Ինչպես տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էր ԲԴԽ-ի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Նա որոշ փակագծեր բացեց, թե ինչպես իր լիազորությունները դադարեցվեցին ու ԲԴԽ նախագահ դարձավ Գագիկ Ջհանգիրյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրան հարցրեց՝ դուք, լինելով ԲԴԽ նախագահ, վստահաբար տեսնում էիք, որ պարոն Ջհանգիրյանն ինքն է ուզում լինել այդ պաշտոնում, հետո տեսաք, որ ձեր հանդեպ քրեական գործ հարուցվեց, դուք չէի՞ք կանխատեսում, ազդակներ այս ամեն ինչի վերաբերյալ ձեզ տալի՞ս էին, եթե չասեմ սպառնալիք:
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Երբ դեռ պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվում էր, չէր ընտրվել, ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ հրապարակային եւ ասել եմ՝ անձը, որի 65 տարին լրացել է, իրավունք չունի ընտրվել ԲԴԽ անդամ: ԲԴԽ անդամը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, իսկ դատավորը 65 տարեկանից այն կողմ չի կարող պաշտոնավարել: Պարոն Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, ես դրանից հետո չեմ անդրադարձել: Հարցը ուսումնասիրել եմ, նույնիսկ պատրաստել էի հայտարարություն, որովհետեւ երբ անձի 65 տարին լրանում է, ԲԴԽ-ն հայտարարությամբ դիմում է եւ նրա լիազորությունները դադարեցնում է՝ կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքում: Շատ իրավաբանների հետ եմ խորհրդակցել, օրենսդրական բաց կար այնտեղ ու այդ քայլին չեմ գնացել, որովհետեւ դա ապօրինություն կլիներ ԲԴԽ նախագահի կողմից: Ստացե՞լ եմ ազդակներ, թե՞ ոչ՝ այո, ստացել եմ: Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել, որ ցանկալի է ես հրաժարական տամ եւ ինքը աշխատի ԲԴԽ նախագահ: Շատ ազդակներ են եղել»:
Ռուբեն Վարդազարյանը հորդորեց այս ամենը մեկ փաթեթի մեջ տեսնել՝ դատարանները շրջափակելը, դատավորներին պիտակավորելը, դատավորների նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելը, մակագրման համակարգը առգրավելը, կարգապահական վարույթներ հարուցելը: Այս ամենի նպատակը, ըստ նրա, դատավորներին հնազանդ պահելն է ու թե ինչ գործիքներով է դա արվում՝ էական չէ:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն արձագանքեց. «Սա կարելի է դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում: Հասկանալի է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսը չի վերցրել ու անձամբ չի զանգահարել ձեզ ու հասկանալի է, որ այս մեսիջը պետք է փոխանցեր նա, ով ամենաշահագրգիռն էր ձեր հեռանալու հարցում ու հիմա արդեն ունենք փաստ, որ այդ մարդը Գագիկ Ջհանգիրյանն էր: Մեղմ ձեւակերպում տվեցիք՝ ցանկալի է, որ դուք հեռանաք: Ի՞նչ է հաջորդել այդ՝ «ցանկալի է, որ հեռանաք» ձեւակերպմանը, ինչո՞վ են ձեզ սպառնացել»:
Վարդազարյանն ասաց, որ եթե հանցագործության մասին հաղորդում է, իրավապահները թող զբաղվեն. «Ռուբեն Վարդազարյանը քաղաքական գործիչ չէ ու այն պահին, երբ հասկացան՝ ես չեմ կատարելու պատվեր, ես չեմ քաղաքականանալու երբեւիցե, այդ պահից սկսած ես դարձա ոչ հարմար մարդ: Ռուբեն Վարդազարյանը իրենց թշնամին չէ, Ռուբեն Վարդազարյանը չի արել մի բան, որի համար կարելի է նրան գամել անարգանքի սյունին: Ընդամենը ես ասել եմ, որ չեմ քաղաքականացվի ու թույլ չեմ տալու իմ միջոցով քաղաքական որոշումներ ստանալ: Դա է եղել պատճառը, որի համար ես այսօր ամբաստանյալ եմ՝ հորինված քրեական գործով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ