խնդիրն, ամենահամեստ հաշվարկներով, այսօր առնչվում է 500 մարդու՝ ողջ հանրապետությունում: Նրանց խոսքով կան մասնագետներ, որոնք ապրում են Վանաձորում, Սիսիանում, Մեղրիում, սահմանամերձ գոտիներում եւ այլն. «Ենթադրենք հրամանն օրինական է, պատկերացնո՞ւմ եք ոնց պետք է մանկահասակ խնամող մայրը Մեղրիից գա վերապատրաստման, որը նոր է երեխան ունեցել, կերակրում է, տնից էլ աշխատում է եւ մի քանի ամսից գալու է աշխատանքի, բայց, երեխա է ունեցել եւ հացից կտրվել է: Կամ՝ ես ուզում եմ վերապատրաստվել, բայց հիվանդացա, քովիդի ծանր շրջան է, ու չգնացի դասի, քննությունից կտրվեցի ի՞նչ է լինելու»,-ասում են մաքսային ձեւակերպումների ներկայացուցիչները՝ նշելով, որ մարդու իրավունքի տեսանկյունից էլ հրամանը խնդրահարույց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ.Գ. Այս հարցի շուրջ պատրաստ ենք լսել նաեւ ՊԵԿ-ի պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ
11.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28