Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյանը հաստատում է Կարեն Անդրեասյանի խոսքը՝ դատավորների վրա ճնշումներ կան նաեւ ընդդիմության կողմից

Փետրվար 11,2022 23:13

«Դատական համակարգը ինքը իր ներկայացուցիչների նկատմամբ շատ հանդուրժող է գտնվում ներսում ի սկզբանե, որի արդյունքում շատերը տուժում են՝ հենց նույն համայնքի ներկայացուցչները: Գործընկերներիս հորդորում եմ մտածենք, փորձենք հասկանալ՝ էլ ի՞նչ նոր մեխանիզմներ կարող ենք կիրառել, որ իրավիճակը լուծում ստանա: Դատական օրենսգրքի վերջին փոփոխությունները ցույց են տալիս, որ ավելի հեշտ է լինելու դատավորներին պատժել, բայց՝ գործադիր իշխանության ցանկության պարագայում, այլ ոչ թե հենց դատական համակարգի»,- այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն այսպես հակադարձեց ԲԴԽ-ի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին, երբ վերջինս փորձում էր համոզել, որ դատական համակարգը ինքնամաքրվում էր:

Վարդազարյանը պատասխանեց. «Պարոն Գեւորգյան, դուք ինձ նոր ոնց որ թե մեղադրեցիք սուտ ասելու մեջ, հա՞: Ես միանշանակ ասում եմ, որ եղել են դեպքեր, երբ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի միջնորդությունները մերժվել են ե՛ւ նախորդ կազմով ԲԴԽ խորհրդում ե՛ւ այս կազմով: Միանշանակ, ավելի շատ մերժվել է, քան թե բավարարվել»:

Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ-ում փորձագետ ընտրված Մարինա Պողոսյանին. «Բազմաթիվ անգամներ քննադատական խոսքեր են հնչել իմ անձի նկատմամբ տիկին Պողոսյանի կողմից, անհիմն մեղադրանքներ, վիրավորական արտահայտություններ: 2 անգամ տիկին Պողոսյանը եղել է ԲԴԽ-ում եւ իր մտահոգություններն է հայտնել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կան ըստ իրեն դատական իշխանությունում: Իմ պաշտոնավարման ժամանակ դատավորների հարցազրույցին որեւէ ՀԿ ներկայացուցիչ չի մասնակցել…Մարինա Պողոսյանի հետ կապված խնդիր տեսնում եմ, բայց քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության հետ խնդիր չեմ տեսնում: Մարինա Պողոսյանը այնքան շատ է արձագանքել դատական իշխանությանը պատեհ-անպատեհ առիթներով, նույնիսկ վիրավորական արտահայտություններ է արել, որ իմ կարծիքով ինքը պետք է չուզենար գալ, մտնել այս դաշտ»:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասել էր, որ դատավորների վրա ճնշումներ են գործադրվում հատկապես ընդդիմության կողմից: Այս առնչությամբ Ռուբեն Վարդազարյանը հարցին՝ դուք ընդդիմության կողմից դատավորների նկատմամբ ճնշումներ նկատո՞ւմ եք՝ պատասխանեց. «Իհարկե, նկատում եմ: Ես ընդհանրապես դեմ եմ, որպեսզի դատական իշխանության վերաբերյալ կարծիք հայտնեն, իմ ասածը խնդրում եմ չքաղաքականացնել: Ես ինչքան իշխանությանն եմ ասում՝ հեռու մնացեք դատական համակարգից, թողեք աշխատեն, այնքան էլ ընդդիմությանը»: Ըստ նրա, դատավորը պետք է իր առջեւ դրած գործից ուրիշ ոչ մի բան հաշվի չառնի՝ ինչ ասաց վարչապետը, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, ինչ արձագանք կա փողոցում, դատարանի առջեւ հավաքված հանրահավաք անող ժողովրդի քանակը: Որեւէ հանգամանք չպետք է ազդի դատավորի վրա՝ արդարադատություն իրականացնելիս»:

Հարցին՝ ընդդիմությունն ի՞նչ լծակներ ունի՝ դատավորի արդարադատություն իրականացնելու վրա ազդելու՝ Վարդազարյանը պատասխանեց. «Այ որ ֆեյսբուքը բացում ես, սոցցանցերը բացում ես, տեսնում ես դատավորի հասցեին ինչ վիրավորական արտահայտություններ են անում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեւերը, այդ ամենը անթույլատրելի է: Գտնում եմ, որ ընդդիմությունը, կարծիք ստեղծելով էլ կարող է ճնշում գործադրել դատավորի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28