Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանի բացումն այս պահին կեղծ օրակարգ է․ կեղծ է պնդումը, թե առանց թուրքերի հնարավոր չէ»․ Վարուժան Գեղամյան

Փետրվար 11,2022 21:47

«Չկա որեւէ հաշվարկ, որն ընկած է Թուրքիայի հետ սահմանների բացման հիմքում։ Ինչո՞վ է հիմնավորված ՀՀ իշխանության ձգտումը սահմանները բացելու։ Չէ՞ որ դա ինքնանպատակ չէ»,-«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ մոլորություն է ասել, թե 21-րդ դարում փակ սահմաններ չեն լինում․ «Լինում են։ Աշխարհը հակված է տնտեսական պաշտպանության մեխանիզմներ ստեղծել՝ Շվեյցարիայից մինչեւ Աֆրիկա։ Կա՞ իշխանության ձեռքին որեւէ թուղթ կամ հիմնավորում, ըստ որի՝ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում ունենալու ենք այսքան տնտեսական աճ։ Չկա։ Ավելին՝ տեսնում ենք, որ անկախ հետազոտական  կենտրոնների տվյալներով՝ եթե ՀՀ-ն դեռ այն ժամանակ չունենար փակ սահման, ապա ՀՆԱ-ի աճը լավագույն դեպքում տարեկան մեկ տոկոս կլիներ։ Էլ չասեմ, թե դրա դիմաց ինչեր կարող էինք կորցնել»։

Ըստ փորձագետի՝ հանրությանը հրամցվում է կեղծ պատկերացում, թե թշնամանքը պետք է մի կողմ դնել, թե սահմանը բացելը լավ տարբերակ է․ «Իրանն ունի նույնաքանակ շուկա եւ ավելի կարճ ճանապարհներ մեր համար դեպի Չինաստան եւ Հնդկաստան։ Իրանը հայտարարել է, որ իր համար ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Հարց։ Գուցե մեր ողջ ջանքերը դնեինք սրա՞ վրա, եթե խնդիրը միայն տնտեսական է, այլ ոչ թե խոսեինք Թուրքիայի հետ սահմանի բացման մասին։ Այդ սահմանի բացումն այս պահին կեղծ օրակարգ է։ Կեղծ է պնդումը, թե առանց թուրքերի հնարավոր չէ»։

Վարուժան Գեղամյանը նշեց, որ այս ամենի հետ միաժամանակ՝ ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհն այլեւս առաջնահերթություն չէ քաղաքական տեքստերում․ «Իրանն այս հարցում շահագրգիռ է եւ դեսպանի մակարդակով անընդհատ ասում է, որ հյուսիս-հարավն իր համար առաջնահերթություն է։ Միջանցք կոչվածը Թուրքիային վերածում է տարածաշրջանային գերտերության։ Այն երկրները, որոնք դեմ են սրան, գործընկեր են ՀՀ-ի համար՝ Իրան, արաբական պետություններ,  որոնք ուղերձներ հղել են ՀՀ-ին այս առիթով։ Թուրքիայի նախագահը նախորդ տարի ասել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական որոշում է։ Ուրեմն, այս ամենը մեր համար պետք է ազդակ լիներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28