Այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկում էր կազմակերպվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ներկայացրեց հիմնական խնդիրները՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:
Քննարկմանը մասնակցում էր ԲԴԽ-ի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Հարցին՝ 2019-ից ԲԴԽ նախագահն եք, այդ ժամանակ նման ցանկություն չի՞ եղել, որ մակագրման համակարգը առգրավվի: Վարդազարյանը պատասխանեց, որ ինչ ներդրվել է համակարգը, փորձել է հասկանալ՝ արդյոք մի տեղից այն կառավարվո՞ւմ է, թե՞ չէ. «Մտածում էի՝ եթե ծրագիրը գրվել է մարդու կողմից, ուրեմն այդ ծրագրին միջամտելը նույնպես հնարավոր է մարդու կողմից, առնվազն՝ ծրագրավորողների: Բազմաթիվ անգամ փորձեր եմ արել՝ հասկանալու համար ու ինքս իմ մեջ համոզվեցի, որ արտաքին միջամտություն այդ համակարգի վրա անել հնարավոր չէ: Այդ համակարգին միջամտելը դարձավ քրեորեն հետապնդելի արարք»:
Նա ասաց, որ առնվազն 3 դեպք է հիշում, երբ իրավապահ մարմիները կասկածել են, որ այս կամ այն գործը մակագրվել է միջամտության արդյունքում, համակարգը փորձաքննության է ենթարկվել տեղում. «Մենք տրամադրել ենք այդ ծրագրի բանալիները, փորձագետները սերվերների մեջ փորձաքննություն են իրականացրել, այսինքն, այդ հարցերի պատասխանը շատ հեշտ էր ստանալ՝ առանց մակագրման համակարգի առգրավման»: Վարդազարյանը վստահեցրեց, որ եթե ինքը պաշտոնավարեր այդ օրերին, կընդդիմանար ու կփորձեր համոզել քննիչին, որ առանց առգրավվելու իրենց փորձաքննությունն անեին: Ի՞նչ նպատակ է հետապնդում մակագրման համակարգը առգրավվելը՝ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Ապահովել, որ որոշակի հնչեղություն ունեցող, կամ հետաքրքրություն ներկայացնող գործերը մակագրվեն որոշակի դատավորների, որոնց հետ նախապես եւ նախնական համաձայնություն է ձեռք բերվել՝ երաշխավորված այս կամ այն դատական ակտը ստանալ»:
Վարդեւանյանն ասաց, որ ներկայիս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, երբ Մարդու իրավունքների պաշտպան էր, քննադատում էր ձեռքով մակագրելու համակարգը, իսկ հիմա դարձել է նախարար ու էլ ձայն չի հանում: Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի, 2021 -ին արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 23 կարգապահական վարույթ: 2020-ին՝ 13, 2019-ին՝ 5: Վարդեւանյանն ասաց, որ 2020-ի նոյեմբեր ամսից մեծ ակտիվություն է նկատվում արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելու:
Կարդացեք նաև
Ռուբեն Վարդազարյանն արձագանքեց, որ այդ վիճակագրությունից ելնելով՝ կարգապահական վարույթներով ուզում են հնազանդ պահել դատական համակարգը, ստեղծել իրավիճակ, որ դատավորները ապրեն վախի մթնոլորտում ու դատական ակտեր կայացնելիս լինեն հնազանդ:
Հարցին՝ ձեզ գործադիրից միջամտություններ եղե՞լ են 2019-ին, ազդակներ եղե՞լ են, որ այս դատավորին պետք է պատժել, որ մյուսները վախենան՝ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Ոչ: Միգուցե ուղղակի խնդրանք կամ այլ միջամտություն չի եղել, բայց այն մթնոլորտը՝ իշխանական մամուլով տարածված ու ստեղծված մթնոլորտը ես համարում եմ, որ եղել է հանրային ճնշում ու շատ խելացի պետք չէ լինել, որ հասկանալ, թե ինչ է ակնկալում ու սպասում իշխանությունը ԲԴԽ-ից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ