«2018թ․-ն որպես ԱԺ նախագահի տեղակալ մեկնել եմ Անթալիա, մասնակցել համաժողովի ու Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ հայտարարել եմ, որ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը, եւ որ Արցախի անկախությանն այլընտրանք չկա։ Հիմա կտեսնենք, թե «դըմփ-դըմփ-հու»-ի ջատագովները գնան, ի՞նչ են խոսելու։ Թող հանրությունը համեմատի»,- «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի կազմակերպած՝ «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում բայրաքթարների տակ» խորագրով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանը Թուրքիայից հրավեր է ստացել մասնակցելու մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով հայ-թուրքական երկխոսության գործընթացը՝ Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության եւ ներկայիս իրականության միջեւ համեմատականներ անելը տգիտություն է եւ անբարոյականություն․ «Եթե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի միջոցով թաքուն ուղերձ է ուղարկել Էրդողանին, մուրացել հանդիպում, եւ մենք այդ մասին իմացել ենք Էրդողանից, ապա Սերժ Սարգսյանը ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ում՝ Մոսկվայից, հրապարակային դա ասել է։ Տարբերություն կա՞։ Կա։ Ֆուտբոլային դիվանագիտությունն ուներ միջնորդներ՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Շվեյցարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչներ։ Նրանք պաշտպանում էին մեր գործընթացը։ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ՀՀ-ն եւ Արցախը հաղթած էին։ Սերժ Սարգսյանը ցեղասպանության միջազգային ճանաչումը չէր գցում սփյուռքի ջեբը»։
Կարդացեք նաև
Շարմազանովը հավելեց․ «Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության գնդակն ավելի արժեքավոր էր, քան սրանք։ Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի ժամանակ Հիլարի Քլինթոնը մեջբերում էր Սերժ Սարգսյանին, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, իսկ սրանք մեջբերում են Ադրբեջանին եւ Թուրքիային։ Թուրքիան այն ժամանակ խոսում էր Արցախի մի քանի շրջան Ադրբեջանին հետ վերադարձնելու մասին, մինչդեռ սրանք հիմա ասում են, թե առանց նախապայմանների են բանակցում։ Իյա, իրո՞ք, էլ նախապայման եք թողե՞լ։ Յոթ շրջան տվել եք, Հադրութն ու Շուշին էլ՝ նվեր, բերել եք դրանց Սյունիք, ճանապարհ եք տվել»։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Թուրքիան սպառնալիք է․ «Այս եւ մեր իշխանության հայեցակարգային տարբերությունն այն է, որ մենք Թուրքիային համարում էին սպառնալիք, իսկ սրանք՝ լավ հարեւան, հիմա էլ խաղաղության դարաշրջան են ուզում բացել։ Նիկոլի քարոզած հաշտեցումը եւ հայ ժողովրդի պատկերացումները տարբեր են։ Հայը համարում է սպառնալիք, Նիկոլի կառավարությունը՝ հաշտեցում ուզող գործընկեր։ Այսօր բայրաքթարներով հայ տղաներին սպանած թուրքերի հետ հաշտեցումից խոսելը սրբապղծություն է եւ անարգանք Եռաբլուրի հանդեպ։ Ով ուզում է լինի՝ նախկին թե ներկա․ նրանք, ովքեր գտնում են, թե այս պայմաններում պետք է գնալ հաշտեցման, նրան պղծում են Եռաբլուրը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ