ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև
Փետրվարի 11-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բողոքի ակցիան:
Ակցիայի մասնակիցներն իրենց ընդվզումն արտահայտեցին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կազմաքանդմանը, խորացող բռնաճնշումներին և դատական իշխանության անկախությունը ոտնահարող կոպիտ միջամտություններին եվրոպական կառույցների դրսևորած անտարբերության, հաճախ նաև այս արատավոր երևույթներին ցուցաբերած խրախուսական քաղաքականության առնչությամբ։
«Հարգանքի տուրք Հայաստանում ժողովրդավարության հիշատակին» խորագրով ակցիայի մասնակիցները նաև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան չդատապարտելու, պատերազմական հանցագործությունների, այդ թվում քիմիական զենքի գործածության իրողությունը լռության մատնելու և մեր հազարավոր հայրենակիցների կյանքի իրավունքը ոտնահարելու փաստը չդատապարտելու կապակցությամբ։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ